ՀՅԴ-Ն ԴԺԳՈՀՈ՞ՒՄ Է «Ասոշիեյթեդ Փրես»-ը երեկ հաղորդել է, թե Վարշավայում Եվրախորհրդի անդամ երկրների գագաթաժողովի օրերին ակնկալվում է Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը: Եվրախորհրդի խոսնակ Քեն Ֆիսեկը ասել է, թե «ամենայն հավանականությամբ» տեղի կունենա հանդիպումը: ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ «Հայրենիքն» իր խմբագրականում արդեն իսկ որոշակի դժգոհություններ է արտահայտել այս հնարավոր հանդիպման առնչությամբ, որի նախապատրաստություն է գնահատել այն հանգամանքը, որ Քոչարյանն ու Էրդողանն իրար ձեռք էին սեղմել Մոսկվայում: «Այս ոչ-պատահական ձեռքսեղմումը արդէն կիսով չափ կը հաստատէ երկու ղեկավարներու հաւանական հանդիպումի մը մասին շրջող շշուկները»,- նշում է «Հայրենիքի» խմբագիր Խաժակ Մկրտչյանը «Ձեռքսեղմումը Նախապատրաստութի՞ւն Է» հոդվածում եւ ի սկզբանե գնահատում, թե այդ հանդիպումից սպասելիքներ կարող է ունենալ միայն թրքական կողմը: Եվ մասնավորապես՝ «Ամբողջ աշխարհին համար պարզ է, որ Էրտողան Հայաստանի ղեկավարէն պիտի պահանջէ Հայոց Ցեղասպանութեան պնդումները դուրս հանել հայ-թրքական յարաբերութիւններու շրջագիծէն»: Հստակ համարելով թուրքական պետության առաջ քաշած պահանջները՝ ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթը պաշտոնական Երեւանի դիրքորոշումը գնահատում է «անորոշ» որակմամբ՝ ենթադրելով, թե «Քոչարեանի կողմէ Էրտողանին առջեւ միակ հարցը որ պիտի դրուի՝ Երեւանի մէջ թրքական եւ Անգարայի մէջ հայկական դեսպանատուներու բացումն է։ Իսկ Էրտողան պիտի ընդունի առաջարկը՝ պայմանաւ, որ գործադրուին իր կողմէ յառաջ քաշուած նախապայմանները եւ հանդիպումը պիտի աւարտի առանց նկատելի յառաջխաղացք արձանագրելով։ Ուրեմն ինչո՞ւ հանդիպիլ»։ «Հայրենիքն» այլընտրանք է առաջարկում հայրենի իշխանությանը. «Եթէ պաշտօնական Երեւանի անորոշ կեցուածքին մէջ ճշգրտումներ կատարուեցան, ապա կրնայ օգտակար սկիզբ մը ըլլալ ոչ-պատահական ձեռքսեղմումը։ Եթէ չեղան այդ ճշգրտումները ու շարունակեցինք խօսիլ «յարաբերութիւններ առանց նախապայմաններու» անիմաստ ուղղութեան մասին, ապա Քոչարեան-Էրտողան հանդիպումը ոչ միայն Էրտողանին կը ծառայէ, այլ նաեւ կը հարուածէ հայոց հիմնական շահերուն»։ Ա. Ի.