Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»

Մայիս 14,2005 00:00

«ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ» Իջեւանցիներին կոչ արեց Ստեփան Դեմիրճյանը Իջեւանի ՀԺԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ ՀԺԿ ղեկավարության հանդիպումը իսկական պատուհաս էր դարձել Իջեւանի ոստիկանության աշխատակիցների եւ բուհերի ղեկավարության համար: Իջեւանցիների վկայությամբ, ինստիտուտների դեկանները առավոտից հերթապահում էին Մշակույթի տան մոտ (որտեղ պետք է կայանար հանդիպումը), որպեսզի իրենց ուսանողներին արգելեն դահլիճ մտնել, իսկ ոստիկանության աշխատակիցները երկու օր շարունակ շրջել են բոլոր այն բնակարաններում, որոնց բնակիչները ակնհայտ ընդդիմադիր հայացքներ ունեն, վախեցրել եւ համոզել էին, որ մարդիկ չգնան հանդիպման: Օգտագործվել էր նաեւ մեկ այլ միջոց՝ մարդկանց ասվում էր, որ հանդիպումը ոչ թե Ստեփան Դեմիրճյանի հետ է, այլ «անկապ մեկի»: Սակայն հանդիպումը երեկ ի վերջո կայացավ։ Մոտ 300 հոգիանոց դահլիճն այդպես էլ ամբողջությամբ չլցվեց: Եկածները հավաստիացնում էին, որ իրենց եւս խանգարել եւ վախեցրել էին, բայց եկել են: Մշակույթի տան մերձակայքում հավաքվել էին մի քանի տասնյակ ոստիկաններ։ Դահլիճում հիմնականում տղամարդիկ ու տարեց կանայք էին, որոնք իրար շարունակ հույս էին տալիս. «Այ ժողովուրդ, ինչի՞ց եք վախենում, մենք վախկոտ ժողովուրդ չենք»: ԱԺ պատգամավոր, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը մարդկանց համոզում էր. «Ազատ եւ անկաշկանդ ձեր ասելիքն ասեք, մենք ձեր կողքին ենք»: «Մալադեց»,- դահլիճից արձագանքեց մի կին: Իջեւանի ՀԺԿ տարածքային կազմակերպության քարտուղար Արթուր Մարդանյանը մարդկանց հարցնում էր. «Մինչեւ ե՞րբ ենք վախով իրար աչքերի նայելու»: ՀԺԿ քարտուղարը հարցնում էր. «Իսկ ումի՞ց եք վախենում, ի՞նչ ունի մեր ժողովուրդը կորցնելու»: Պարոն Հարությունյանը նաեւ խորհուրդ տվեց ոստիկաններին. «Տեսա՞ք, թե մենք ինչպես եկանք, դուք ո՞ւմ եք պաշտպանում, մեզ մեր ժողովրդից պաշտպանել պետք չէ, գնացեք ասեք, որ ժողովուրդը դուրս է գալու եւ այնպես է դուրս գալու, որ Ղրղըզստանին երանի են տալու: Բաժակն արդեն լցվել է»: Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց. «Այստեղ շարունակ հարցնում եք, թե ի՞նչ պետք է անել, սակայն նույն այս դահլիճում հնչեց նաեւ պատասխանը՝ պետք է միաբանվել: Շատ ճիշտ է, հարկավոր է միաբանվել: Ես բազմիցս նշել եմ, որ ՀԺԿ-ն միշտ եղել է, մնում է եւ կլինի համախմբող ուժ, եւ մենք ավելի պետք է ամրապնդենք ոչ միայն Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, այլ նաեւ «Արդարություն» դաշինքը: Դաշինքում նորմալ աշխատանքային մթնոլորտ է, եւ մենք գնալու ենք համախմբման ճանապարհով: Մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ դաշինքից դուրս գտնվող ուժերի հետ՝ հանուն մեր երկրում օրինական իշխանության հաստատման: Գիտեք, որ համագործակցում ենք նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության հետ եւ շատ հարցերում ունենք միասնական դիրքորոշում: Այնպես որ, ի՞նչ անել հարցի պատասխանը սա է՝ պետք է շարունակել պայքարը, պետք է շարունակել ավելի հետեւողական, ավելի համախմբված: Սա ամբողջ հասարակության գործն է, քաղաքական ուժերը պետք է առաջնորդեն այս պայքարը: Ոչ թե պետք է պասիվ դժգոհել, այլ՝ ակտիվ մասնակից լինել գործընթացներին: Սահմանադրական կարգի վերականգնումը, օրինական իշխանության հաստատումը նախապայման են մեր երկրի հետագա առաջընթացի: Առանց այդ հարցի լուծման, մնացածը պարզապես դատարկ խոսակցություններ են»: Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից. «Այստեղ հնչեցին նաեւ հոռետեսական ելույթներ. միանգամից ասեմ, որ մենք լավատեսորեն ենք նայում մեր երկրի ապագային: Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը ի վերջո հաղթելու է: Բայց նորից ուզում եմ ընդգծել՝ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ իրենից էլ ինչ-որ բան կախված է»: Իջեւանցիների հետ հանդիպումը տարբերվում էր մինչ այժմ եղածներից նախ նրանով, որ որեւէ այլ շրջանում մարդիկ այսքան վախեցած չէին։ Սակայն հեղափոխական տրամադրություններն այստեղ եւս կային, սակայն ոչ այնքան «ղրղզական» մակարդակով: Այս անգամ հնչեց նաեւ մեկ «իշխանամետ» ելույթ, որը սովորաբար այլ շրջաններում նման հանդիպումների ժամանակ չի լինում: Ելույթի հեղինակը դասախոս Սուրեն Օհանյանն էր, որը նաեւ Իջեւանի վետերանների խորհրդի նախագահն է: Նա ասաց, որ չի կարելի այս իշխանությունների միայն վատը տեսնել, քանի որ ճանապարհներ են կառուցվել, վետերաններին Հաղթանակի օրվա կապակցությամբ մեծարել են եւ այլն: Դահլիճը ակնհայտ դժգոհ էր այդ ելույթից, եւ տեղից մեկը ուղղակի հարցրեց. «Ընկեր Օհանյան, որ այստեղ այդքան լավ է, ինչո՞ւ են զավակներդ Ռուսաստանում, թոռանդ թշին կարոտ ես ապրում»: Ընկեր Օհանյանը ոչ մի կերպ չարձագանքեց այս հարցին: Իջեւանցիները դժգոհ էին նաեւ վերջերս այստեղ անցկացված քաղաքապետի ընտրություններից, ասվեց, որ դրանք ամենեւին էլ արդար չէին: Իջեւանի բնակիչ Սամվել Անտոնյանը նկատեց, որ մարդիկ իրոք դժգոհ են իշխանությունից, բայց նաեւ կաշկանդված են. «Այ ժողովուրդ, հերիք է այս ստրուկի հոգեբանությամբ ապրեք: Միեւնույն է, այս իշխանությունները գնալու են, առանց ձեզ, թե ձեզնով՝ գնալու են: Գնալու են, ու դուք էլի ըսենց խեղճ ու կրակ եք մնալու: Պարոն ոստիկաններ, բա անհարմար չե՞ք զգում, կարո՞ղ է հարյուր-հազարներով փող եք ստանում, դուք չե՞ք զգում ինչ է կատարվում, իհարկե զգում եք, դուք էլ եք դժգոհ, բոլորդ եք դժգոհ, եւ դրա համար ժողովուրդը պետք է միասնաբար կանգնի, ոչ մեկը մեզ համար չի անելու՝ ոչ Արեւմուտքն է անելու, ոչ Արեւելքը, դուք եք անելու, մենք ենք անելու»: Իջեւանցիներն ասում էին, որ աշխատատեղեր չկան, մարդիկ չեն կարողանում օրվա հաց վաստակել եւ երկիրը «հայաթափվում է, ի՞նչ են մտածում մեր իշխանավորները, ո՞ւմ է մնալու մեր Հայաստանը, մարդիկ գնում են, իսկ իրենք մտածում են իրենց գրպանների մասին»: Հանդիպման ամենահետաքրքիր մասերից մեկն էլ այն էր, որ նույն այդ հանդիպմանը հետեւող ոստիկաններից շատերը ՀԺԿ նախագահին տեսնելիս «պատիվ» էին տալիս: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել