Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 14,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնհինգերորդ

ԿԵՑՑԵ՜ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ահավոր հոգնած էինք ու մինչ կմտածեինք, թե որտեղ եւ ոնց պիտի քնենք, Մացոն մտավ իմ խուցն ու քիչ անց դուրս եկավ՝ հետը լիքը «Պրավդա» ու «Իզվեստիա» թերթեր խցիցս դուրս բերելով, ու երբ էդ թերթերը սկսեց փռել բեմի հատակին, ու երբ Վալերը հարցրեց՝ «էդ ի՞նչ ես անում», Մացոն ասաց. «Ձեր համար տեղաշոր եմ քցում»:

Մացոն արհեստանոցիս դարակներից հին լոզունգներ հանեց, էդ խունացած կարմիր կտորեղենը փռեց «Իզվեստիաների» ու «Պրավդաների» վրա ու ասաց. «Էս էլ ձեզ տեղաշոր: Կպառկեք էս կտորների վրա, շինելներդ էլ վերմակի տեղ կգցեք վրաներդ: Այսինքն՝ ես էլ հետներդ ըստեղ կպառկեմ»: «Բա դու կազարմա չես էթալո՞ւ, Մացո»,- հարցրեց Պարգեւը: «Կուզեմ կէթամ, կուզեմ՝ չէ. ես ըստեղ իմ գլխի տերն եմ»,- ասաց Մացոն: «Մացո՛, ասում ես՝ էս չաստում հեչ հայ չկա՞»,- հարցրեց Վալերը: «Նոյեմբերյանցի էրկու ջեւիկ ախպերներ կան՝ Գրիշն ու Էդոն, բայց իրանք արդեն համարյա ստարիկ են, հիմնականում իրանց պրիզիվի տղերքի հետ են շփվում»,- ասաց Մացոն: «Ուրիշ հայ չկա՞»,- հարցրեց Պարգեւը: «Մեկ էլ էս մեր Սաքոն ա՝ կամանդիրի շոֆերը, բայց Սաքոյի էրեսն էլ օրերով չեմ տենում, չնայած ինքը իմ պրիզիվից ա»,- ասաց Մացոն: «Փաստորեն, դու ըստեղ մենակ ես»,- ասաց Պարգեւը: «Հայերի իմաստով մենակ եմ»,- ասաց Մացոն: «Հո խաթրիդ կպնող չկա՞, Մացիկ ախպեր»,- հարցրեց Վալերը: «Մենակ էդ էր պակաս, որ խաթրիս կպնող ըլներ. մեկը որ խաթրիս կպնի, ինչ ա, տեղում տիրումեր կանեմ»,- ասաց Մացոն: «Այսինքն՝ ո՞նց»,- հարցրեց Վալերը: «Վալեր ջան, ըստեղի սաղ աֆիցերները հետս ախպեր են, սաղ ստարիկները հետս ախպոր պես են, ինչքան չըլնի՝ էս չաստի պովրն եմ, իրանց ոնց որ պետքն ա՝ նայում եմ, իրանք էլ, որ տեղը գալիս ա, թասիբիս կայնում են»: «Հեչ առիթ էղել ա՞, որ թասիբիդ կայնեն»,- հարցրեց Կիրովաբադցին: «Մենակ մի անգամ իմ պրիզիվից մի հատ չեչենի հետ իրար կպանք, բայց հետո իրան տիրումեր արի»,- ասաց Մացոն: «Ո՞նց»,- հարցրեց Կիրովաբադցին: «Սկզբում աձին-աձին իրար հագանք, ու ինքը, ճիշտ ա, ինձ մի հատ ավել խփեց, բայց հետո ստարիկները որ իմացել էին, էդ մեր պրիզիվի չեչենին հենց կազարմի մեջ տիրումեր էին արել»,- ասաց Մացոն: «Բա ստարիկները ո՞նց իմացան. դու իրանց ասեցի՞ր»,- հարցրեց Վալերը: «Չէ՛, ա՛յ Վալեր ջան, էդ ի՞նչ ես ասում, ես հոմ ղզիկ չե՞մ, որ իրանց ասեի. ուղղակի մեր էդ կռվի խաբարն իրանց էր հասել, ավելի ճիշտ՝ Շաբլովսկուն խաբար էին արել, որ Մացիկի խաթրին կպնող ա էղել, ինքն էլ կազարմի մեջ էդ չեչենին բռնել, տիրումեր էր արել»,- ասաց Մացոն: «Էդ Շաբլովսկին ստարիկների մեջի ամենաուժեղ տղեն ա, չէ՞, Մացո»,- հարցրեց Պարգեւը: «Դո՞ւ որդից իրան գիտես»,- զարմացավ Մացոն: «Սաքոն Նասոսնիում էդ Շաբլովսկու մասին պատմել ա»,- ասաց Վալերը: «Որ ինձ իմաց տվին, վազելով պոկվա կազարմա ու Շաբլովսկու ձեռից մեր պրիզիվի էդ չեչենին մի կերպ խլեցի. հենա-հենա՝ խեղդում էր,- ասաց Մացոն ու ավելացրեց.- ինչքան չըլնի՝ իմ պրիզիվից ա, վաղը մյուս օր իրար հետ աձին-աձին ենք մնալու, վաղը մյուս օր իրար հետ ենք դեմբելություն անելու»: «Դեմբիլությունը ո՞րն ա, Մացի՛կ»,- հարցրեց Վալերը: «Դեմբելը ստարիկն ա,- ասաց Մացոն.- ուրիշ չաստերում ստարիկ կամ ձեդ են ասում, բայց մեր մոտ դեմբել են ասում»: «Բա ո՞նց ա, որ էդ դեմբիլները թասիբիդ կայնում են»,- հարցրեց Վալերը: «Ոչ թե դեբիլ, այլ՝ դեմբել. դեմոբիլիզացիա բառից ա»,- ասաց Կիրովաբադցին: «Ո՞նց ասեմ, Վալեր ջան,- ասաց Մացոն,- պատահել ա՝ իրանց էլ եմ իմ էդ աֆիցերսկիում արաղով ու ամեն ինչով պատիվ տվել»: «Ի՞նչ աֆիցերսկի»,- հարցրեց Վալերը: «Էդ որ հաց կերանք, էդ աֆիցերսկի ճաշարանն էր,- ասաց Մացոն.- ես աֆիցերսկի պովրն եմ, սալդատների հետ վաբշե գործ չունեմ, Վալեր ջան»: «Մենք միշտ էդ ճաշարանում չե՞նք հաց ուտելու»,- զարմացավ Վալերը: «Իշտահդ քացախ,- ասաց Պարգեւը,- բա չտեսա՞ր, որ պադպալկովնիկն էլ էդ ճաշարանում հաց կերավ»: «Հա, ուրիշ վախտ Կարավանը որ աֆիցերսկիում սալդատ տենար, վրես շատ փիս կխոսար, բայց երեւի էսօր որ ձեր առաջին օրն էր՝ բան չասեց»,- ասաց Մացոն: «Կարավանը որ Արմոյի գրած լոզունգը տենա, մեզ վայ թե խորոված էլ պատիվ տա»,- ասաց Վալերը: «Ճիշտը որ ասեմ, Վալեր ջան, կյանքում առաջին անգամ եմ լոզունգ գրում»,- ասացի ես: «Չհավատալու բան ես ասում»,- զարմացավ Վալերը: «Ճիշտ ա, տեսել եմ ուրիշները ոնց են գրում, բայց իմ ձեռով առաջին անգամ եմ լոզունգ գրում»,- ասացի ես: «Հա՜, բա ո՜նց,- ինձ հեգնեց Կիրովաբադցին,- մեկ էլ տարելկա ու բալշոյ բառաբան ես առաջին անգամ խփում»: «Հորս արեւ, առաջին անգամ եմ խփում»,- ասացի ես: «Տղեն երդվում ա, էլի չես հավատո՞ւմ, ա՛յ Վալոդ»,- ասաց Վալերը: «Ես մուզիկանտ մարդ եմ, մասնագետ մարդ եմ, իմ մոտ երդում-մերդում չի անցնում»,- ասաց Կիրովաբադցին: «Չէղավ, Վալոդ ջան, Արմոյին նիզաշտո նեղացնում ես»,- ասաց Վալերը: «Արմո ջան, մենակ ճիշտն ասա՝ երաժշտական-բան չես գնացե՞լ»,- ինձ հարցրեց Կիրովաբադցին: «Սպենդիարովում էրկու տարի սովորել եմ»,- ասացի ես: «Տեսա՞ր, Վալեր»,- ոգեւորվեց Կիրովաբադցին: «Գնացքի մեջ ասել էի, երեւի մոռացել ես»,- ասացի ես: «Ես մենակ մեռնելուս վախտը չգիտեմ»,- ասաց Կիրովաբադցին: «Հա՛, բայց տարելկա ու բալշոյ բառաբան կյանքում չեմ խփել»,- արդարացա ես: «Փաստորեն էրկուսդ էլ ճիշտ եք»,- ասաց Վալերը: «Ա՛յ Վալեր, սխալ ու ճիշտ ջոկելու վախտ ե՞ս գտել»,- գոռաց Պարգեւը: «Քե՞զ ինչ էղավ, ա՛յ Պաքո»,- զարմացավ Վալերը: «Պարապ ե՞ք մնացել»,- ասաց Պարգեւը: «Չհասկացա»,- ասաց Վալերը: «Ես էլ ձե՛զ չեմ հասկանում,- ժամացույցին նայելով՝ ասաց Պարգեւը,- արդեն ժամը հինգն ա դառնում, վաղը շատ ծանր օր ա ըլնելու, գոնե էրկու ժամ քնենք»: «Բան չունեմ ասելու, Պաքո ջան, քնենք»,- ասաց Վալերը: «Վաղը շատ ծանր օր ա ըլնելու»,- ասաց Պարգեւը: «Սաղ օրերն էլ ծանր են ըլնելու, Պաքո ջան, ուրեմն՝ իրար հետ էրկու բառ իրավունք չունե՞նք խոսանք»,- ասաց Վալերը: «Խոսալուն էլ վախտ կա. գոնե էրկու ժամ քնենք-հանգստանանք»,- ասաց Պարգեւը: «Քնենք,- ասաց Վալերն ու գոռաց.-ատբո՜յ»: «Մի րոպե շարվեք, ըսենց սաղիդ միասին նկարեմ, հետո նոր կքնեք»,- բուշլատի գրպանից լուսանկարչական ապարատը հանելով՝ ասաց Մացոն: «Էս լույսի տակ նորմալ դուս կգա՞նք, Մացիկ»,- հարցրեց Վալերը: «Հա, ցերեկային լույս ա, մի բան դուս կգա»,- ասաց Մացոն: «Հա, մի հատ նկարվենք ու քնենք»,- ասաց Պարգեւը: «Ի՞նչ նկարվել, ա՛յ Պաքո, վաղը շատ ծանր օր ա սպասվում»,- ասաց Վալերը: «Հանաքի վախտ չի, Վալեր,- ասաց Պարգեւը,- շուտ նկարվենք ու քնենք»: «Վաղը որ նամակ գրենք, էս նկարը նամակի հետ կուղարկենք»,- ասաց Ազատանցին: «Վալոդ ջան, վաղը խոսք չեմ տալի, բայց վաղը չէ մյուս օրը նկարները հաստատ կտամ»,- ասաց Մացոն:

Մացոն մեզ մի քանի անգամ խմբով չխկացրեց, հետո ամեն մեկիս առանձին-առանձին լուսանկարեց, ու երկու օր անց ես իմ էդ երկու լուսանկարները նամակիս հետ ուղարկեցի տուն, ու մի տարի անց մայրս ինձ պատմեց, որ ազգուտակով մեր տանը հավաքվել ու էդ առաջին նամակս կարդացել էին եւ, իմ էդ առաջին երկու լուսանկարներս տեսնելով, մորս հույս էին տվել, որ բանակում վիճակս շատ էլ լավ է:

Մորս հիմնական մտահոգությունն այն էր, որ ես բանակի ուտելիքները չեմ ուտի ու սոված կմնամ, ու իր էդ մտահոգությունը լուրջ հիմքեր ուներ, որովհետեւ փոքրուց առանձնապես ուտող չեմ եղել, ու մայրս, տեսնելով Մացոյի արած էդ առաջին լուսանկարները, մի քիչ հանգստացել էր, որովհետեւ էդ լուսանկարում բոլորս էլ կուշտ կերած էինք, ու Մացոյի տուշոնկեն ու տոմատով կարտոֆիլն իրենցն արել էին, ու երբ մայրս ուշադիր զննելով էդ լուսանկարները՝ մերոնց հարցրել էր, թե իմ էդ ուսադիրների CA տառերն ի՞նչ են նշանակում, իմ քեռի Գոքորն ասել էր. «Ա՛յ Սեդա, նյուժե՞լի չես հասկանում. էդ CA-ն նշանակում ա՝ Սոված Արմեն»:

Երբ Մացոն մեզ լուսանկարեց-պրծավ, մենք շորերով պառկեցինք իր բերած հնամաշ լոզունգների վրա եւ, մեր շինելներով ծածկվելով, փորձեցինք քնել, եւ քիչ անց արդեն ինձանից բացի՝ բոլորը քնած էին, ու միայն ես էի արթուն, ու մեկ էլ Մացոն դեռեւս չէր պառկել, ու մինչ ես մտածում էի վեր կենալ ու բեմի լույսերը հանգցնել, Մացոն լույսերը հանգցրեց ու պառկեց տղերքի կողքին ու քիչ անց արդեն խռմփացնում էր, ու ես, զգալով, որ քունն աչքերիս մոտ չի գալու, սողեսող, որպեսզի անթափանց մութի մեջ հանկարծ չգայթեմ, շարժվեցի դեպի խուցս, որ պառկած տեղիցս ընդամենը չորս-հինգ քայլ էր հեռու, եւ, խցիս դուռը հրելով, ձեռքս տարա դեպի ձախ ու խցիս լույսը վառեցի, ու խորհրդավորությունն ու անորոշությունն անմիջապես հօդս ցնդեցին, ու ես, նստելով գրասեղանիս մոտ, թուղթ ու մատիտ վերցրի ու սկսեցի պատի լուսանկարից արտանկարել Լենինին, ու շատ շուտով պարզ դարձավ, որ նկարելուց էնքան էլ հեռու չեմ, ինչքան ինձ ու հորս էր թվում, ու ես իմ էդ արտանկարից ոգեւորված՝ սկսեցի նաեւ Բրեժնեւին արտանկարել, բայց շուտով համոզվելով, որ Բրեժնեւի խարակտերը ոչ մի կերպ չի բռնվում, թուղթը ճմռթեցի ու նետեցի աղբարկղը եւ անմիջապես անցա Նիկուլինին, բայց Նիկուլինն էլ պլստաց, ու ես, որպեսզի սրտապնդվեմ, վերստին անցա Լենինին, ու Լենինը, ինչպես առաջին դեպքում, վերստին ինքն էր, ու չնայած իմ էդ երկու Լենիններն իրարից շատ էին տարբեր, բայց երկուսն էլ Լենինին շատ էին նման, ու ես իսկապես սրտապնդվեցի, որովհետեւ, չնայած հոգնած էի, հստակ գիտակցում ու պատկերացնում էի, որ բանակում, տառեր ու լոզունգներ գրելուց զատ, իմ հիմնական գործը հենց Լենին նկարելն էր լինելու, ու, էդ մտքից սրտապնդվելով, ես սկսեցի մտածել այլեւայլ պայծառ ու լավատեսական բաների մասին, ու չնայած ինձ չէր հաջողվում մոռանալ Պարգեւի «Սեկան» ու գնացքում անձամբ իմ տանուլ տվածը, այդուհանդերձ, ես սրտապնդված էի, ու տանուլ տվածս առանձնապես ինձ չէր ճնշում, մանավանդ որ՝ արդեն ռեալ հույս ունեի, որ Պարգեւն իր շահածից որոշ բան եւս կվերադարձնի մեզ, ու եթե չվերադարձներ էլ՝ դարձյալ ինձ համար ողբերգություն չէր լինելու, որովհետեւ ես պայուսակիս մեջ ամբողջ երեսուն տուփ «Սալյուտ» ունեի եւ, ինչքան արդեն զգում ու հասկանում էի, բանակում փողն ինձ համար ընդամենը ծխախոտի իմաստով էր անհրաժեշտություն լինելու, եւ, դրանից բացի, նաեւ արդեն սկսում էի հասկանալ, որ Պարգեւի մոտի փողերը հավասարապես բոլորինս են, ու, դրանից էլ բացի, էդ իրիկուն իմ տանուլ տալու իրողությունը թեթեւ էի տանում երեւի նաեւ էն պատճառով, որ, փաստորեն, Պարգեւից ու Վալերից բացի, բոլորս էինք տանուլ տված, եւ, էդ ամեն ինչից էլ բացի, իմ տանուլ տալը ողբերգության չվերածելու այլ պատճառներ էլ ունեի, ու դրանցից մեկը «Պրաշչանիե սլավյանկիի» հետ կապված մեր անկանխատեսելի հաջողությունն էր, իսկ մյուսն, իհարկե, իմ արդեն գրված ու միանգամայն ստացված լոզունգն էր:

Մի խոսքով, ես էդ գիշեր չուրախանալու եւ իմ անքնության պատճառով նեղսրտելու ու տառապելու առանձնապես լուրջ հիմքեր չունեի, չնայած, եթե ավելի անկեղծ լինեմ, էդ գիշերվա հոգեվիճակս էնքան հստակ չեմ հիշում՝ ինչքան հստակ հիմա էդ մասին ասում ու գրում եմ եւ, բացի այդ, հիմա էսպես հեշտ ու հանգիստ ասում ու գրում եմ, որովհետեւ արդեն գիտեմ, որ հենց էդ առավոտ Պարգեւն իր կրածից յուրաքանչյուրիս հիսունական ռուբլի վերադարձրեց, ու արդեն նաեւ գիտեմ, որ մեջներիցս շահողներ էլ եղան, որովհետեւ Կիրովաբադցին ընդամենը հինգ րոպե հետներս խաղալով՝ կողք էր քաշվել, իսկ Վալերն ընդհանրապես հետներս «Սեկա» չէր խաղացել, բայց էդ հիսուններից Պարգեւը Վալերին էլ տվեց՝ ասելով. «Հո էս սաղ փողերն իմ մոտ չե՞մ պահելու. կարող ա՞ ձեր կասիրն եմ»: «Բայց ես ձեր հետ վաբշե չեմ էլ խաղացել»,- ասաց Վալերը: «Կապ չունի, վեկալ»,- ասաց Պարգեւը: «Դե լավ, Պարգեւ ջան, որ շատ ես զոռում՝ կվեկալեմ»,- ասաց Վալերն ու հանգիստ գրպանը դրեց Պարգեւի տվածը:

Տուժածներն Ազատանցին, Ստյոպն ու ես էինք, որովհետեւ մենք ակնհայտորեն հիսուն ռուբլուց շատ էինք տանուլ տվել, բայց տուժածներս նաեւ գիտակցում էինք, որ Պարգեւն էդ մասին չգիտեր ու պարտավոր էլ չէր իմանալ, եւ, բացի այդ, եթե արդար լինեմ, պիտի նաեւ ասեմ, որ էդ պահին ամենից տուժածը հենց Պարգեւն էր, որովհետեւ ինքը, փաստորեն, էդ պահին իր անձնական փողն էր բաժանում ու հետ տալիս: Այսինքն՝ մենք Պարգեւից բողոքավոր չէինք, ընդ որում՝ ոչ միայն մեր փողերը վերադարձնելու առումով, այլեւ էն իմաստով, որ մեր միասին ծառայելու ու իրար Նասոսնիում ոչ մի դեպքում չլքելու գաղափարի հեղինակն ու էդ գաղափարը հետեւողականորեն իրականացնողը հենց ինքն էր, ու մենք ոչ միայն իրենից բողոքավոր չէինք, այլեւ երախտապարտ էինք իրեն, ու հիմա նաեւ մտածում ու հասկանում եմ, որ եթե Պարգեւն ու Վալերը չլինեին, մյուս չորսիս կյանքն ու հատկապես բանակային կյանքը միանգամայն այլ ընթացք ու բովանդակություն կունենային:

Ինչեւէ. մեր նվագախումբն արդեն, կարելի է ասել, նվագախումբ էր, ու մինչեւ դեկտեմբերի հինգը մեր տրամադրության տակ դեռեւս երեք ամբողջական օրեր կային, ու էդ գիշերվա դրությամբ՝ մեր նվագախմբին ընդամենը մի ալտ ու մի շեփոր էին պակասում, եւ դրանք կեսօրին Շկարուպետայի նախկին զորամասից Սաքոն ու Վալոդն արդեն բերին: Մինչ այդ՝ առավոտվա իննի կողմերը հայտնվեց Կարավանը եւ, իհարկե, հիացավ գրածս լոզունգով:

Մեր էս երկրային կյանքը ոչ միայն չափազանց ժամանակավոր ու չափազանց փոփոխական է, այլեւ մշտապես մեզ համար պահած անակնկալներ ունի, ու որ ասում եմ անակնկալներ, դա ամենեւին չի նշանակում լավ բան եւ ոչ էլ վատ բան է նշանակում, այսինքն՝ անակնկալները հավասարապես կարող են ե՛ւ լավ, ե՛ւ վատ լինել, ու հիմա նաեւ պիտի ասեմ, որ մեր կյանքը երբեմն մեզ նաեւ էնպիսի անակնկալներ է մատուցում, որ մտածում-մտածում ու ոչ մի կերպ գլուխ չես հանում՝ կոնկրետ էդ անակնկալը լա՞վն է, թե, ընդհակառակը, վատն է: Օրինակ, հենց էս պահին մեր շուշաբանդում նստած՝ էս գրելիքս եմ շարունակում, ու կեսգիշեր է, եւ դուք արդեն գիտեք, որ նախկինում ես ընդհանրապես գիշերները չէի գրում, բայց էս վեպիս ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, ու, փաստորեն, երեք անգամ էլ պատճառը զուտ անքնությունս է եղել՝ անքնության մի տեսակ, որ հիսունից հետո երեւի շատերի հետ է պատահում, ու իմ դեպքում էս այժմյան անքնությունը պիտի որ առանձնապես սարսափելի չլիներ, քանի որ էս պահին, ինչպես տեսնում եք, անելիք ունեմ ու բանակիս կյանքն եմ խուրդում ու մանրամասնում, եւ միայն ձեզ ու Աստծուն է հայտնի՝ ճի՞շտ եմ անում, թե՝ ոչ, բայց, բոլոր դեպքերում, իմ էս անքնության մեջ պարապ չեմ ու ինչ-որ բան եմ անում, ու չնայած գիշերվա էս համատարած բզզոցի մեջ նախորդ միտքս անէանում, ու հաջորդն է անկոչ սողոսկում, ու չնայած գիշերը գրելու երկու փորձ արդեն արել եմ ու արդեն գիտեմ, որ առավոտվա քնիցս հետո էս գրոտած թուղթս վերանայելու ու էս գրածիցս որոշ բան թողնելու եմ, բայց, այդուհանդերձ, էս անքնությունս, ի տարբերություն յոթանասունչորսի դեկտեմբերի լույս երկուսի իմ էն անքնության, մի տեսակ ճմլող ու ճնշող է ու իր մեջ որեւէ լուսավոր բան չի պարունակում, չնայած, փաստորեն, իմ էս անքնությունն էապես կրճատում է գալիք ցերեկվա անելիքս, բայց իմ տարիքի մեկի համար դա ամենեւին էլ սփոփանք չէ մանավանդ իմ դեպքում ու մանավանդ էս պահին, երբ գրողական կեսգիշերային էս չարչարանքս նվագակցվում է ուժգին ու անընդմեջ սրտխփոցներով, ու ահա-ահա քիչ է մնում մտածեմ, որ էս ամեն ինչի գաղտնիքն ընդամենը տարիքի մեջ է, բայց չեմ հասցնում էդ միտքը որոշակիացնել, որովհետեւ հընթացս հիշում եմ, որ բանակ գնալու որոշումս էն հեռավոր յոթանասունչորսի հոկտեմբերին ընդունեցի միանգամայն անհույս ու հոռետեսական հոգեվիճակում, երբ կյանքից, թվում էր, որեւէ սպասելիք այլեւս չունեի, եւ սովորաբար էդ աստիճանի ու էդ խորությամբ հոռետեսությունը զարմանալիորեն բնորոշ է հենց ամենաջահելներին, ու մեր էս կյանքում ամենազարմանալին ու ամենատարօրինակը հենց էն է, որ ջահելության առավելությունն ըստ էության հասկանում ու զգում ես միայն այն ժամանակ, երբ արդեն միանգամայն հեռացած ես լինում երիտասարդ ժամանակներիցդ եւ, զգալով ու հասկանալով հանդերձ, հիմա էլ առաջացած տարիքիդ առավելությունները չես զգում ու չես հասկանում, ու չնայած լսել ես, որ հիսունն անց մարդու գլխավոր արժանիքները փորձն ու իմաստությունն են, բայց, այդուհանդերձ, փորձդ երբեւէ չես օգտագործում ու իմաստություններդ էլ գրեթե շաղ չես տալիս, ու հիմի էս դատողություններն անում եմ ընդամենն էն պատճառով, որ երեկ՝ «Առավոտի» էս հերթական երկու էջերս չրթելուց հետո կինս ու աղջիկներս ինձ դիտողություն անելով՝ խստագույնս պատվիրեցին, որ էս գրություններիս մի քիչ փիլիսոփայություն խառնեմ, ու կինս, որ կյանքում ամենից ավելի հենց իմ փիլիսոփայելը չի սիրում, ինձ ասաց. «Առանց փիլիսոփայության ի՞նչ վեպ: Մի քիչ փիլիսոփայություն ավելացրու. կյանքում ո՞նց ես մի գլուխ փիլիսոփայում»:

Եվ ահա ես, փաստորեն, իմաստությունս եմ սկսում մանրից շաղ տալ, ամենեւին չմոռանալով ու միանգամայն հիշելով, որ եթե էս անքնությանս պարագայում մի քիչ էլ շարունակեմ իմաստակությամբ զբաղվել, գլխացավս կարող է վրա տալ, եւ միայն ինձ ու իմ Աստծուն է հայտնի, թե գլխացավիս առկայությամբ ինձ համար ինչքան անիմաստ են դառնում աշխարհի բոլոր փիլիսոփայությունները, վեպերն ու էս կյանքն ընդհանրապես: Ու հիմա, էդ բանը սթափորեն գիտակցելով ու հասկանալով, սուրճիս բաժակը լվանում ու կես բաժակ ջուր եմ լցնում սուրճիս բաժակի մեջ ու կես սուրճի բաժակ ջրի մեջ կաթիլ-կաթիլ լցնում եմ երեսունհինգ կաթիլ «Վալոկարդին», որովհետեւ իմ առումով «Վալերիանկան» արդեն միանգամայն սպառել է իրեն, ու եթե ինձ հաջողվի քնել, էս կյանքում ամեն ինչ վերստին իր տեղը կընկնի, որովհետեւ, ինչպես պարզվում է, իմ էս վիճակում անքնությունից ահավոր բան չկա, ու միայն իմ էս վիճակում է մարդ արարածն ի վիճակի վերջնականապես ըմբռնել ու խորապես հասկանալ Համլետի երազանքը՝ քնել – մեռնել:

Հիմա ես վերստին զարթնել եմ, ու միանգամայն հրաշալի առավոտ է՝ ճիշտ ու ճիշտ յոթանասունչորսի դեկտեմբերի երկուսի առավոտվա պես, չնայած, եթե չեք մոռացել, դեկտեմբերի լույս երկուսի գիշերը ես ընդհանրապես չքնեցի ու մինչեւ լույս խցիս մեջ մլուլ տալիս ու ծակուծուկերն էի ստուգում ու մտքիս մեջ թաքուն հրճվում էի, որ ոչ միայն կարանտինից ճողոպրեցի, այլեւ արդեն արհեստանոցի, ավելի ճիշտ՝ արվեստանոցի տեր եմ, չհաշված, որ նվագախմբի մեջ էլ արդեն հիմնավորապես կայի:

Երբ սկսեց մանրից լուսանալ, ես դեռ դարակներս էի քչփորում ու ճշտում էի, թե ինձ ի՞նչ ներկեր, վրձիններ ու այլ պարագաներ են պակասում, որ Կարավանից ուզեմ:

Իմ չխկչխկոցներից առաջինը Մացոն զարթնեց ու նկատելով, որ լույսս վառ է, մտավ ինձ մոտ: Ես մինչ այդ արդեն մերոնց կես էջանոց մի նամակ էի գրել, ու նամակս սեղանիս վրա էր, եւ երբ Մացոյի ոտնաձայները լսեցի, նամակս արագ-արագ ծալեցի, դրի գրպանս ու Մացոյին տեսնելով՝ ասացի.

– Էս չխկչխկոցներիցս զարթնեցի՞ր: Բարլո՛ւս:

– Բարլուս,- ասաց Մացոն եւ ժամացույցին նայելով՝ ավելացրեց.- արդեն ութի մոտերն ա. լավ ա, որ զարթնեցի: Ութ անց կեսից աֆիցերներս արդեն զավտրիկի են գալի. որ տենան տեղում չեմ՝ խառնվելու են իրար:

– Բա կհասցնե՞ս իրանց համար ճաշ-մաշ էփես,- հարցրի ես:

– Էփելու բան չկա,- կարմրած աչքերը տրորելով՝ ասաց Մացոն.- ամեն ինչ իրիկունը նախօրոք էփել-պրծել եմ, մնում ա՝ գազին դնեմ, մի հատ տաքանա:

– Դե լավ ա, որ նախօրոք ես էփել,- ասացի ես:

– Հա, միշտ էլ ըտենց եմ անում. որ առավոտվան թողեմ՝ քունս լրիվ հարամ ա ըլնելու:

– Կազարմայում ե՞ս քնում,- հարցրի ես:

– Օրենքով պիտի օբշի կազարմում քնեմ, բայց արդեն էրկու ամսից ավել ա՝ կազարմա չեմ էթում. հենց իմ աֆիցերսկի ճաշարանում էլ քնում եմ:

– Բա վրեդ չեն խոսո՞ւմ, որ կազարմա չես էթում,- հարցրի ես:

– Ո՞վ պիտի վրես խոսա. Շաբլովսկու հետ պրոբլեմ չունեմ, աֆիցերների հետ էլ քիփ եմ, ինչքան չըլնի՝ իրանք սաղն էլ մոտս են հաց ուտում. ուտելուց էլ հո սուս-փուս չե՞ն նստի, հետս ասում-խոսում են, կյանքերն են ծերից ծեր պատմում:

– Դե լավ ա,- ասացի ես:

– Ես էթամ, արդեն ութն անց ա,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Մացոն,- մի ժամից էլի կէրեւամ:

– Ամեն ինչի համար մերսի, Մացո ջան,- ասացի ես:

– Մերսին ո՞րն ա, Արմո ջան: Ի՞նչ եմ արել, որ մերսի ես ասում:

– Էլ ի՞նչ պիտի անեիր,- ասացի ես:

– Ինչ էլ որ արել եմ՝ իմ համար եմ արել. ինչքան չըլնի՝ նույն հող ու ջրի մարդիկ ենք:

– Մերսի,- նորից ասացի ես:

– Մի ժամից կէրեւամ,- ասաց Մացոն:

– Հա,- ասացի ես:

Մացոն գնաց, ու Մացոյից անմիջապես հետո հայտնվեց Կարավանը:

– Բարի լույս,- ներս մտնելով՝ ասաց Կարավանը:

– Բարի լույս,- տեղիցս վեր թռնելով ու պատիվ տալով՝ ասացի ես:

– Էդ չեստ տալդ հեչ պարտադիր չի,- ասաց Կարավանը.- փաստորեն, էսօրվանից մենք գործընկերներ ենք, օրվա մեջ մի քանի անգամ իրար հետ գործ ենք ունենալու. որ րոպեն մեկ չեստ տաս՝ ո՞ւր կհասնի:

– Հասկացա, ընկեր փոխգնդապետ,- ասացի ես:

– Հիմա ի՞նչ ես ասում, Արմուշ, էն լոզունգն էսօր սկսո՞ւմ ենք գրել,- հարցրեց Կարավանը:

– Ի՞նչ լոզունգ,- իբր չհասկանալով՝ հարցրի ես:

– Էն սահմանադրական լոզունգը՝ «ԺՈ ջՊՐՈՉրՑՉցպՑ ՊպվՖ ՍՏվրՑՌՑցՓՌՌ!»,- ասաց Կարավանը,- տեքստը երեկ քեզ տվեցի՝ մոռացե՞լ ես: Հո չե՞ս կորցրել:

– Չեմ կորցրել, ընկե՛ր փոխգնդապետ, բայց ճմռթել-գցել եմ աղբարկղը,- խորամանկեցի ես:

– Ո՞նց թե՝ ճմռթել-գցել ես աղբարկղը,- ցնցվեց Կարավանը:

– Հա,- ասացի ես,- գցել եմ աղբարկղը:

– Չհասկացա,- նորից ցնցվեց փոխգնդապետը:

– Էդ թուղթը ձեզ պետք է՞ր,- հարցրի ես:

– Ինձ պետք չէր, քե՛զ էր պետք,- գոռաց Կարավանը:

– Ինձ էլ պետք չէր,- հանգիստ ասացի ես:

– Ո՞նց թե՝ քեզ պետք չէր,- ճչաց Կարավանը:

– Էդ լոզունգն արդեն գրված-պատրաստ է,- արագ-արագ վրա տվի ես, որովհետեւ կարմրատակած ու փրփրած Կարավանն արդեն կատաղությունից դողում էր:

– Չհասկացա. ո՞նց թե՝ արդեն գրված-պատրաստ է,- ավելի կարմրեց Կարավանը:

– Հենց էդպես: Ուզո՞ւմ եք՝ ցույց տամ,- հանգիստ ասացի ես:

– Ուզում եմ, ո՞նց չեմ ուզում,- ոգեւորվեց ու շողշողաց փոխգնդապետը:

– Ներս գնանք, ներսում է,- ասացի ես, ու ներսի դռնով մտանք բեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել