Ժամանակակից Թուրքիայի աշխարհաքաղաքականությունը
Թուրքիայի աշխարհաքաղաքական պատմության երրորդ ֆունդամենտալ շրջանը կարելի է անվանել ժամանակակից, ազգային կամ հետկայսրական: Միջերկրածովյան շրջանի անսահման տարածքներում չափազանց երկար ձգվելուց հետո՝ կայսրության կառավարող կորիզի աշխարհաքաղաքական իմպուլսը սեղմվեց մինչեւ կոմպակտ ազգային պետության չափերը: Դա միանգամից շատ նոր խնդիրներ ծնեց: Երբ թուրքերը կայսրական վարչակազմի էթնիկ կորիզն էին, ազգային սկզբունքները համընկնում էին աշխարհաքաղաքական սոցիալական եւ կրոնական առաքելության հետ: Բայց այն ժամանակ, երբ անցում էր կատարվում պետության-ազգի քեմալական մոդելին, որտեղ գերակշռում էր մեկ «գլխադասային» էթնոսը, ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հույների, բուլղարների, հայերի եւ քրդերի խնդիրները նոր կտրվածքով դրվեցին: Մենք գիտենք, որ ժամանակակից Թուրքիան ամրապնդվել է երիտթուրքերի երկաթյա կամքով, եւ հիմնված է գերազանցապես կարծր ռազմական սկզբունքների վրա՝ զուգակցված աշխարհիկ եւ ազգայնականության հիմքերի հետ: Բայց տվյալ ազգային-պետական միավորումը, որն ամրապնդված էր ռազմաքաղաքական կառուցվածքով, թելադրում էր արդեն լրիվ նոր աշխարհաքաղաքական ուղղվածություն. այսուհետեւ Թուրքիան չէր կարող հավակնել առաջնորդի դերին՝ իսլամական աշխարհում, քանի որ մյուս իսլամական երկրների մեծամասնությունը առաջացել էր հակաթուրքական ազգային քաղաքականության արդյունքում՝ առաջին հերթին Մեծ Բրիտանիայի ակտիվ աջակցությամբ:
Թուրքերի կայսրական ֆունկցիաները նույնպես վերացան: Երկիրը շրջապատված էր իր հին ու նոր թշնամիներով: Դրանք էին՝ արաբական երկրները, Ռուսաստանը, Հունաստանը, Բուլղարիան, Հարավսլավիան, Իրանը: Այդ իրավիճակում պահանջվում էր արտաքին հենարան: Նման աշխարհաքաղաքական գործընկերության համար քսաներորդ դարի առաջին աշխարհամարտի սկզբին Անկարան դիմեց Գերմանիային, բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ «արտաքին թոքերի» դերը ստանձնեց ԱՄՆ-ն: Գեոպոլիտիկ տեսանկյունից դա նշանակում է, որ Թուրքիան անցավ մեծ աշխարհաքաղաքականությունից (կայսրական ու մայրցամաքային) փոքր աշխարհաքաղաքականությանը (պրագմատիկ եւ իրավիճակային): Բայց հարկ է հաշվի առնել եւ այն, որ մուտքը ՆԱՏՕ՝ որպես ձեւով եւ բովանդակությամբ ատլանտիկ մի բլոկ, ե՛ւ կոնցեպտուալ, ե՛ւ պատմական, ե՛ւ քաղաքակրթության առումներով չէր կարող հակասության մեջ չմտնել խոր աշխարհաքաղաքական գործոնների դրսեւորումների հետ, որոնք նկատվել են թուրքերի նախորդ պատմության ընթացքում:
Իսկ այդ գործոնները գլխավորապես ցամաքային եւ եվրասիական էին: ՆԱՏՕ-ի հետ ալյանսը լուծում է տակտիկական խնդիրներ, բայց չի կարող լինել մասշտաբային աշխարհաքաղաքական հեռանկարի հիմքը: Այլ խոսքերով, որպեսզի Թուրքիան նորից դառնա ծանրակշիռ խաղացող մեծ (այլ ոչ թե փոքր) աշխարհաքաղաքականության մեջ, նա պետք է լրջորեն վերաիմաստավորի իր պատմությունը, գծագրի նոր հեռանկարներ, գտնի հուսալի եւ հավատարիմ գործընկերներ, որոնք կհամապատասխանեն Անկարայի մասշտաբային գեոպոլիտիկ ծրագրերի հետ: Ինչո՞ւ են Թուրքիայում առավել մեծ հետաքրքրություն առաջացնում հատկապես պոտենցիալ եվրասիական միտումները: Այդ բազայի վրա Ռուսաստանի համար կարելի է հասնել ոչ միայն այսրոպեական հետաքրքրությունների ընդհանրության, այլեւ վերջակետ դնել բազմադարյա ռուս-թուրքական մրցակցությանը Կովկասում եւ Սեւծովյան տարածաշրջանում: Իհարկե, եվրասիական ծրագրի եւ ՆԱՏՕ-ի անդամ ազգ-պետության միջեւ խոր հակասություններ կան: Երկրորդ դեպքում Թուրքիայի հետ Ռուսաստանն ավելի շատ աշխարհաքաղաքական հակասություններ ունի, քան ընդհանուր խնդիրներ: Չեչենական սեպարատիզմի հանդեպ վերաբերմունքը, հինավուրց հայ-թուրքական կնճիռները, Բաքու-Ջեյհան նավթուղու շինարարության վերաբերյալ դիրքորոշումը եւ այլն, ակնհայտորեն համապատասխանում են ատլանտիկ եւ հակաեվրասիական ռազմավարության չափանիշներին: Այս իրավիճակում Ռուսաստանն ավտոմատ կերպով մղվում է ավանդական հակաքայլերի համակարգ: Բայց այդ ամենը կատարվում է տակտիկական մակարդակի վրա:
Այնինչ, նեոեվրասիական ծրագիրը ենթադրում է բոլորովին այլ մի բան՝ իմաստավորել ժամանակակից իրավիճակը գլոբալ ձեւով: Մենք կանգնած ենք միաբեւեռ աշխարհի ամերիկյան անմիջական վերահսկողությամբ եւ քաղաքական, տնտեսական, կրոնական արժեքների անգլոսաքսոնական համակարգի գերիշխանությամբ ատլանտիկ կայսրության ստեղծման շեմին: Իսկ դա նշանակում է, որ «նոր համաշխարհային կարգի» զոհ կդառնան ոչ միայն ցամաքային տերությունների քաղաքական-ստրատեգիական հետաքրքրությունները, այլեւ ավանդական այն արժեքների ողջ համակարգը, որոնք չեն տեղավորվում կոսմոպոլիտիկ էրզաց-մշակույթի պրոկրուստյան մահճի մեջ: Սեփական ինքնատիպության պաշտպանության պայքարը պահանջ է առաջացնում աշխարհաքաղաքական միություն կազմելու նույնիսկ նրանց հետ, ովքեր ոչ վաղ անցյալում թշնամիներ էին: Թուրքիայի աշխարհաքաղաքական հիմքը լուրջ բազա է տալիս ռուս-թուրքական հարաբերությունների նոր էջ բացելու համար:
ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ