Լրահոս
Օրվա լրահոսը

Բացարկ՝ վերաքննիչի նախագահի փեսայի հիմքով

Մայիս 14,2005 00:00

Դատաիրավական պրակտիկայում նախադեպ չունեցող փակուղի

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում հերթական՝ չորրորդ անգամ հետաձգվեց Արարատի մարզի առաջին ատյանի 2004թ. դեկտեմբերի 28-ի վճռի դեմ «Աերոտուր» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքի քննությունը: Պատճառը մեր դատաիրավական պրակտիկայում նախադեպը չունեցող բացարկն էր, որը ներկայացրին ՍՊԸ-ի դեմ հանդես եկող Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչները՝ Հակոբ, Ասյա, Գարեգին Խաչատրյանները: «Աերոտուր» ՍՊԸ-ի շնորհիվ Ռոմեն եւ Ռաֆիկ Մարությանները աճուրդով ձեռք էին բերել Խաչատրյանների 70 եւ ավելի տարիներ տնօրինած 550 քմ հողատարածքը: Այդ հողը նաեւ Խաչատրյանների 12 անձից բաղկացած ընտանիքի ապրուստի եւ գոյատեւման հիմնական միջոցն է: Ռաֆիկ Մարությանը ԶԴ քննիչ լինելուց բացի, ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանի փեսան է, ինչն էլ Խաչատրյանների բացարկի հիմքում դրվեց:

Շարքային քաղաքացու շահերը դատարանում ներկայացնող Հովհաննես Հարությունյանը բացարկ հայտնելով վերաքննիչ դատարանին առհասարակ, ասաց, որ «դատավորներից յուրաքանչյուրը դեմ չի կարող գնալ իր նախագահին, ինչի արդյունքում կողմնակալ, ոչ օբյեկտիվ քննություն կլինի»: Բացարկից հետո նրանք դուրս եկան դատական նիստերի դահլիճից: Նախագահող դատավոր Տիգրան Սահակյանը տեղեկացրեց, որ «բացարկը քննարկելու իրավասություն իրենք չունեն», քանի որ այն ուղղված էր ՀՀ արդարադատության նախարարին եւ ՀՀ քրեական-զինվորական գործերով վճռաբեկ պալատի նախագահին:

Ի դեպ, Մարությանների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Օհանյանը առարկեց բացարկը, հայտնելով. «Եթե նախագահի ազգականն է, ապա նա իրավունք չունի՞ դատական պաշտպանության»:

Պատասխանող Խաչատրյանների պնդմամբ, աճուրդի մասին գյուղապետարանի կողմից որոշումը կայացվել է աճուրդի անցկացումից 8 օր առաջ, մինչդեռ նախատեսված է աճուրդի անցկացման տեղի եւ ժամանակի մասին 1 ամիս առաջ հայտարարել, ինչը չէր արվել որեւէ լրատվամիջոցով: Մինչդեռ Խաչատրյանները զարմանքով տեղեկացել են, որ «հրապարակային» աճուրդով իրենց հողատարածքը «բարեխղճորեն» ձեռք են բերել «Աերոտուրը», ապա Ռոմեն եւ Ռաֆիկ Մարությանները, որոնց համապատասխանաբար տրվել էր սեփականության իրավունքի վկայական: Տեղեկացնենք, որ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը անվավեր էր ճանաչել ինչպես աճուրդը, այնպես էլ դրա հիման վրա տրված առուծախի պայմանագրերն ու սեփականության իրավունքի վկայականները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել