40-ն
անց չաշխատող կանայք հույսը կապում են Առաջին տիկնոջ հետ «Կազմակերպությանը
պահանջվում են մինչեւ 25 տարեկան, բարետես արտաքինով, համակարգչի եւ առնվազն 3 լեզուների
իմացությամբ աղջիկներ՝ խելամիտ աշխատավարձով»՝ թափուր աշխատատեղի համար նման հայտարարության
ձեւը կարծես «շաբլոն» է դարձել բոլոր գործատուների համար: Ընդ որում, ընտրություն
կատարելիս հատկապես ուշադրություն են դարձնում «երկար ու ձիգ ոտքերին, բարակ մեջքին
եւ լայն ժպիտին»: «Մեր մարմինը, եթե անգամ երիտասարդ ժամանակ համապատասխանել է բոլոր
չափանիշներին՝ 90-60-90 սկզբունքով, ապա հիմա դրա հետ կապված մեծ խնդիրներ ունենք:
Ամեն դեպքում, ի՞նչ կապ ունի՝ հաստ ենք, բարակ ենք, երկար ենք, թե՞ կարճ, կնոջ տգեղը
ո՞րն է, կարծես ոչ թե աշխատող են փնտրում, այլ՝ միսս Հայաստան»,- երեկ կանանց աշխատանքային
խնդիրներին նվիրված քննարկմանը բողոքում էին «40-ն անց կանանց» հասարակական կազմակերպության
անդամները: ՀԿ նախագահ Սեդա Մելումյանը ներկայացրեց վիճվարչության տվյալները, որի
համաձայն, այսօր Հայաստանում 200 հազար մարդ գործազուրկ է, որոնցից 140 հազարը կանայք
են, նրանց 80 տոկոսն էլ քառասունն անց է: Ընդ որում, սրանք պաշտոնական տվյալներ են,
իրականում չաշխատող քառասուննանցների թիվը եռակի բարձր է: Տիկին Մելումյանի հավաստմամբ,
եթե անգամ այդ տարիքի կանայք աշխատանք ունեն, նրանք դրանից կառչում են իրենց ինքնասիրության
ոտնահարման ու ստորացումների գնով, «հասկանալով, որ ամեն րոպե կարող են ազատվել աշխատանքից,
լուռումունջ հարմարվում են ցանկացած աշխատանքային պայմանների»: Կազմակերպության անդամներից
մեկի խոսքերով, 50 տարեկան առույգ ու բարձրագույն կրթությամբ կնոջն անգամ հավաքարարի
աշխատանք չեն տալիս՝ տարիքն իմանալուց հետո միանգամից պատասխանելով. «Մեզ ճտպտ մեկն
է պետք, որ արագ իր գործն անի ու մեզ էլ հաճելի լինի»: Ըստ Աշխատանքային օրենսգրքի,
մարդը մեկ շաբաթվա ընթացքում պետք է աշխատի առավելագույնը 40 ժամ, այնինչ կանանց
առաջարկվող հիմնականում հացթուխի կամ խոհարարի աշխատանքները 18-24-ժամյա են, ինչը
ոտնահարում է կնոջ աշխատանքային իրավունքները: Բացի այդ, կանայք թոշակի կարող են
անցնել 60 տարեկանից հետո: Ստացվում է, որ մոտ 20 տարի կինը պետք է մի կերպ իր գոյությունը
պահի: Դրա համար ՀԿ անդամներն առաջարկում են գոնե վերանայել կանանց թոշակային տարիքը:
Քննարկման վերջում կազմակերպիչները որոշեցին իրենց առաջարկությունները ներկայացնել
ոչ թե ՀՀ նախագահին, այլ Առաջին տիկնոջը. «Բելլան կին է, մեզ ավելի շուտ ինքը կհասկանա»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ