Կամ՝
թե ինչպես է Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը (ՄՕՀԿ) բաշխում օգնության
դեղերը: «Երեք անգամ առողջապահության նախարարությունից զանգեցին կենտրոն,
որ իմ համար կատետոր ուղարկեն ապտեկա, երեք անգամ էլ իրենց ասած ժամանակ գնացի ու
չստացա՝ չէին ուղարկել»,- 88-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Խաչատուր Շահինյանի այս բողոքը
միակը չէ: Պետպատվերով հումանիտար օգնության դեղեր ստացողները, բացի իրենց անհրաժեշտ
դեղերի «դեֆիցիտից», դժգոհում են, որ ժամերով հերթ են կանգնում դեղատանը, որտեղ նստելու
աթոռ էլ չկա, երբ գալիս են՝ իրենց դեղատոմսով նշանակված դեղը չկա, որ դիմումի մեջ
մի ջնջում լինելու պատճառով իրենց մի քանի անգամ տանում-բերում են, նաեւ՝ որ դեղատանը
ընդամենը մի աշխատող կա, «իսկ մենք հիվանդ մարդիկ ենք՝ ինչքա՞ն կարող ենք սպասել»
եւ այլն: Այս եւ այլ հարցեր պարզաբանելու նպատակով «Առավոտը» դիմեց ՄՕՀԿ-ի դեղատան
վարիչ եւ միակ աշխատող Գայանե Գալստյանին: «Նախկինում նման դեղատները շատ
էին, բայց դրանք, չգիտես ինչու, փակվեցին եւ այժմ ողջ հանրապետությունում սա միակն
է: Ի դեպ, ասում են՝ սա էլ պիտի փակվի, ՄՕՀԿ-ի տնօրենն ասում է, թե՝ դեղատնից օգուտ
չկա»,- ասաց Գ. Գալստյանը: Նա համաձայնեց հիվանդների բողոքների հետ, ավելին, ներկայացրեց
այլ խնդիրներ նույնպես, որոնք դժվարացնում են բաշխման գործընթացը. «Շատ հաճախ կենտրոնից
ուղարկում են ժամկետանց դեղեր, ես ստիպված եմ լինում հետ ուղարկել, որ փոխեն, փոխում
են, բայց արդեն ուշանում ենք դեղի տրամադրման ժամկետից՝ առաջացնելով մարդկանց արդարացի
վրդովմունքը: Հետո էլ՝ անթույլատրելի է էպիլեպսիա եւ նման այլ հիվանդություններ ունեցողների
դեղերի ուշացումը: Երբեմն ուղարկում են դեղեր, որոնց կարիքը մեզ մոտ եկողները չունեն,
այդպիսի դեղատոմսեր չենք ստանում, դրանք մնում են եւ դառնում ժամկետանց»: Որպես օրինակ
նա ցույց տվեց ժամկետանց դարձած ջերմիջեցման եւ առաջին օգնության դեղերի մի քանի
մեծ տուփ: Իսկ դեղատոմսերով պահանջված ցանկն ինչո՞ւ չեն ապահովում մեր հարցին՝
նա պատասխանեց. «Շատ եմ խնդրել, բայց կենտրոնից ժամանակին չեն ուղարկում իրենց բազայում
ունեցած դեղերի ցուցակը, որ ես էլ, ըստ իմ ստացած դեղատոմսերի՝ պահանջագիր ներկայացնեմ:
Իսկ եթե փորձեմ հեռախոսով ճշտել, թե ինչ ունեն՝ դա էլ չեմ կարող, որովհետեւ միակ
հեռախոսը միակողմանի է միացված, ես զանգել չեմ կարող»: Դեղատունը չունի նաեւ դեղերի
պահպանման տեղ՝ անհրաժեշտ պայմաններով, ինչը նույնպես դրանց շուտ փչանալու պատճառ
է դառնում: Առանց այդ էլ անվճար դեղ ստանալու գործընթացը բավականին երկար
է՝ հիվանդը բժշկից ստացած դեղատոմսով գալիս է նախարարություն, ստանում ուղեգիր եւ
ներկայանում դեղատուն: Եթե նույնիսկ յուրաքանչյուր օղակում քաշքշուկները հնարավորինս
կարճ տեւեն, միեւնույն է, նյարդեր ու ժամանակ է պետք, այդքանից հետո էլ դեղատուն
անընդհատ գնալ-գալը ծեր հաշմանդամ հիվանդների համար տառապանք է դառնում, ոչ թե՝ օգնություն,
այն էլ՝ մարդասիրական: Ինչ վերաբերում է դեղատան՝ կենտրոնից ստացած «օգուտ չկա» պիտակին,
ապա դրան բացատրություն կա. մարդասիրական օգնության դեղերի ցանկից օգտվում են նաեւ
հիվանդանոցները եւ վճարում վերցրածի արժեքի 2 տոկոսի չափով, իսկ այս դեղատունը օրենքով
ազատված է հարկից: Թե ինչպես են հետագայում հիվանդանոցներում իրացվում պետպատվերով
բուժման համար նախատեսված օգնության դեղերը՝ տեղյակ են բոլորը. դրանք վաճառվում են
հիվանդներին: Տրամաբանական է, որ ՄՕՀԿ-ի տնօրենի անձնական շահերի մեջ է՝ դեղերն իրացնել
հիվանդանոցների տնօրեններին, համապատասխան «շնորհակալությամբ», քան՝ «հենց այնպես»
տալ դեղատանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ