Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համազեկուցողների այցն ավարտվեց

Մայիս 14,2005 00:00

ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցողներ Յերժի Յասկերնիան եւ Ժորժ Կոլոմբիեն երեկ սպառեցին իրենց այցի օրակարգը:

Սակայն մինչ նրանց երեկվա հանդիպումներին անդրադառնալը՝ նշենք, որ նախորդ օրը համազեկուցողները հանդիպել էին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննարկվել էին «մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոստիկանության կողմից ձեռնարկվող քայլերի, այդ բնագավառում ապագա անելիքների», նաեւ՝ «ոստիկանության գործունեության հետագա բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցների վերապատրաստմանն առնչվող հարցեր»: Միայն կարելի է ենթադրել, թե ինչպիսի զրույց է եղել սա:

Ժլատ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Յերժի Յասկերնիայի ու Ժորժ Կոլոմբիեի երեկվա հանդիպման մասին տեղեկատվությունը: Նախագահի մամուլի գրասենյակը միայն հաղորդել է, թե «քննարկվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, խոսվել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին»:

Փոխարենը բավական հանգամանալից է համազեկուցողների հետ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի զրույցի մասին պաշտոնական շարադրանքը: Երեկ կայացած այս հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետի նախագահությամբ գործող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամները: Պաշտոնական տեղեկատվության մեջ անգամ այնպիսի մանրամասն կա, որ Յասկերնիան շնորհավորել է Անդրանիկ Մարգարյանին՝ պաշտոնավարման 5 տարին լրանալու առիթով: Այնուհետեւ վարչապետը նշել է, որ «եվրոպական ընտանիքին ինտեգրման ուղին ընտրած Հայաստանը» հետեւողական է Եվրախորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում եւ «արդեն իսկ զգալի քայլեր է կատարել այդ ուղղությամբ»: Հյուրերի խնդրանքով, նա ներկայացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքներին:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների ժամանակ արված դիտողություններն ու առաջարկությունները՝ կոալիցիայի նախագիծը մինչեւ 2-րդ ընթերցումը կլրամշակվի՝ «ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով»: Անդրանիկ Մարգարյանը նաեւ իր տեսակետներն է հայտնել իշխանություն-ընդդիմություն երկխոսության, Երեւանի քաղաքապետի կարգավիճակի,  «Ընտրական օրենսգրքի», ԶԼՄ-ների անկախության եւ այլ հարցերի շուրջ:

Այս հանդիպումներով սպառվեց Յասկերնիայի եւ Կոլոմբիեի այցելության օրակարգը: Իսկ թե ինչ եզրահանգումներ են համազեկուցողներն արել պաշտոնատարների այս բոլոր հավաստիացումներից՝ կպարզվի ավելի ուշ:

Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել