Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱ՞ՄԲ

Մայիս 14,2005 00:00

«Արդարություն»
դաշինքի կուսակցությունները չեն կարծում, որ իրենք այդպես են մտել խորհրդարան Նախորդ
օրը ՀԺԿ նախագահի՝ «Կենտրոն» տարածքի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնի
ակտիվիստ եւ կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուբեն Կանդայանն իր խոսքում դժգոհեց
«Արդարություն» դաշինքի գործընկերներից: Ըստ նրա, դաշինքի «հիմքն ու սիրտը» ՀԺԿ-ն
է, «ՀԺԿ-ի հեղինակությամբ, ձայներով, լիդերի ավտարիտետով բոլոր ձայները հավաքեցին,
իսկ հիմա ամաչում են բարձրաձայն ասել, որ Ստեփան Կարենիչը բոլորիս լիդերն է»: Ի դեպ,
սույն դիրքորոշումն այլ ակտիվիստներ էլ հավանության արժանացրին: Երեկ փորձեցինք ճշտել
դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների դիրքորոշումներն այս մոտեցումների
վերաբերյալ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն
այսպես արձագանքեց «Առավոտի» հարցին. «Հանրապետություն» կուսակցության համար լիդերն
Արամ Զավենի Սարգսյանն է: Քաղաքական դաշտում, մեր կարծիքով, հենց նա կարող է համախմբել
հասարակությանը եւ դեմոկրատական հեղափոխության միջոցով որակապես նոր իշխանության
ձեւավորման հայտ ներկայացնել»: «Արդյո՞ք սա մարտահրավեր չէ Ստեփան Դեմիրճյանին, քանի
որ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի
հանեց իր թեկնածությունը» «Առավոտի» դիտարկմանը պարոն Սուրենյանցը պատասխանեց. «Ոչ,
սա մարտահրավեր չի, քանի որ նախորդ ընտրությունների հետ կապված գործընթացն ավարտվել
է, հիմա մենք թեւակոխել ենք նոր փուլ: Յուրաքանչյուր փուլ ունի իր քաղաքական օրակարգն
ու առաջնորդները»: Պարոն Սուրենյանցը նաեւ համաձայն չէ, որ «Հանրապետություն» կուսակցությունը
ՀԺԿ-ի եւ նրա լիդերի հեղինակությամբ է ԱԺ մուտք գործել. «Հանրապետությունն» ունի
այնքան հեղինակություն եւ իր արժեքներով այնքան է կապված մեր պետության հետ, որ նույնիսկ
ինքնուրույն կարող է ներկայացված լինել թե խորհրդարանում, թե ընդհանրապես՝ քաղաքական
կյանքում»: Մեր զրուցակիցը կոռեկտ չի համարում այն, որ երբ խոսք է գնում դաշինքի
մասին, որեւէ կուսակցություն փորձում է իրեն ներկայացնել դաշինքի գլխավոր, մագիստրալ
ուժ. «Դաշինքը հենց նրանով է ուժեղ, որ բոլոր կուսակցություններն ինչ-որ ավանդ են
ունեցել: Համենայնդեպս, մեր կուսակցությունն ինքնուրույն կուսակցություն է, եւ եթե
դաշինքի ենք գնացել՝ ապա ոչ մանդատի համար, այլ ընդհանուր խնդիր լուծելու»: Այդ
խոսակցություններին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում պատասխանել, քանի
որ, ըստ նրա, նման խոսակցություններ ցանկացած կուսակցությունում էլ լինում են եւ
միանգամայն բնական են. «Մի փնտրեք ինտրիգ այնտեղ, որտեղ չկա»,- ասաց նա: ՍԻՄ
նախագահ Հրանտ Խաչատրյանը նկատեց, որ ՀԺԿ ակտիվի հավաքում հնչած դիտողությունները
ՍԻՄ-ին եւ նրա նախագահին չեն վերաբերում. «Մենք հիշողության հետ կապված խնդիրներ
չենք ունեցել, չունենք ու չենք էլ ունենալու»: Իսկ ո՞ւմ են դրանք վերաբերում. ըստ
Հրանտ Խաչատրյանի՝ «Իրենք էլ անուններ չեն տվել, երեւի ՀԺԿ-ի անդամների մոտ նման
ընդհանուր տպավորություն կա, որը իրենց ղեկավարը, կարծում եմ, փարատել է»: ԱԺԴ
նախագահ Արշակ Սադոյանը տարակուսում է. «Թե իրենք ի՞նչ կուրս են բռնել՝ չգիտեմ, բայց
մենք միշտ ասել ենք, որ դաշինքը պետք է գործի որպես մի ամբողջություն: Սխալ է էդպես
տրոհելը: Եթե ՀԺԿ-ն կուրս է վերցրել մյուսների նկատմամբ հարցեր դնելու՝ սխալ քաղաքականություն
է: Բայց դա, կարծում եմ, 1-2 անդամի դիրքորոշումն է, ոչ թե ՀԺԿ-ի պաշտոնական տեսակետը»:
Իսկ առաջնորդի մասով՝ «Առաջնորդները ծնվում են գործունեության մեջ»,- ասում է Արշակ
Սադոյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել