Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիաբնակ

Մայիս 13,2005 00:00

Անգլիաբնակ ռուսը՝ Հայաստանում Վերջին տարիներին Հայաստան ժամանած մի շարք արվեստագետներ թողնելով իրենց ծննդավայրը, ապրում ու ստեղծագործում են այլ երկրներում: Հերթական օրինակը ծնունդով Մոսկվայից, թավջութակահար, դիրիժոր Ալեքսանդր Իվաշկինն է (Մեծ Բրիտանիա), որն այսօր կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Վերն ասվածի առիթով երաժիշտը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ուզում եք, որ ինձնով հետաքրքրվեն իրավապահ մարմիննե՞րը»: Այնուհետեւ տեղեկացրեց, որ 1989-ից հետո ապրել ու ստեղծագործել է Ամերիկայում, Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում, իսկ 1999-ից հիմնավորվել է Անգլիայում: Երաժիշտը նշեց, որ տարիներ շարունակ աշխատել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբում՝ որպես մենակատար-թավջութակահար եւ ղեկավարել Մեծ թատրոնի մենակատարների նվագախումբը: Անձամբ ճանաչել ու շփվել է հայ անվանի կոմպոզիտորներ Տ. Մանսուրյանի, Մ. Իսրայելյանի, Ե. Երկանյանի, Ա. Սաթյանի հետ, «պատվիրել» է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան եւ դարձել առաջին կատարողը: Հայաստանում վերջին անգամ եղել է 25 տարի առաջ: Իր խոսքերով. «Մի քանի ամառ անց եմ կացրել Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը»: Երաժիշտը երբեք չի կորցրել կապը հայ կոմպոզիտորների ու կատարողների հետ. «Մեծ ոգեւորությամբ եմ սպասում, երբ Երեւանում կղեկավարեմ Տիգրան Մանսուրյանի «Գիշերային երաժշտությունը»: Ա. Իվաշկինը այսօր էլ Լոնդոնում բնակվող անվանի թավջութակահարներ Կարինե Գեորգիյանի, Վահրամ Սարաջյանի, ամերիկաբնակ Սուրեն Բագրատունու հետ ստեղծագործական բուռն կապերի մեջ է: Նա Լոնդոնի Ռուսական երաժշտության կենտրոնի, Ադամի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի եւ Կամերային երաժշտության ամենամյա փառատոնի տնօրենն է: Նշենք, որ աշխարհահռչակ Մ. Ռոստրոպովիչի եւ Ն. Գուտմանից հետո՝ Ա. Իվաշկինը եզակի թավջութակահարներից է, որի համար հատուկ ստեղծագործել է 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտոր Շնիտկեն: Զրույցից պարզվեց, որ ավելի քան բուռն է նրա արտերկրյա ստեղծագործական կյանքը: Արվեստագետը հանդես է եկել աշխարհի 30 երկրներում ե՛ւ որպես թավջութակահար, ե՛ւ որպես դիրիժոր՝ համագործակցելով լավագույն նվագախմբերի հետ: Անգլիական հայտնի «Chandos» ֆիրման ձայնագրել է CD-ների շարք, որտեղ ընդգրկված են Ռախմանինովի, Պրոկոֆեւի, Շոստակովիչի, Շնիտկեի, Ռոսլավեցի եւ Չերեպնինիի թավջութակի համար գրված բոլոր ստեղծագործությունները: Մեր հարցապնդմանը, թե, այնուամենայնիվ, ի՞նչը չէր բավարարում իրեն Ռուսաստանում, Ա. Իվաշկինը կատակեց. «Ես աշխարհում դեռ չեմ հանդիպել մեկին, որ իրեն բավարարված զգա: Համարեք, որ ես «սուպեր» անբավարարված եմ, բնականաբար՝ ստեղծագործական իմաստով»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել