Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ալիմենտ նշանակեց՝ 5000 դրամ

Մայիս 13,2005 00:00

Դատարանը ալիմենտ նշանակեց՝ 5000 դրամ Հաշվի չառնելով կնոջ քաղցկեղը եւ հարգելով նախկին ամուսնու թութքը 2004թ. ապրիլի 14-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը քննեց Սարգիս Սարգսյանի (ամուսնու պայմանական անունը) հայցը ընդդեմ Անուշ Ավագյանի (կնոջ անունը նույնպես պայմանական է): Նախկին ամուսինը պահանջել էր իջեցնել ալիմենտի չափը, քանի որ առաջին ատյանի դատարանով որոշվել էր բռնագանձել 25000 դրամ: Ինչերի ասես չդիմեց այդ «օրինակելի հայրը», միայն թե խուսափի ալիմենտ վճարելուց: Նրա ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ չի առարկում ամսական 1000 դրամ վճարել որդու համար՝ հայտնելով, որ իր «պաշտպանյալի» նյութական եւ առողջական վիճակը վատ է: Դատարան էր միաժամանակ ներկայացվել կնոջ հիվանդության պատմությունը, այն, որ կինը անաշխատունակ է, երկրորդ կարգի հաշմանդամ, կրծքի քաղցկեղի վիրահատության է ենթարկվել եւ ներկայումս բուժվում է ուռուցքաբանության ինստիտուտում: Խմբագրությունում առկա են բժշկական փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարան, ինչը, սակայն, դատարանը հաշվի չառավ եւ վճռեց ամսական 5000 դրամ տալ երեխային: Հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 13000 դրամ: 2,5 տարվա համատեղ կյանքը եթե այլ կերպ դասավորվեր, ապա միթե այդ նույն ամուսինը 1000 կամ 5000 դրամ կծախսեր իր ընտանիքի վրա: Ամուսինը ներկայացրել էր մի փաստաթուղթ մի շենքի լիազորից (վավերացված «Հաղթանակ» համատիրության նախագահի ստորագրությամբ), որում նշված էր, թե «չի աշխատում եւ եկամուտ չունի»: Ամուսինը, որպես գործազուրկ՝ նպաստ չէր ստացել, հետեւաբար նրա եկամուտների կամ գումարների մասին շենքի լիազորը իրավունք չուներ փաստաթուղթ տալու: Հետաքրքիր է, որ Մոսկվայում գտնվող ամուսինը դատարան էր ներկայացրել ինչ-որ հիվանդանոցի ընդունարանից ուղարկված տեղեկանք՝ թութքի մասին: Տեղեկանքը կնքված չէր: Դատարանը հաշվի չառավ կնոջ ծանր հիվանդության հանգամանքը, փոխարենը հիմք ընդունեց թութքի մասին ամուսնու տեղեկանքը, հավանաբար միայն նրա համար, որ ամուսնուն ազատի ալիմենտ վճարելու ծանր պարտականությունից: Մի քանի օր առաջ վճռաբեկ դատարան դիմած կնոջ ներկայացուցիչը նկատել էր, որ դատարանի վճռով խախտվել է ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքի 71 հոդվածը, այն է՝ դատարանը, ելնելով երեխայի նախկին կենսապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից, հաշվի չի առել կողմերի գույքային եւ ընտանեկան դրությունը եւ նվազեցրել երեխային վճարվող ալիմենտի չափը 4 անգամ, որով հնարավոր չէ պաշտպանել երեխայի կենսապահովման մակարդակը, ինչպես նաեւ լուծել մոր ետվիրահատական ծախսերը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031