Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՁԵՌՆԱԾ

Մայիս 13,2005 00:00

ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցողներ Յերժի Յասկերնիան եւ Ժորժ Կոլոմբիեն երեկ բազմաթիվ հանդիպումներ ունեցան ՀՀ պաշտոնատարների հետ: Սակայն ամենաուշագրավը թերեւս համազեկուցողների միջնորդությամբ՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» ներկայացուցիչների ու ՀՌԱՀ նախագահի հանդիպումն էր: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» հայտնեց, որ իր հետ հանդիպման ընթացքում համազեկուցողների «հիմնական շեշտադրումները վերաբերում էին նախ ընտրական խախտումները չպատժելուն ու դրանց հետամուտ չլինելուն: Երկրորդ հարցը վերաբերում էր վարչական կալանքին եւ այն իրականացնող հաստատություններն արդարադատության նախարարության ենթակայության ներքո տեղափոխելուն: Եվ քննարկված երրորդ թեման Սահմանադրությունն էր՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը»: Մեր հարցին, թե ի՞նչ պարզաբանումներ է տվել ընտրակեղծարարներին պատասխանատվության չենթարկելու առնչությամբ՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Ես նշեցի, որ դա մեր՝ արդարադատության նախարարության խնդիրը չէ»: Իսկ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեր հարցին, թե արդյոք համազեկուցողներին մտահոգություն չի՞ պատճառել այն հանգամանքը, որ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորությունների՝ այժմ էլ փորձ է արվում սահմանադրական հանրաքվեի ժամկետը տեղափոխել մինչեւ աշուն, պատասխանեց. «Ժամկետների մասին չեն խոսել: Երեւի այդ հարցն արդեն քննարկել էին ԱԺ-ում ու նաեւ այլ ատյաններում: Մենք խոսել ենք հանրաքվեի եւ սահմանադրական բարեփոխումների տարբեր տարբերակների մասին»: Այժմ անդրադառնանք «Ա1+»-ի եթերազրկումից երեք տարի անց միայն բոլոր կողմերի մասնակցությամբ կայացած առաջին հանդիպմանը: Սակայն նախ հարկ է պարզաբանել այս հանդիպման կազմակերպման նախապատրաստական փուլին վերաբերող որոշ հանգամանքներ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հերքեց այն ենթադրությունը, թե ինքը նախապես հրաժարվել էր եռակողմ հանդիպումից. «Եղել է առաջարկ հանդիպումն ամբողջությամբ այդ ձեւաչափով կազմակերպելու վերաբերյալ: Ես ասել եմ, որ Յասկերնիայի հետ հանդիպումը պատկերացնում եմ այլ ձեւաչափով: Եվ չեմ առարկել հանդիպումից հետո ընդլայնված կազմով քննարկմանը»: Երեկ մեր թերթում հրապարակվել էր «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանից ստացված տեղեկությունը, թե որոշվել է, որ ՀՌԱՀ նախագահի փոխարեն՝ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի հետ պիտի հանդիպեր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ուստի եւ «Ա1+»-ն ու «ՆՏ»-ն որոշել էին հրաժարվել այդ հանդիպումից: Ալեքսան Հարությունյանը պարզաբանեց. «Ինձ ասել էին, որ Յասկերնիան եւ Կոլոմբիեն ցանկություն էին հայտնել ոչ թե առանձին-առանձին, այլ միասին հանդիպել մեր խորհրդի եւ ՀՌԱՀ-ի հետ, որ քննարկվի հարցերի ավելի լայն շրջանակ ու խնայեն ժամանակը: Մենք համաձայնել էինք, եւ որոշվեց, որ այդ հանդիպումը կկայանա Հանրային ռադիոյի մամուլի սրահում: Դրանից հետո ասվեց, թե ցանկություն կա, որ հանդիպման վերջում մենք՝ որպես տանտեր, հեռանանք, եւ Յասկերնիան ու Կոլոմբիեն հանդիպումը շարունակեն ՀՌԱՀ-ի եւ «Ա1+»-ի ու «ՆՏ»-ի ներկայացուցիչների հետ: Սրան եւս համաձայնեցինք: Սակայն հետո մամուլում կարդալով այլ մեկնաբանություններ՝ ուղղակի զարմացա: Նրանց ոչ ոք երբեւէ չի առաջարկել, որ հանդիպեն ինձ հետ: Ես իսկապես որեւէ առնչություն չունեմ ՀՌԱՀ-ի հետ եւ, եթե ցանկություն ունենամ հանդիպել «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի հետ՝ այդ մասին ուղղակիորեն կհայտնեմ այդ հեռուստաընկերությունների ղեկավարներին»: Այսուհանդերձ՝ կայացել է այս աննախադեպ հանդիպումը, որը տեւել է շուրջ 2 ժամ: Արտահայտվելու հնարավորություն են ունեցել բոլոր կողմերը: Մեսրոպ Մովսեսյանը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Գրիգոր Ամալյանը մինչ օրս գրավոր չի ներկայացնում 8 մրցույթներում «Ա1+»-ին մերժելու հիմքերը եւ, ինչպե՞ս պատահեց, որ պրոֆեսիոնալ կազմ ունեցող ու 6 տարի շարունակ եթերում աշխատող «Ա1+»-ի կազմը պարտվեց մի հեռուստաընկերության, որը հայտարարեց, թե պատրաստվում է աշխատել «Ա1+»-ի կազմի հետ: Գրիգոր Ամալյանի պատասխանների առնչությամբ «Ա1+»-ի կայքէջում երեկ հրապարակվել էր հետեւյալ տեղեկատվությունը, թե դրանք լսելով՝ Ժորժ Կոլոմբիեն ասել է. «Ձեր պատասխանները համոզիչ եւ գոհացուցիչ չեն: Հայաստանում ԶԼՄ-ների վիճակը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություններն իրականացնելիս»: Պարոն Կոլոմբիեն նաեւ նշել է, թե այդ մասին պատրաստվում է հայտնել Հայաստանի բարձրաստիճաններին: Սակայն Գրիգոր Ամալյանը մեզ հետ զրույցում մասնակիորեն հերքեց այդ տեղեկատվությունը. «Համազեկուցողների կողմից չի հնչել նման գնահատական մեր պատասխանների ոչ գոհացուցիչ լինելու վերաբերյալ: Եվ ընդհանրապես՝ որեւէ պատասխանի վերաբերյալ չի հնչել գնահատական: Ուղղակի Ժորժ Կոլոմբիեն վերջում նման մի միտք արտահայտեց, թե անկախ իրողություններից եւ հարցի էությունից՝ որեւէ դեպքում լավ չի անդրադառնում ընդհանուր մթնոլորտի եւ ընդհանրապես՝ երկրի հեղինակության վրա»: Մեր խնդրանքով գնահատելով այս հանդիպման օգտակար գործողության գործակիցը՝ ՀՌԱՀ նախագահն ասաց. «Չէի ցանկանա գնահատական տալ մի նախաձեռնության, որն իմը չէ, քանի որ գուցե նպատակը, թե ինչին է հետագայում ծառայելու այս հանդիպումը՝ ավելի պարզ ու հասկանալի է նախաձեռնողների համար: Ամեն դեպքում՝ կարծում եմ, թե օգտակար էր, քանի որ մենք հնարավորություն ունեցանք այն մարդկանց, որոնք ստիպված էին մշտապես առանձին-առանձին լսել տեսակետները՝ նրանց ներկայությամբ ուղղակի եւ օպերատիվ ծնված հարցի վերաբերյալ տալ անմիջական պատասխաններ: Կարծում եմ, որ հանդիպումն օգտակար էր նաեւ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի ներկայացուցիչներին, քանի որ նրանց համար ավելորդ չէր մեկ անգամ եւս լսել հիմնավորումները մի շարք հարցերի շուրջ»: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի հայցը ներկայացնող փաստաբանները, որոնք Հայաստան են ժամանել խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար: Տիգրան Տեր-Եսայանը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, մեկնաբանեց, թե Կոլոմբիեի գնահատականից, որ եթերում այս 2 հեռուստաընկերությունների չգտնվելը բացասաբար է անդրադառնում Հայաստանի վարկի վրա՝ կարելի է եզրակացնել, թե նման տեսակետ հայտնողն, ընդհանուր առմամբ, բավարար չի համարել ներկայացված հիմնավորումները, ու նաեւ գտնում է, թե 8 մրցույթում «Ա1+»-ի եւ 4-ում՝ «ՆՏ»-ի չհաղթելը «պատվաբեր չէ Հայաստանի իշխանությունների համար՝ ազատ խոսքի եւ այդ երկու հեռուստաընկերությունների նկատմամբ իրականացվող քաղաքականության առումով»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031