Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴԱՎԱՐԻ

Մայիս 13,2005 00:00

«ՄԱՐԴԱՎԱՐԻ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ» Երեկ Մամուլի ազգային ակումբում քննարկվող թեման էր՝ «Կա՞, արդյոք, Հայաստանում խորհրդարանական ճգնաժամ»: Քննարկողներն «Արդարություն» դաշինքն ու կոալիցիան էին՝ ի դեմս Արամ Գ. Սարգսյանի, Հրանտ Խաչատրյանի եւ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը ներկայացնող Սամվել Նիկոյանի, Համլետ Հարությունյանի: «Ես ինչ որ ժամանակին Լեւոնին քննադատում էի, հիմի նույնը՝ առանց տառասխալի, ինձ եք քննադատում: Վաղը դուք լինեք՝ ձեզ են քննադատելու»,- ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին այսպես հակադարձեց Համլետ Հարությունյանը: Իր իրավացիությունն ապացուցելու համար անգամ ասաց. «Ես երդվում եմ իմ երեխաների արեւով՝ ընդդիմության բացակայությունն ընդդիմությանը վնաս ա բերում: Դուք մի քանի անգամ կշահեիք, մեր ժողովուրդն էլ, ԱԺ-ն էլ»: Սրան ի պատասխան՝ Արամ Գասպարիչը վրա բերեց. «Էդքան շահագրգռված եք, մի անգամ եկեք Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ քննարկումն անցկացնենք (խոսքը 2003թ. ընտրությունների արդյունքների վիճարկման առիթով ՍԴ որոշման մասին է- Ն.Գ.), հիմի դուք ոչ մի խոսքով չեք անդրադառնում դրան, որովհետեւ Քոչարյանը թույլ չի տալիս, բայց ուզում եք, որ մենք մեխանիկորեն ամեն ինչ թողնենք»: Համլետ Հարությունյանն այսպես շարունակեց. «Ընդդիմության տղաները, որոնց 15-17 տարի ա ես ճանաչում եմ, ինքնակամ, դիտավորյալ էդ թատերաբեմը լքել են, մարդիկ՝ դուրսպրծուկներ, պատահական փառքով ջերմացած, չգիտեմ որտեղ փողեր գողացած… չե՞ք տեսնում ինչ ա կատարվում, ինչի՞ եք դուք ձեր տեղը զիջում: Այ մարդ, էն տղաները, որոնք կյանք են տվել՝ հետ մնացին, սրանք եկան դառան լիդեր՝ պրեզիդենտ են ուզում, հեղափոխություն են ուզում: Ասում են ԱԺ-ն ցրեք, այ ախպեր ջան, մենք ստեղ մեր համար աշխատում ենք, խի՞ ցրենք, ի՞նչ ա պատահել, ինձնից լա՜վ տղա ե՞ք: Ապրում ենք, էլի, աշխատում ենք…»: «Զատո մարդավարի ապրում ենք…»,- հանրահայտ հումորից՝ ապահովված ընտանիքի ծույլիկ երեխայի խոսքը հիշեց Հրանտ Խաչատրյանը: Խորհրդարանական ճգնաժամ երեւույթի առիթով Արամ Գասպարիչը կարծում է, որ «ճգնաժամը երկրի ղեկավարների ուղեղներում է, որովհետեւ ճգնաժամը համընդհանուր է»: Կոնկրետ խորհրդարանի մասով՝ «Ճգնաժամի երեւույթներից մեկն էլ այն է, որ ԱԺ մեծամասնությունն իր մեջ խիզախություն չգտավ ԱԺ ընդդիմության հետ բացահայտ բանակցություններ վարելու եւ համապատասխան որոշումներ ընդունելու: Նրանք ենթարկվեցին իրենց չորրորդ կողմին՝ Ռոբերտ Քոչարյանին»: Եթե Սամվել Նիկոյանը խորհրդարանում տեղի ունեցող բոլոր գործընթացները համարում է «նորմալ աշխատանքային», ապա Համլետ Հարությունյանը՝ «անհամաձայնություն՝ քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ»: Ընդդիմադիրների բոյկոտը վերջինիս բնորոշմամբ «իշխանակռիվ» է: Պարոն Հարությունյանը երկրում քաղաքական համակարգ չի տեսնում. «Կա քաղաքական բիզնես, որը, որպես կանոն, տանում է հեղաշրջումների»: Արդյո՞ք այդ փաստն ինքնին ճգնաժամի մասին չի խոսում: Հ. Հարությունյանը դա «պատմություն» է համարում. «Մենք 15 տարեկան ենք, ոչ մի երկրում կլասիկ համակարգն այդքան կարճ ժամանակում չի ձեւավորվում: Որ ասում են հրմշտոց՝ էդ է, «լավ տղեքը» հրմշտելով իրենց գործն են առաջ տանում»: «Իրենց ձեռնտու չէ, չեն ուզում տեսնել ճգնաժամը,- ասում է Հրանտ Խաչատրյանը,- բայց որ ուզում են համոզել, որ այն չկա՝ վտանգավոր է: Ուրեմն չեն ուզում վերացնել: ԱԺ-ն՝ ԱԺ չէ, որ ասենք ճգնաժամ է, թե՝ չէ: Դա կլանային համակարգի կցորդ է: Եթե պիտի արտաքին աշխարհի համար ժողովրդավարության քող ստեղծենք՝ ինձ հետ պիտի համաձայնեցվի, թե հանուն ինչի՞: Եթե հանուն մի քանիսի գրպանների, ես համաձայն չեմ: Փոքրամասնությունները լինում են սեռական, կրոնական եւ ազգային: Էդ ո՞ր մի խմբի մեջ ենք մտնում ես եւ Արամ Սարգսյանը, որ պիտի հաշտվենք: Ով այս հարցին հրապարակավ կպատասխանի՝ ես նրա հետ կշարունակեմ բանավեճը: Հակառակ դեպքում՝ ամեն ինչ կեղծիք է»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել