Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ»՝ ԱՊԱԳԱՅԻ ԹԻՄ

Մայիս 13,2005 00:00

Հայաստանում
կայուն բյուջե ունեցող ֆուտբոլային ակումբները շատ չեն: Ու մեծապես դրանով է պայմանավորված
երկրի առաջնության ցածր մակարդակը: Հետեւաբար, մեզանում ամեն մի նոր ակումբի
ծնունդը ուրախալի է, մանավանդ որ դրա հովանավորը գործին մոտենում է լրջությամբ: Հայաստանի
առաջնության առաջին խմբում բավականին հաջող է մեկնարկել նորաստեղծ «Երեւան Յունայթեդը»,
որի հիմնադիր-հովանավորը ավստրալահայ գործարար Տիգրան Հովիվյանն է: Անցած շաբաթ նա
հերթական տուրում կազմակերպել էր իր թիմի շնորհանդեսը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»
ստադիոնի տրիբունաները վաղուց այդքան մարդաշատ չէին եղել: Հազարավոր ֆուտբոլասերներ
էին եկել՝ ներկա լինելու «Երեւան Յունայթեդի» տոնախմբությանը: Դիմելով հայաստանցի
ֆուտբոլասերներին՝ Տիգրան Հովիվյանն ասաց. «Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը
հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, առանց որի օգնության կարելի պիտի չլիներ
իրականացնել մեր երազանքը, որն է, օրինակ, եվրոպական մակարդակի պրոֆեսիոնալ ֆուտբոլային
ակումբ ունենալը Հայաստանում: Սիրելի ֆուտբոլասերներ, դուք պահանջում եք ֆուտբոլի
զարգացում Հայաստանում, բարձր արդյունքներ՝ մեր ազգային հավաքականից: Դա մեր բոլորի
ցանկությունն է: Դրա համար պետք է նախ հզորանան մեր ֆուտբոլային ակումբները: Իսկ
դրա միակ ուժը դուք եք: Միացեք ձեր սիրած թիմերին, երկրպագեցեք դրանց, ոգեւորեցեք
ֆուտբոլիստներին ձեր ներկայությամբ: Դուք եք ֆուտբոլիստներին էներգիա տվողը: «Երեւան
Յունայթեդ» ակումբն իր ստեղծման չորս ամսվա ընթացքում ստեղծել է եւ իր երկրպագուների
խմբերն ունի Հայաստանում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Մոնրեալում, Փարիզում, Սիդնեյում
եւ Մոսկվայում»: Այնուհետեւ, «Երեւան Յունայթեդը» հանդիպեց Էջմիածնի «Վաղարշապատին»
եւ հաղթանակ տարավ 5:1 խոշոր հաշվով՝ ինքն իրեն լավ նվեր մատուցելով: Խաղից հետո
Տիգրան Հովիվյանը լրագրողներին ասաց. «Այս օրվա համար ես աշխատել եմ 14 ամիս: Սրանից
հետո աշխատելու ենք շտկել մեր ունեցած սխալները, զարգացնել ֆուտբոլը Հայաստանում:
Պիտի ջանանք լավ ֆուտբոլ ցուցադրել, որպեսզի մարդիկ գան ստադիոն եւ գոհ մնան: Այս
տարի պայքարելու ենք բարձրագույն խումբ անցնելու համար: Հնարավոր չէ, որ այսպիսի
թիմը մնա առաջին խմբում: Ու դրա համար ոչինչ չենք խնայելու: Շատ ենք կարեւորում տեղական
կադրեր աճեցնելը: Բազմաթիվ ծրագրեր ունենք՝ կապված մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու
հետ: Մեր առաջնեկը 1993 թվականին ծնվածների թիմն է, իսկ մինչեւ հուլիս-օգոստոս ակումբում
մարզվելու են 6-ից 16 տարեկանների ամբողջական խմբեր: Պիտի տեղի ֆուտբոլիստներից բարձրակարգ
մարզիկներ պատրաստենք ու մատակարարելով հավաքականին՝ այն ուժեղացնենք»: Ա.
Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել