Վերջին
տարիներին Հայաստան ժամանած մի շարք արվեստագետներ թողնելով իրենց ծննդավայրը, ապրում
ու ստեղծագործում են այլ երկրներում: Հերթական օրինակը ծնունդով Մոսկվայից,
թավջութակահար, դիրիժոր Ալեքսանդր Իվաշկինն է (Մեծ Բրիտանիա), որն այսօր կղեկավարի
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Վերն ասվածի առիթով երաժիշտը կեսկատակ-կեսլուրջ
ասաց. «Ուզում եք, որ ինձնով հետաքրքրվեն իրավապահ մարմիննե՞րը»: Այնուհետեւ տեղեկացրեց,
որ 1989-ից հետո ապրել ու ստեղծագործել է Ամերիկայում, Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում,
իսկ 1999-ից հիմնավորվել է Անգլիայում: Երաժիշտը նշեց, որ տարիներ շարունակ աշխատել
է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբում՝ որպես մենակատար-թավջութակահար եւ ղեկավարել
Մեծ թատրոնի մենակատարների նվագախումբը: Անձամբ ճանաչել ու շփվել է հայ անվանի կոմպոզիտորներ
Տ. Մանսուրյանի, Մ. Իսրայելյանի, Ե. Երկանյանի, Ա. Սաթյանի հետ, «պատվիրել» է Ավետ
Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան եւ դարձել առաջին կատարողը: Հայաստանում վերջին անգամ
եղել է 25 տարի առաջ: Իր խոսքերով. «Մի քանի ամառ անց եմ կացրել Դիլիջանի կոմպոզիտորների
ստեղծագործական տանը»: Երաժիշտը երբեք չի կորցրել կապը հայ կոմպոզիտորների ու կատարողների
հետ. «Մեծ ոգեւորությամբ եմ սպասում, երբ Երեւանում կղեկավարեմ Տիգրան Մանսուրյանի
«Գիշերային երաժշտությունը»: Ա. Իվաշկինը այսօր էլ Լոնդոնում բնակվող անվանի
թավջութակահարներ Կարինե Գեորգիյանի, Վահրամ Սարաջյանի, ամերիկաբնակ Սուրեն Բագրատունու
հետ ստեղծագործական բուռն կապերի մեջ է: Նա Լոնդոնի Ռուսական երաժշտության կենտրոնի,
Ադամի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի եւ Կամերային երաժշտության ամենամյա
փառատոնի տնօրենն է: Նշենք, որ աշխարհահռչակ Մ. Ռոստրոպովիչի եւ Ն. Գուտմանից հետո՝
Ա. Իվաշկինը եզակի թավջութակահարներից է, որի համար հատուկ ստեղծագործել է 20-րդ
դարի մեծանուն կոմպոզիտոր Շնիտկեն: Զրույցից պարզվեց, որ ավելի քան բուռն է նրա արտերկրյա
ստեղծագործական կյանքը: Արվեստագետը հանդես է եկել աշխարհի 30 երկրներում ե՛ւ որպես
թավջութակահար, ե՛ւ որպես դիրիժոր՝ համագործակցելով լավագույն նվագախմբերի հետ: Անգլիական
հայտնի «Chandos» ֆիրման ձայնագրել է CD-ների շարք, որտեղ ընդգրկված են Ռախմանինովի,
Պրոկոֆեւի, Շոստակովիչի, Շնիտկեի, Ռոսլավեցի եւ Չերեպնինիի թավջութակի համար գրված
բոլոր ստեղծագործությունները: Մեր հարցապնդմանը, թե, այնուամենայնիվ, ի՞նչը
չէր բավարարում իրեն Ռուսաստանում, Ա. Իվաշկինը կատակեց. «Ես աշխարհում դեռ չեմ հանդիպել
մեկին, որ իրեն բավարարված զգա: Համարեք, որ ես «սուպեր» անբավարարված եմ, բնականաբար՝
ստեղծագործական իմաստով»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ