Այս օրերին Երեւանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կրկեսի նվիրյալ, 85-ամյա Ստեփան Իսահակյանը:
Նա աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Նիկուլինը, Պոպովը, Ենգիբարյանը: Իսահակյանի պատմելով, իրենք ժամանակին բարձր աշխատավարձ էին ստանում, 2 անգամ ավելի, քան նախարարները, հյուրախաղերի մեկնում արտասահման:
«Ես շատ երջանիկ եմ, որ 18 տարի անց կրկին Հայաստանում եմ: 40 տարի շարունակ շրջել եմ աշխարհով մեկ, բայց ավելի զգացված եմ եղել երեւանյան հյուրախաղերով: Երեւանում իմ ելույթների ժամանակ անշլագ էր»,- հիշեց հանրահայտ կենդանավարժը: Հետաքրքրվեցինք, իսկ ինչո՞ւ ժամանակին հենց գետաձի վարժեցրեց (մինչ Իսահակյանը՝ որեւէ արտիստ այդ կենդանուն չի վարժեցրել- Գ. Հ.): «Երիտասարդ էի, համարձակ: Չէի վախենում դժվարություններից: Հետո մտածում էի, որ հայերը կենդանավարժությամբ էլ պիտի տարբերվեն ուրիշներից, դրա համար էլ գետաձին ընտրեցի»,-ասաց կենդանավարժը: Նա պատմեց, որ, ի տարբերություն հայաստանցիների, Մոսկվայի ազդեցիկ հայերը մշտապես հիշում են իրեն, նշում ծննդյան օրը: «Ճիշտ է, Հայաստանից էլ հրավիրեցին ինձ, բայց եթե իմանայի, որ այսպես էին հրավիրելու, ինչ է թե մի քանի լավ խոսք ասել Ենգիբարովի հիշատակին, չէի գա: Իհարկե, Լեոնիդ Ենգիբարովը տաղանդավորագույն արտիստ էր, դա բոլորը գիտեն, բայց այդ ամենը ես կարող էի նաեւ հեռախոսով ասել կամ հեռագիր ուղարկել, պարտադիր չէր ինձ կտրել-բերել Մոսկվայից, չէ՞ որ երիտասարդ չեմ»,- ասաց Ստ. Իսահակյանը:
Ժամանակին Հայաստանից ձեր անսպասելի հեռանալը տարբեր ասեկոսեների առիթ տվեց, հիմա կարո՞ղ եք ասել՝ ումից կամ ինչից էիք վիրավորված: «Ես երբեք Հայաստանում չեմ էլ ապրել, ուղղակի անընդհատ եկել-գնացել եմ: Ինձ այն տարիներին միշտ լավ են վերաբերվել, այնպես, ինչպես վերաբերվում են քիչ թե շատ հայտնի հայի հետ: Ծնողներս էլ հայեր էին, հայրս՝ Շուշիից, մայրս Գյումրիից: Ուղղակի այնպես ստացվեց՝ հաստատվեցի Մոսկվայում»,- ասաց արտիստը:
Ստեփան Իսահակյանի կարծիքով Երեւանը շատ է փոխվել, գեղեցիկ կառույցներ են հայտնվել, ու «Վրաստանի, Ադրբեջանի համեմատությամբ ավելի լավ վիճակում է»:
Իսահակյանը Մոսկվայում ոչ մեկի չի փոխանցել իր մասնագիտական հմտությունները, չի դասավանդել որեւէ հաստատությունում, արդեն 10 տարի կրկեսային արվեստով չի զբաղվում: Ասաց, որ Երեւանում մի շնորհալի երիտասարդի է հանդիպել, որին մտադիր է «ժառանգել» իր բոլոր հմտություններն ու մասնագիտական գաղտնիքները, իհարկե այդ երջանիկին ձեռնպահ մնաց առայժմ «բացահայտելուց»:
Ասաց, որ Մոսկվայում հայերով հաճախ են հանդիպում, հայազգի արտիստն ասաց, որ մտադիր է այցելել բոլոր ընկերների, նաեւ Առնո Բաբաջանյանի շիրիմներին: Տեսել է կոմպոզիտորի արձանը Երեւանում, այնքան էլ չի հավանել. «Մտահղացումը ընտիր է, Առնոյի ոգեշնչվածությունը, մուսան որսալու պահը կա քանդակում, բայց դեմքը գոնե նման լիներ»: Նա մի հետաքրքիր դրվագ պատմեց Բաբաջանյանի մասին. «Մի անգամ ֆուտբոլ էինք նայում ընկերներով: Մեր մեջ ասած՝ Առնոն սիրում էր հայհոյել: Առանց բացառության հայհոյում էր բոլորին ու բոլորի ներկայությամբ: Բայց այնքան լավ էր հայհոյում, որ հաճելի էր լսել: Այդ օրն էլ ֆուտբոլի պատճառով հայհոյեց, մեկ էլ տեսանք Առնոն լռել է, չի խոսում, զարմացանք: Նայեցինք՝ մտքով մեզ հետ չէր. մուսաների հետ էր՝ նոր երաժշտություն էր հորինում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ