Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱ՞Ն Է ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Մայիս 13,2005 00:00

Ըստ
Սերգո Երիցյանի, ճիշտ այնքան, որքան ողջ հասարակությունը եւ այնքան, որքան մի քանի
տարի առաջ: Իսկ մի քանի տարի առաջ, ինչպես հայտնի է, ԿԳ նախարարը դաշնակցական Լեւոն
Մկրտչյանն էր: Սա Ս. Երիցյանի պատասխանն էր դաշնակցության «Երկիր» թերթի թղթակցի
այն դիտարկմանը, թե կառավարության պատվերով ՄԱԿ-ի կազմակերպած ուսումնասիրությունների
արդյունքում պարզվել է, որ մեր երկրում ամենակոռումպացվածը կրթական համակարգն է:
«Այդ առումով կրթական համակարգը վերջից է առաջին տեղում: Թե ինչ ուսումնասիրություն
է կատարել ՄԱԿ-ը, ինչ մեթոդներով եւ ինչ գործիքներով, փառք Աստծո, գոնե այդ գործիքներին
ես տիրապետում եմ: Ես խնդրել եմ այդ գործիքները ներկայացնել, մարդիկ չեն ներկայացնում:
Ես իհարկե չեմ բացառում, որ կան խնդիրներ նաեւ մեր համակարգում, բայց ծիծաղելի է,
առնվազն զավեշտ է, երբ համակարգը համարվում է ամենակոռումպացվածը: Նաեւ զարմանում
եմ, որ շատ երիտասարդական կազմակերպություններ, մասնավորապես «Նիկոլ Աղբալյանը»,
շատ անհանգստացած են այս համակարգի հետ կապված»,- դաշնակցության բոստանը եւս մի քար
գցեց նախարարը: Ինչ վերաբերում է վերջերս ՀՀ դատախազության հայտարարությանը, թե Սերգո
Երիցյանը պետք է մեկամսյա ժամկետում ներկայացնի որոշ ոչ պետական բուհերի՝ դատարանով
հավատարմագրվելու մասին ուսումնասիրությունների արդյունքները եւ բացատրի, թե ինչու
է դատարանը ԿԳՆ-ին այդ հարցում մեղադրում անգործության մեջ, Ս. Երիցյանը նախ նշեց,
որ ոչ պետական բուհերի հետ կապված առաջին ահազանգողն ինքն է եղել: «Ոչ թե դատախազությունն
է եկել մեզ ստուգել, այլ ես եմ ահազանգել ե՛ւ կառավարություն, ե՛ւ համապատասխան մարմիններ,
որ այստեղ այս խնդիրը գոյություն ունի, որ ընդունվում են, այսպես կոչված, ոչ ճիշտ
վճիռներ: Մենք ենք ահազանգել այդ մասին, հիմա շուռ է գալիս մեր դեմ, ոչինչ, մենք
դրա պատասխանը հստակ կտանք: Հուսամ, որ դատախազությունն էլ հայց կներկայացնի այդ
վճիռների դեմ, կբեկանեն այն վճիռները, որոնք կայացվել են ոչ ճիշտ իրավական դաշտում»:
Ըստ նախարարի՝ իրավական նոնսենս է, որ դատարանը վճիռ է կայացնում հավատարմագիր տալու
մասին. «մեզ կարող էր դատարանը պարտավորեցնել, որպեսզի մենք սկսեինք այս գործընթացը»:
Ընդունելության քննությունների կանոնների մասին խոսելով, նախարարը շեշտեց
այն փոփոխությունը, ըստ որի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի դիմորդներին իրավունք
է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված 3՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն
մրցութային քննություններից 2-ը, իսկ մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից դիմում-հայտում
նշված քննությունների հերթականությամբ եւ հավասար միավորների դեպքում առավելություն
է տրվում հայտում 1-ինը նշված առարկային: Եթե անգամ հիվանդության պատճառով դիմորդը
առաջինը չհանձնի այն առարկան, որ առաջինն է նշել, միեւնույն է, մրցույթը անցկացվելու
է հայտում նշված հերթականությամբ: «Նախկինում «առաջին» բառը նշված չէր, հիմա ընդգծել
ենք»: Այս շտկումն ընդգծելով հանդերձ, նախարարը չի կարծում, որ սխալմունք է եղել,
եւ կվերանայվեն այն դիմորդների գործերը, ովքեր անցյալ տարի այս թյուրիմացության զոհ
դարձան, եւ դատարանը մերժեց նրանց բողոքը: Այս տարի, մեդալի արտոնությունը
հանելու հետ մեկտեղ, մեդալի հավակնորդների թիվը կիսով չափ պակասել է նախորդ տարիների
համեմատությամբ: Արդյոք սա ապացույց չէ՞, որ նախկինում այլեւայլ ճանապարհներով բուհ
մտնելու համար հարցը հեշտ էր լուծել ավելի ցածր մակարդակում՝ մեդալակիրների քննության
ժամանակ, եւ դրանից մեդալակիրների թիվն արհեստականորեն եւ կասկածելիորեն մեծ էր:
Մեր այս հարցին ի պատասխան՝ Ս. Երիցյանը պատասխանեց. «Հայ ժողովուրդն ավելի շատ պրագմատիկ
է. եթե որեւէ նշանակություն չի ունենում մեդալը, երեւի թե այդ պարագայում խուսափում
են հեռավոր շրջաններից գալ, քննություններին մասնակցել՝ համարելով, որ մեդալի բարոյական
արժեքը ոչ այնքան կարեւոր է»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել