Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհայտ «հյուրանոց» քաղաքի կենտրոնում

Մայիս 13,2005 00:00

Դպրոցամերձ
տարածքում երեկոյան հավաքվում են «թիթեռնիկները» Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հաստատություն
է լուսանկարում պատկերվածը: Որտե՞ղ է տանում դուռը, որի վրա գրված է՝ «բաց է»: Դատելով
նրանից, որ այս մուտքի շուրջ եղած երկու ցուցանակներն էլ ազդարարում են՝ «Ժալյուզիներ»,
ենթադրելի է, որ դուռը տանում է դեպի շերտավարագույրների խանութ: Սակայն տվյալ դեպքում
որեւէ ենթադրություն անելն անտեղի է: Չեք գուշակի: Բանն այն է, որ այս դռնից ներս՝
Բաղրամյան 33 հասցեում գտնվում է, մեղմ ասած՝ «հյուրանոց»: Թե որքան վաղուց է այս
«հյուրանոցը» հանգրվանում շերտավարագույրների թափանցիկ քողի ներքո՝ դժվար է ասել,
սակայն ոչ պակաս, քան մի քանի ամիս: Գոնե մենք տարվա սկզբին պատահաբար հայտնվել ենք
«հյուրանոցում», կարծելով, թե մտնում ենք շերտավարագույրների խանութ (որն իրականում
գտնվում է հարեւանությամբ եւ շատ որակյալ է): Մեզ նման «շփոթվածների» քանակը հաստատ
փոքր չէ: Իսկ շփոթմունքը առաջանում է նրանից, որ «օբյեկտի» տերերը չեն ցանկանում
որեւէ ցուցանակով ազդարարել, որ այս մուտքը տանում է հենց «հյուրանոց»: Փոխարենը,
դրա գոյության մասին շատ լավ գիտեն «օբյեկտից» մի քանի մետր ցած, դիմացի մայթին գտնվող
Կամոյի դպրոցի մոտ «խարիսխ գցող» մարմնավաճառները: Նրանք դպրոցի (ընդգծենք, դըպ-րո-ցի՛)
առջեւ հայտնվում են երեկոյան ժամը 8-ից սկսած: Եթե ձմռանը նրանց խավարի միջից նկատում
էին միայն «թիթեռաորսի» դուրս եկած տղամարդիկ, ապա հիմա, երբ մինչեւ ժամը 21-22-ը
դեռ լուսավոր է, դպրոցի մայթեզրին կանգնած, իրենց ողջ տեսքով «էստի համեցեք» ճչացող
կանայք աննկատ չեն մնում ոչ մեկի կողմից: Այն, որ տարբեր հոթելները, մոթելներն
ու սաունաները կարող են առանց ցուցանակի (հավանաբար, կիսալեգալ ձեւով) գոյատեւել
մեր քաղաքի սրտում՝ ցավալի, բայց զարմանալի չէ: Բայց որ դպրոցամերձ տարածքները կարող
են հայտնվել այդ «ինդուստրիայի» էպիկենտրոնում՝ չափազանց մտահոգիչ է: Բավական չէ
դպրոցները, պետության անմիջական մասնակցությամբ իրենց հեղինակությունն ու վարկը գցեցին՝
ասոցացվելով ընտրակեղծիքների արատավոր պրակտիկայի հետ, հիմա էլ դրանք պիտի ասոցացվեն
մարմնավաճառությա՞ն հետ: Գուցե սա այն դեպքն է, որ պետությունն իրավունք չունի ձեռքերը
լվանալ ու թաքնվել՝ «շուկայական հարաբերություններ են, մենք չենք կարող խառնվել»
ամենափրկիչ կարգախոսի ետեւում: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել