Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿԻ «ԲԵՐԿՐԱՆՔԸ»

Մայիս 13,2005 00:00

ՀԱՂԹԱՆԱԿԻ
«ԲԵՐԿՐԱՆՔԸ» Երեկ լրացավ ղարաբաղյան հակամարտության գոտում
հաստատված հրադադարի 11 տարին: Սովորաբար պատերազմների կամ առանձին մարտական գործողությունների
արդյունքներն արժեւորվում են որոշակի ժամանակահատվածի մեջ, եւ հաճախ՝ անցնող տարիների
համատեքստում «հաղթանակ» կամ «պարտություն» հասկացությունները խիստ հարաբերական իմաստ
են ձեռք բերում: Ի՞նչ ունեինք մենք արդեն հեռավոր թվացող 1994-ի մայիսի 12-ի դրությամբ,
ի՞նչ է արվել այդ օրվանից ի վեր՝ ռազմաճակատային ձեռքբերումները քաղաքականապես ամրագրելու
համար, եւ վերջապես՝ ի՞նչ ունենք այսօր: 11 տարի առաջ հրադադարի մասին Բիշքեկում
ստորագրված համաձայնագրով, որի վրա, ի դեպ, դրված են ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի,
այնպես էլ ԼՂ ներկայացուցչի ստորագրությունները, ըստ էության, ամրագրվեցին հայ-ադրբեջանական
հակամարտության գոտում ձեւավորված փաստացի, ու հարկ է ընդգծել՝ հայկական կողմի համար
խիստ նպաստավոր իրողությունները, եւ կողմերը, ԵԱՀԿ շրջանակներում լիազորված միջազգային
միջնորդների աջակցությամբ, սկսեցին խաղաղության վերջնական բանաձեւի մշակմանն ուղղված
բանակցությունները: Ավել կամ պակաս հաջողություններով ընթացած այդ բանակցությունները
1998-ին մոտ էին ինչ-որ մի հանգուցալուծման, ինչի փոխարեն, սակայն, տեղի ունեցան
«հայտնի ուժերի» սանձազերծած հայտնի իրադարձությունները: Բանակցությունները մտան
փակուղի եւ, ըստ էության, մինչ այսօր այնտեղից դուրս չեն եկել: Պալատական հեղաշրջման
արդյունքում «հաղթողական» ծրագրերով Հայաստանում իշխանության եկած ուժերն, իհարկե,
վերջին տարիներին բանակցությունների շարունակման պատրանք ստեղծեցին: Կարճ ժամանակ
անց, սակայն, ակնհայտ դարձավ, որ նրանց համար կարեւորը ոչ թե խնդրի վերջնական եւ
սկզբունքային լուծումն է, այլ ամեն գնով ստատուս-քվոյի պահպանումն ու սեփական իշխանության
երկարաձգումը: Նույնպիսի վարքագիծ ընտրեցին նաեւ Ադրբեջանի հարաբերականորեն նոր իշխանությունները՝
Իլհամ Ալիեւի գլխավորությամբ: Այստեղ, սակայն, առկա է մի էական տարբերություն. վերջիններս
հրաշալի հասկանում են, որ աշխարհաքաղաքական հայտնի հանգամանքների բերումով ժամանակն
աշխատում է հօգուտ իրենց: Ի արդյունք, այդպես էլ բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց
չարձանագրվեց: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել