Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ

Մայիս 13,2005 00:00

ԵԽԽՎ
դիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցողներ Յերժի Յասկերնիան եւ Ժորժ Կոլոմբիեն
երեկ բազմաթիվ հանդիպումներ ունեցան ՀՀ պաշտոնատարների հետ: Սակայն ամենաուշագրավը
թերեւս համազեկուցողների միջնորդությամբ՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» ներկայացուցիչների
ու ՀՌԱՀ նախագահի հանդիպումն էր: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն
«Առավոտին» հայտնեց, որ իր հետ հանդիպման ընթացքում համազեկուցողների «հիմնական շեշտադրումները
վերաբերում էին նախ ընտրական խախտումները չպատժելուն ու դրանց հետամուտ չլինելուն:
Երկրորդ հարցը վերաբերում էր վարչական կալանքին եւ այն իրականացնող հաստատություններն
արդարադատության նախարարության ենթակայության ներքո տեղափոխելուն: Եվ քննարկված երրորդ
թեման Սահմանադրությունն էր՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը»: Մեր հարցին,
թե ի՞նչ պարզաբանումներ է տվել ընտրակեղծարարներին պատասխանատվության չենթարկելու
առնչությամբ՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Ես նշեցի, որ դա մեր՝ արդարադատության
նախարարության խնդիրը չէ»: Իսկ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեր հարցին, թե
արդյոք համազեկուցողներին մտահոգություն չի՞ պատճառել այն հանգամանքը, որ հակառակ
Հայաստանի ստանձնած պարտավորությունների՝ այժմ էլ փորձ է արվում սահմանադրական հանրաքվեի
ժամկետը տեղափոխել մինչեւ աշուն, պատասխանեց. «Ժամկետների մասին չեն խոսել: Երեւի
այդ հարցն արդեն քննարկել էին ԱԺ-ում ու նաեւ այլ ատյաններում: Մենք խոսել ենք հանրաքվեի
եւ սահմանադրական բարեփոխումների տարբեր տարբերակների մասին»: Այժմ անդրադառնանք
«Ա1+»-ի եթերազրկումից երեք տարի անց միայն բոլոր կողմերի մասնակցությամբ կայացած
առաջին հանդիպմանը: Սակայն նախ հարկ է պարզաբանել այս հանդիպման կազմակերպման նախապատրաստական
փուլին վերաբերող որոշ հանգամանքներ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի
նախագահ Գրիգոր Ամալյանը հերքեց այն ենթադրությունը, թե ինքը նախապես հրաժարվել էր
եռակողմ հանդիպումից. «Եղել է առաջարկ հանդիպումն ամբողջությամբ այդ ձեւաչափով կազմակերպելու
վերաբերյալ: Ես ասել եմ, որ Յասկերնիայի հետ հանդիպումը պատկերացնում եմ այլ ձեւաչափով:
Եվ չեմ առարկել հանդիպումից հետո ընդլայնված կազմով քննարկմանը»: Երեկ մեր
թերթում հրապարակվել էր «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանից ստացված տեղեկությունը,
թե որոշվել է, որ ՀՌԱՀ նախագահի փոխարեն՝ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի հետ պիտի հանդիպեր Հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ուստի եւ «Ա1+»-ն
ու «ՆՏ»-ն որոշել էին հրաժարվել այդ հանդիպումից: Ալեքսան Հարությունյանը պարզաբանեց.
«Ինձ ասել էին, որ Յասկերնիան եւ Կոլոմբիեն ցանկություն էին հայտնել ոչ թե առանձին-առանձին,
այլ միասին հանդիպել մեր խորհրդի եւ ՀՌԱՀ-ի հետ, որ քննարկվի հարցերի ավելի լայն
շրջանակ ու խնայեն ժամանակը: Մենք համաձայնել էինք, եւ որոշվեց, որ այդ հանդիպումը
կկայանա Հանրային ռադիոյի մամուլի սրահում: Դրանից հետո ասվեց, թե ցանկություն կա,
որ հանդիպման վերջում մենք՝ որպես տանտեր, հեռանանք, եւ Յասկերնիան ու Կոլոմբիեն
հանդիպումը շարունակեն ՀՌԱՀ-ի եւ «Ա1+»-ի ու «ՆՏ»-ի ներկայացուցիչների հետ: Սրան
եւս համաձայնեցինք: Սակայն հետո մամուլում կարդալով այլ մեկնաբանություններ՝ ուղղակի
զարմացա: Նրանց ոչ ոք երբեւէ չի առաջարկել, որ հանդիպեն ինձ հետ: Ես իսկապես որեւէ
առնչություն չունեմ ՀՌԱՀ-ի հետ եւ, եթե ցանկություն ունենամ հանդիպել «Ա1+»-ի եւ
«ՆՏ»-ի հետ՝ այդ մասին ուղղակիորեն կհայտնեմ այդ հեռուստաընկերությունների ղեկավարներին»:
Այսուհանդերձ՝ կայացել է այս աննախադեպ հանդիպումը, որը տեւել է շուրջ 2 ժամ:
Արտահայտվելու հնարավորություն են ունեցել բոլոր կողմերը: Մեսրոպ Մովսեսյանը մասնավորապես
հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Գրիգոր Ամալյանը մինչ օրս գրավոր չի ներկայացնում 8 մրցույթներում
«Ա1+»-ին մերժելու հիմքերը եւ, ինչպե՞ս պատահեց, որ պրոֆեսիոնալ կազմ ունեցող ու
6 տարի շարունակ եթերում աշխատող «Ա1+»-ի կազմը պարտվեց մի հեռուստաընկերության,
որը հայտարարեց, թե պատրաստվում է աշխատել «Ա1+»-ի կազմի հետ: Գրիգոր Ամալյանի պատասխանների
առնչությամբ «Ա1+»-ի կայքէջում երեկ հրապարակվել էր հետեւյալ տեղեկատվությունը, թե
դրանք լսելով՝ Ժորժ Կոլոմբիեն ասել է. «Ձեր պատասխանները համոզիչ եւ գոհացուցիչ չեն:
Հայաստանում ԶԼՄ-ների վիճակը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ԵԽ-ի առջեւ ստանձնած
պարտավորություններն իրականացնելիս»: Պարոն Կոլոմբիեն նաեւ նշել է, թե այդ մասին
պատրաստվում է հայտնել Հայաստանի բարձրաստիճաններին: Սակայն Գրիգոր Ամալյանը
մեզ հետ զրույցում մասնակիորեն հերքեց այդ տեղեկատվությունը. «Համազեկուցողների կողմից
չի հնչել նման գնահատական մեր պատասխանների ոչ գոհացուցիչ լինելու վերաբերյալ: Եվ
ընդհանրապես՝ որեւէ պատասխանի վերաբերյալ չի հնչել գնահատական: Ուղղակի Ժորժ Կոլոմբիեն
վերջում նման մի միտք արտահայտեց, թե անկախ իրողություններից եւ հարցի էությունից՝
որեւէ դեպքում լավ չի անդրադառնում ընդհանուր մթնոլորտի եւ ընդհանրապես՝ երկրի հեղինակության
վրա»: Մեր խնդրանքով գնահատելով այս հանդիպման օգտակար գործողության գործակիցը՝
ՀՌԱՀ նախագահն ասաց. «Չէի ցանկանա գնահատական տալ մի նախաձեռնության, որն իմը չէ,
քանի որ գուցե նպատակը, թե ինչին է հետագայում ծառայելու այս հանդիպումը՝ ավելի պարզ
ու հասկանալի է նախաձեռնողների համար: Ամեն դեպքում՝ կարծում եմ, թե օգտակար էր,
քանի որ մենք հնարավորություն ունեցանք այն մարդկանց, որոնք ստիպված էին մշտապես
առանձին-առանձին լսել տեսակետները՝ նրանց ներկայությամբ ուղղակի եւ օպերատիվ ծնված
հարցի վերաբերյալ տալ անմիջական պատասխաններ: Կարծում եմ, որ հանդիպումն օգտակար
էր նաեւ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի ներկայացուցիչներին, քանի որ նրանց համար ավելորդ չէր
մեկ անգամ եւս լսել հիմնավորումները մի շարք հարցերի շուրջ»: Ի դեպ, հանդիպմանը
ներկա են եղել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի հայցը ներկայացնող
փաստաբանները, որոնք Հայաստան են ժամանել խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար:
Տիգրան Տեր-Եսայանը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, մեկնաբանեց, թե Կոլոմբիեի
գնահատականից, որ եթերում այս 2 հեռուստաընկերությունների չգտնվելը բացասաբար է անդրադառնում
Հայաստանի վարկի վրա՝ կարելի է եզրակացնել, թե նման տեսակետ հայտնողն, ընդհանուր
առմամբ, բավարար չի համարել ներկայացված հիմնավորումները, ու նաեւ գտնում է, թե 8
մրցույթում «Ա1+»-ի եւ 4-ում՝ «ՆՏ»-ի չհաղթելը «պատվաբեր չէ Հայաստանի իշխանությունների
համար՝ ազատ խոսքի եւ այդ երկու հեռուստաընկերությունների նկատմամբ իրականացվող քաղաքականության
առումով»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել