Երեկ
Մամուլի ազգային ակումբում քննարկվող թեման էր՝ «Կա՞, արդյոք, Հայաստանում խորհրդարանական
ճգնաժամ»: Քննարկողներն «Արդարություն» դաշինքն ու կոալիցիան էին՝ ի դեմս
Արամ Գ. Սարգսյանի, Հրանտ Խաչատրյանի եւ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը ներկայացնող
Սամվել Նիկոյանի, Համլետ Հարությունյանի: «Ես ինչ որ ժամանակին Լեւոնին քննադատում
էի, հիմի նույնը՝ առանց տառասխալի, ինձ եք քննադատում: Վաղը դուք լինեք՝ ձեզ են քննադատելու»,-
ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին այսպես հակադարձեց Համլետ Հարությունյանը:
Իր իրավացիությունն ապացուցելու համար անգամ ասաց. «Ես երդվում եմ իմ երեխաների արեւով՝
ընդդիմության բացակայությունն ընդդիմությանը վնաս ա բերում: Դուք մի քանի անգամ կշահեիք,
մեր ժողովուրդն էլ, ԱԺ-ն էլ»: Սրան ի պատասխան՝ Արամ Գասպարիչը վրա բերեց. «Էդքան
շահագրգռված եք, մի անգամ եկեք Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ քննարկումն
անցկացնենք (խոսքը 2003թ. ընտրությունների արդյունքների վիճարկման առիթով ՍԴ որոշման
մասին է- Ն.Գ.), հիմի դուք ոչ մի խոսքով չեք անդրադառնում դրան, որովհետեւ Քոչարյանը
թույլ չի տալիս, բայց ուզում եք, որ մենք մեխանիկորեն ամեն ինչ թողնենք»: Համլետ
Հարությունյանն այսպես շարունակեց. «Ընդդիմության տղաները, որոնց 15-17 տարի ա ես
ճանաչում եմ, ինքնակամ, դիտավորյալ էդ թատերաբեմը լքել են, մարդիկ՝ դուրսպրծուկներ,
պատահական փառքով ջերմացած, չգիտեմ որտեղ փողեր գողացած… չե՞ք տեսնում ինչ ա կատարվում,
ինչի՞ եք դուք ձեր տեղը զիջում: Այ մարդ, էն տղաները, որոնք կյանք են տվել՝ հետ մնացին,
սրանք եկան դառան լիդեր՝ պրեզիդենտ են ուզում, հեղափոխություն են ուզում: Ասում են
ԱԺ-ն ցրեք, այ ախպեր ջան, մենք ստեղ մեր համար աշխատում ենք, խի՞ ցրենք, ի՞նչ ա պատահել,
ինձնից լա՜վ տղա ե՞ք: Ապրում ենք, էլի, աշխատում ենք…»: «Զատո մարդավարի ապրում
ենք…»,- հանրահայտ հումորից՝ ապահովված ընտանիքի ծույլիկ երեխայի խոսքը հիշեց Հրանտ
Խաչատրյանը: Խորհրդարանական ճգնաժամ երեւույթի առիթով Արամ Գասպարիչը կարծում
է, որ «ճգնաժամը երկրի ղեկավարների ուղեղներում է, որովհետեւ ճգնաժամը համընդհանուր
է»: Կոնկրետ խորհրդարանի մասով՝ «Ճգնաժամի երեւույթներից մեկն էլ այն է, որ ԱԺ մեծամասնությունն
իր մեջ խիզախություն չգտավ ԱԺ ընդդիմության հետ բացահայտ բանակցություններ վարելու
եւ համապատասխան որոշումներ ընդունելու: Նրանք ենթարկվեցին իրենց չորրորդ կողմին՝
Ռոբերտ Քոչարյանին»: Եթե Սամվել Նիկոյանը խորհրդարանում տեղի ունեցող բոլոր գործընթացները
համարում է «նորմալ աշխատանքային», ապա Համլետ Հարությունյանը՝ «անհամաձայնություն՝
քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ»: Ընդդիմադիրների բոյկոտը վերջինիս
բնորոշմամբ «իշխանակռիվ» է: Պարոն Հարությունյանը երկրում քաղաքական համակարգ չի
տեսնում. «Կա քաղաքական բիզնես, որը, որպես կանոն, տանում է հեղաշրջումների»: Արդյո՞ք
այդ փաստն ինքնին ճգնաժամի մասին չի խոսում: Հ. Հարությունյանը դա «պատմություն»
է համարում. «Մենք 15 տարեկան ենք, ոչ մի երկրում կլասիկ համակարգն այդքան կարճ ժամանակում
չի ձեւավորվում: Որ ասում են հրմշտոց՝ էդ է, «լավ տղեքը» հրմշտելով իրենց գործն են
առաջ տանում»: «Իրենց ձեռնտու չէ, չեն ուզում տեսնել ճգնաժամը,- ասում է Հրանտ
Խաչատրյանը,- բայց որ ուզում են համոզել, որ այն չկա՝ վտանգավոր է: Ուրեմն չեն ուզում
վերացնել: ԱԺ-ն՝ ԱԺ չէ, որ ասենք ճգնաժամ է, թե՝ չէ: Դա կլանային համակարգի կցորդ
է: Եթե պիտի արտաքին աշխարհի համար ժողովրդավարության քող ստեղծենք՝ ինձ հետ պիտի
համաձայնեցվի, թե հանուն ինչի՞: Եթե հանուն մի քանիսի գրպանների, ես համաձայն չեմ:
Փոքրամասնությունները լինում են սեռական, կրոնական եւ ազգային: Էդ ո՞ր մի խմբի մեջ
ենք մտնում ես եւ Արամ Սարգսյանը, որ պիտի հաշտվենք: Ով այս հարցին հրապարակավ կպատասխանի՝
ես նրա հետ կշարունակեմ բանավեճը: Հակառակ դեպքում՝ ամեն ինչ կեղծիք է»: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ