Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆ՝

Մայիս 12,2005 00:00

ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆ՝ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ 300 ՄԵՏՐԻ ՎՐԱ Ինչպես է հաջողվել «Եվրոպա» ՍՊԸ-ին ստանալ նման շինարարություն սկսելու թույլտվությունը Նոր Նորքի 7-րդ զանգվածի 28, 29, 30 շենքերի հարեւանությամբ մինչեւ վերջերս գտնվում էին թիվ 28 երթուղային տաքսու վերջնականգառը եւ դիսպետչերական կետը: Մի քանի օր առաջ դիսպետչերանոցը (վագոն-տնակի տեսքով) տեղահանվեց, իսկ հիշյալ երթուղու վերջին կանգառն էլ տեղափոխվեց Նոր Նորքի 9-րդ զանգված: Սակայն, ինչպես պարզվեց, երթուղայինների կայանը չարյաց փոքրագույնն է հիշյալ շենքերի բնակիչների եւ հատկապես նրանց երեխաների համար: Հենց նույն կետում, համապատասխան փաստաթղթերով, բենզալցակայան կառուցելու թույլտվություն ունի «Եվրոպա» ՍՊԸ-ն: Բենզալցման կայան կառուցելու ցանկության մասին հայտնի է դառնում հենց թիվ 28 երթուղին տեղահանելու ժամանակ: Բնականաբար, ՍՊԸ-ի ներկայացուցիչները պնդում են, որ առկա են բենզալցակայան կառուցելու քաղաքապետարանի համապատասխան որոշում եւ թույլատրված նախագիծ: Սակայն 7-րդ զանգվածի հիշյալ շենքերի բնակիչները կտրականապես դեմ են իրենց բնակարաններից ընդամենը 300-400 մետր տարածության վրա պայթուցիկ «օբյեկտ» ունենալուն: Անցյալ ուրբաթ հերթական անգամ «Եվրոպա» ՍՊԸ-ն երկու «Նիվայով» եւ մեկ էքսկավատորով փորձեց սկսել շինարարությունը, բայց բնակիչները դարձյալ ընդվզեցին եւ հետաձգեցին լցակայանի հիմնարկեքը: Այդ օրը «դեպքի վայրում» էին նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով, թեեւ հասարակական կարգի միակ խանգարիչը առայժմ չկառուցված բենզալցակայանն է: Մայորի ուսադիրներով ոստիկան Մանուկյանը «խաթր արեց» եւ մեկ օրով հնարավորություն տվեց բնակիչներին՝ գնալ եւ դատարանից շինարարությունը կասեցնելու որոշում բերել, այլապես ինքը ստիպված է իր պարտականությունները կատարել՝ ի պաշտպանություն շինարարություն կատարողների: Մայորը, թերեւս, վստահ է, որ դատարանը մեկ օրում, այն էլ՝ նման հարցում, չի կարողանա կողմնորոշվել: Իսկ բնակիչներն էլ, մայորի ցույց տված ճանապարհից «շեղվելով», դիմել էին Ավան եւ Նոր Նորքի համայնքների դատախազություն՝ խնդրելով կասեցնել շինարարության որոշումը, որովհետեւ այն պոտենցիալ վտանգ է մարդկանց համար, մանավանդ որ վերջիններս հենց կառուցվելիք բենզալցակայանի հարեւանությամբ հիմնել են Եղեռնի 90-ամյակին նվիրված պուրակ, իսկ ապագայում մտադիր են նաեւ խաղահրապարակ ստեղծել: Բենզալցակայանի շինարարությունը առայժմ չի սկսվել, բայց… Ե՛վ դատախազությանը, ե՛ւ նախագահի վերահսկողական ծառայությանը, ե՛ւ հենց քաղաքապետարանին անհրաժեշտ է պարզել, թե ի՞նչ տրամաբանությամբ, զորությամբ եւ միջոցներով է հաջողվել «Եվրոպա» ՍՊԸ-ին ստանալ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 28, 29, 30 շենքերի քթի տակ բենզալցակայան կառուցելու թույլտվություն, Երեւանի քաղաքապետի որոշում եւ հաստատված նախագիծ: Մի՞թե այդ տարածված բիզնեսը հնարավոր է իրականացնել միայն բնակչության առողջության եւ անվտանգության հաշվին: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՐՎԵՐԴՅԱՆՆորքի 7-րդ զանգվածի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել