Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ

Մայիս 12,2005 00:00

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՉՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ սկսվեցին 2004-ի պետբյուջեի մասին օրենքի կատարման հաշվետվության քննարկումները: Այդ բնորոշումը թեեւ բնավ սազական չէր դրանց՝ բացառությամբ մի դեպքի, չեղան ո՛չ հարցուպատասխաններ, ո՛չ էլ քննարկմանը բնորոշ այլ տարրեր: Ուղղակի ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահը կամ այլ պաշտոնատարներ հերթով ներկայացնում էին իրենց եզրակացությունը բյուջեի կատարողականի վերաբերյալ: Մինչդեռ այս եզրակացությունների ընթացքում հնչում էին նաեւ բավական հետաքրքրական բացահայտումներ: Ասենք՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի եզրակացությունը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, թե բյուջեի կատարումն ուղեկցվել է վերջին մի քանի տարիներին ձեւավորված խնդիրների դրսեւորմամբ: Մասնավորապես առանձնացրեց 2004-ի պետբյուջեի կատարման առանցքային հենակետը հանդիսացող հարկերը՝ ՀՆԱ ցուցանիշի գծով շուրջ 0,4%-ի աճի ապահովման փոխարեն, տարեկան արձանագրված ցուցանիշի նախորդ տարվա նույն մակարդակի պահպանումը: Ըստ նրա, հիշյալ ցուցանիշի ծրագրվածից ցածր մակարդակը շարունակաբար դրսեւորվել է վերջին 3 տարիների ընթացքում, եւ դա այն դեպքում, երբ հարկերի հավաքագրման տարեկան ցուցանիշները գերազանցել են ծրագրվածը: Ըստ ԿԲ եզրակացության, կառավարության ներկայացրած հաշվետվությունում նշված ցուցանիշի նախատեսված մակարդակից շեղման մեկնաբանությունը այնքան էլ հիմնավոր չէ: Դրամավարկային քաղաքականության կարճաժամկետ ծրագրավորման գործընթացում լրացուցիչ անորոշություն են առաջացրել 2004-ի պետբյուջեի կատարման ընթացքում ժամանակավորապես ազատ միջոցների մեծածավալ կուտակումները գանձապետարանի միասնական հաշվում: Իր ազդեցությունն է թողել նաեւ պետբյուջեի ծախսերի անհամաչափ դինամիկան: Անհամաչափությունն ավելի վառ դրսեւորվել է դեկտեմբերին, երբ ամսվա վերջին երկու օրերի ընթացքում կատարված ծախսերը կազմել են ամսվա ցուցանիշի 30%-ը, իսկ դեկտեմբերի ծախսերը՝ տարեկան ցուցանիշի 13%-ը, ինչը շուրջ 1,5 անգամ ավելի է միջին ամսական ծախսերի մակարդակից: Ըստ ԿԲ-ի, դա նաեւ խոչընդոտել է տարվա ընթացքում գնաճի կառավարման ավելի հարթ եւ սահուն սցենարի ապահովմանը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել