Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորվեք

Մայիս 12,2005 00:00

Միավորվեք Ստեփան Կարենիչի «ավտարիտետի» շուրջ Երեկվա հանդիպման ժամանակ առաջարկում էին ՀԺԿ «Կենտրոն» տարածքային կառույցի ներկայացուցիչները ՀԺԿ ղեկավարի եւ Երեւանի «Կենտրոն» համայնքի ակտիվի հանդիպումը տեղի ունեցավ Խուլ ու համրերի մշակույթի տանը: Ըստ տարածքային կառույցի քարտուղար Գեղամ Բաղդասարյանի, հանդիպումից քիչ առաջ Կենտրոն համայնքի ոստիկանություն է հրավիրվել մշակույթի տան փոխտնօրենը եւ «ահաբեկվել, որպեսզի հանդիպումը չթույլատրի»: Հանդիպումը, սակայն, կայացավ, Ստեփան Դեմիրճյանը կուսակիցներին խոստացավ ավարտին հասցնել օրինական իշխանության հաստատման գործընթացը՝ հավելելով, որ «պայքարը շարունակվում է»: «Չմեռնեմ՝ էդ պայքարը տենամ, նոր մեռնեմ»,- դահլիճից պոռթկաց մի կին: «Ոչ միայն պայքարն ես տեսնելու, այլեւ պայքարի արդյունքն էլ»,- վրա բերեց ՀԺԿ առաջնորդը: Նա նաեւ ասաց, որ համախմբելու եւ ամրապնդելու են ոչ միայն ՀԺԿ-ն, նաեւ՝ «Արդարություն» դաշինքը, եւ պատրաստ են համագործակցել դաշինքից դուրս գտնվող կուսակցությունների հետ: «Ի՞նչ անել»,- իր իսկ հնչեցրած հարցին Ստ. Դեմիրճյանը պատասխանեց. «Շարունակել պայքարն ավելի կազմակերպված, հետեւողական եւ սկզբունքային: Համախմբվենք՝ այս ամենի վերջը տանք»: Այն, որ փորձ է արվել խոչընդոտել նույնիսկ դահլիճային հանդիպումը, ըստ ՀԺԿ առաջնորդի՝ «Վկայում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է, վախենում է նույնիսկ դահլիճային հանդիպումներից: Ակնհայտ է, որ սվիններով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ: Ովքեր խախտել են օրենքը եւ հանցագործություն են կատարել, պատասխան են տալու ժողովրդի առաջ»: ՀԺԿ-ականները ծանոթացան նաեւ Սահմանադրության եւ ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը՝ Սահմանադրություն խախտող իշխանությունը իրավունք չունի Սահմանադրություն փոխելու, եւ որ կատարյալ «Ընտրական օրենսգիրքն» էլ փրկություն չէ: ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը, ի հեճուկս հեգնողների եւ ի լուր աշխարհի, հիշեցրեց, որ Դեմիրճյանն իսկապես ազգընտիր է, իսկ՝ «Սահմանադրական ճանապարհը լայն հասկացություն է: Եթե ժողովուրդն իր ամբողջությամբ ինչ-որ քայլի էլ դիմի՝ սահմանադրական է»: Ստեփան Դեմիրճյանին հարցեր չեղան, փոխարենը նրան ձոնվեցին ելույթներ: Կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուբեն Կանդայանի պնդմամբ՝ «Էս դաշինքի («Արդարություն».- Ն. Գ.) հիմքն ու սիրտը եղել ա ու շարունակում ա մնալ ՀԺԿ-ն: ՀԺԿ-ի հեղինակությամբ, ձայներով, լիդերի ավտարիտետով բոլոր ձայները հավաքվեցին: Եթե դաշինքը չձեւավորվեր, Ստեփան Կարենիչ, կարող ա ՀԺԿ-ն նույն արդյունքն ունենար: Էս դաշինքի համապատասխան մեր գործընկերները թող երբեւիցե չմոռանան արմատները: Մեր ուժը միայն միասնության մեջ ա: Եթե չհամախմբվեն՝ նույն պատմությունը կկրկնվի, ինչ որ եղավ 2003-ին»: Պարոն Կանդայանին անչափ վրդովեցնում է այն, որ դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները չեն հայտարարում, որ իրենց լիդերը Ստեփան Կարենիչն է. «Ոնց որ Կարեն Սերոբիչը բոլորին հավաքեց՝ նույն ձեւի առաքելություն ունի Ստեփան Կարենիչը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել