Հայաստանի
ներքին եւ արտաքին քաղաքականությունն ապրում է խոր ճգնաժամ, որն ընդդիմադիր կուսակցություններին
եւ, ընդհանրապես, իր երկրի ներկայով եւ ապագայով մտահոգված յուրաքանչյուր բանական
մարդու ստիպում են խորհել ներկա իշխանությունների քաղաքականության ձախողման եւ բարոյական
կրախի սկզբնաղբյուրների ու պատճառների մասին։ Երբ պետության ղեկավարությունը
կորցնում է կառավարման ունակությունը եւ ամբողջովին չի տիրապետում իրադրությանը երկրի
ներսում եւ խճճվում է արտաքին հարաբերությունների բարդ լաբիրինթոսում, անպայմանորեն
բախվում է լեգիտիմության պրոբլեմի հետ, որը հանդիսանում է իշխանությունների քաղաքական
կայունության եւ գոյատեւման անխախտելի գրավականը։ Այս իրավիճակում ծագում է հետեւյալ
հարցը, հասարակությունն արդյո՞ք ընդունում է տվյալ ռեժիմի «օրինականությունը» եւ
«իրավասությունը», հետեւաբար՝ նրա «շարունակելիության» անհրաժեշտությունն ու իրավունքը։
Ի տարբերություն ավանդական իշխանություն ունեցող պետությունների (Սաուդյան
Արաբիա, Քուվեյթ, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, Իսպանիա) եւ խարիզմատիկ լիդերով (Նապոլեոն,
Մուսոլինի, Հիտլեր, Ֆիդել Կաստրո) ներկայացված երկրների, Հայաստանը՝ ժամանակակից
շատ պետությունների նման, դասվում է ռացիոնալ-իրավական համակարգ ունեցողների շարքին,
որոնցում իշխանությունը զուգորդվում է իրավունքի եւ օրենքի հետ։ Այս տիպի երկրներում
նախագահը եւ նրա թիմը օժտված են սահմանադրությամբ ձեւավորված հստակ նորմերով. ինչը
իրավունք ունեն անելու, իսկ ինչը՝ ոչ։ Լեգիտիմության մեխանիզմը արդյունավետ «աշխատում»
է եւ չի առաջացնում հասարակության կասկածն այնքան ժամանակ, քանի դեռ վարչակազմ ներկայացնողներն
ապրում եւ գործում են ընդունված օրենքներին խիստ համապատասխան, քանի դեռ այդ օրենքները
չեն խախտվում ե՛ւ ընդունողների, ե՛ւ ընդունածների կողմից։ Եթե նախկին ԽՍՀՄ-ում, հետեւաբար
եւ Հայաստանում, օրթոդոքսալ մարքսիզմը մերժում էր իշխանության լեգիտիմությունը որպես
բուրժուական փիլիփսոփայական կատեգորիա, ապա հետխորհրդային Հայաստանում այն դարձավ
գոյատեւման եւ առաջընթացի դոմինանտ։ Հայաստանի իշխանությունների լեգիտիմության
մեխանիզմը, որը ստեղծվել եւ սկսել էր գործել Երրորդ Հանրապետությունում, այսօր խաթարված
է։ Մի շարք քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական գործոնների կողքին նաեւ լեգիտիմության
չգոյությամբ է բացատրվում այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում, այդ
թվում եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հիմնահարցում մենք կրում ենք պարտություն
պարտության ետեւից, տնտեսությունը քայքայվում եւ հետընթաց է ապրում, երկրում ոտնահարվում
են ժողովրդավարության եւ մարդու տարրական իրավունքները, քաղաքացին օտարվում է իշխանություններից
եւ զրկվում գոնե հեռվից պետության գործերին հաղորդակցվելու հնարավորությունից, բոլոր
ոլորտներում, ներառյալ պետական համակարգը, ծաղկում է կոռուպցիան, կաշառակերությունը
եւ օլիգարխիկ «բեսպրեդելը»։ Այս ամենի շնորհիվ իշխանությունները վաստակեցին
խորը դեֆիցիտ լեգիտիմության բոլոր կատեգորիաներում, որոնք են. ա/ գաղափարախոսական
լեգիտիմություն։ Հասարակությունը կորցրել է հավատը քաղաքական համակարգի եւ նրա սկզբունքների
(եթե այդպիսիք կան) նկատմամբ, բ/ կառուցվածքային լեգիտիմություն։ Հասարակությունը
մերժում է քաղաքական ռեժիմի նորմերն ու մեխանիզմերը, գ/ անհատական լեգիտիմություն։
Հասարակությունը վստահություն չունի նախագահ Ռ. Քոչարյանի՝ երկիրը կառավարելու ունակությունների
նկատմամբ։ Որպես հետեւանք, Հայաստանի իշխանությունները ներկայումս ապրում
են լեգիտիմիզմի խոր ճգնաժամ՝ դելեգիտիմիզացիա, այսինքն, անվերադարձ կորցրել են ժողովրդի
բարոյաքաղաքական սատարումն ու աջակցությունը։ Լիդերի ցածր լեգիտիմությունը,
որպես կանոն, բերում է նրա ղեկավարած համակարգի փլուզման եւ պետական քաղաքականության
տապալման։ Քաղաքական ձախողումներն իրենց հերթին հանգեցնում են լեգիտիմության լիմիտի
խիստ նվազեցման։ Սրանք փոխկապակցված երեւույթներ են։ Ի սկզբանե՝ a priori ոչ լեգիտիմ
մոդելով ընտրված Հայաստանի նախագահի քաղաքականությունը կրեց խոր ֆիասկո, իսկ ԼՂ՟ի
գործընթացների անհաջողությունն իր հերթին նրա լեգիտիմությունն իջեցրեց զրոյական մակարդակի։
Քանի որ ռեժիմի քաղաքական կայունությունը եւ կենսունակությունը պայմանավորված
են նրա լեգիտիմության առկայությամբ, ապա դրանց կորստյան դեպքում այդ ռեժիմը կամ պետք
է իրագործի քաղաքական բարեփոխություններ՝ ռեֆորմներ եւ կամ անցնի բռնի ուժի՝ ռեպրեսիվ
մեթոդների կիրառման։ Կոնկրետ այս երկընտրանքի առաջ է կանգնած Ռ. Քոչարյանը։ Կարո՞ղ
է արդյոք նա երկիրը տանել ոչ ռեպրեսիվ՝ էվոլյուցիոն գործընթացների զարգացման ուղիով։
Այս դեպքում նա ստիպված կլինի սպառիչ պատասխան տալ ժողովրդի արդարացի քաղաքական եւ
սոցիալ-տնտեսական պահանջներին։ Ռ. Քոչարյանի թիմը ի վիճակի չէ դա անելու։ Վարչակարգի
7-ամյա գործունեությունն ապացուցեց, որ նա նախ հրաժարվեց ընդունել նախկին իշխանությունների
քաղաքական հաջորդականությունը, ինչը մեծ սխալ էր, այնուհետեւ արհամարհեց երկրի քաղաքական
եւ սոցիալ-տնտեսական էվոլյուցիոն զարգացման անհրաժեշտութունը։ Թերեւս նրան
հաջողվի իրագործել սահմանադրությա՞ն բարեփոխում, որը ռեֆորմի անքակտելի մաս է կազմում։
Ավանդական եւ բարձր քաղաքական կուլտուրա ունեցող երկրները հիմնական օրենքի վերանայումն
օգտագործում են իբրեւ քաղաքա-իրավաբանական գործիք՝ իրեն սպառած ռեժիմը խաղաղ միջոցներով
փոխելու համար։ 1958թ. գեներալ դը Գոլը հանրաքվեով անցկացրեց սահմանադրության միանգամայն
նոր տեքստ, ինչը եւ ինստիտուցիոնալիզացրեց V Հանրապետությունը։ Այդ սահմանադրությունն
աննշան փոփոխություններով գործում է առօրս։ Հայկական իրականությունը, դժբախտաբար,
այլ է։ Գալիք հանրաքվեն մեր իշխանությունները փորձում են օգտագործել իրենց կարգավիճակը
պահելու եւ քաղաքական հոգեվարքը հնարավորինս ձգելու համար։ Այդ նպատակով նրանք, ամենայն
հավանականությամբ, կօգտվեն նաեւ ՏԻՄ ընտրություններից։ Ըստ երեւույթին, ռեֆորմը գործող
նախագահը հասկանում է յուրովի։ Բացառված չէ, որ նա նշված միջոցառումների շղարշի տակ,
երբ սրվի ներքաղաքական իրադրությունը, փորձի իրագործել պալատական իշխանափոխության
իմիտացիա եւ պետության գլուխ կարգի իրեն ձեռնտու որեւէ քաղաքական գործչի, դա ներկայացնելով
որպես բարեփոխություն՝ ի շահ ժողովրդի եւ երկրի։ Նման «բարեփոխությունը» չի ընդունվի
եւ կմերժվի հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից։ Հարց է ծագում, իսկ
անկեղծ ցանկության դեպքում Ռ. Քոչարյանը, թեկուզ ուշացած, կկարողանա՞ ռեֆորմների
միջոցով երկիրը հանել այս վիճակից եւ կասեցնել ռեժիմի անկումը։ Չի կարող։ Նման միանշանակ
պատասխանը պայմանավորված է նրանով, որ քաղաքականության մեջ գոյություն ունի առաջին
հայացքից պարադոքսային թվացող երեւույթ, երբ վարչակարգը մասաների ճնշման տակ վերջապես
գնում է ռեֆորմների, հենց այդ ժամանակ ավելի են բորբոքվում իշխանափոխական կրքերը,
ինչը եւ, վերջին հաշվով, բերում են ռեժիմի տապալման։ «Կառավարության համար ամենավտանգավոր
պահը այն է, երբ նա սկսում է ռեֆորմները»,- ասել է Լյուդովիկոս XVI-ը։ Այդ է վկայում
նաեւ նոր շրջանի պատմությունը. Արեւելյան Եվրոպայի երկրների ռեժիմը փլուզվեց եւ նրանք
դադարեցին ԽԱՀՄ՟ի արբանյակները լինել, երբ Միխայիլ Գորբաչովը նրանց ազատություն տվեց
եւ թույլատրեց բարեփոխել համակարգը։ Պատճառը նույն լեգիտիմության բացակայությունն
էր։ Այսպիսով, կարող ենք վստահորեն ասել, որ ռեֆորմները, որպես էվոլյուցիոն զարգացման
միջոց, Ռ. Քոչարյանի համար պիտանի չեն։ Իսկ նա կգնա՞, արդյոք, երկրորդ՝ ռեպրեսիաների
ճանապարհով։ Ոչ, չի գնա եւ չի կարող։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նա սիրում է այս
ժողովրդին։ Անցյալ տարվա ապրիլյան դեպքերը եւ վերջերս Սեւանում հնչած կրակոցը փաստում
են հակառակը։ Ռ. Քոչարյանը ի վիճակի չէ դիմելու ռեպրեսիաների, քանի որ մենք ապրում
ենք այլ ժամանակների եւ տարածության մեջ, եւ կան արտաքին ուժեր, որոնք այնքան էլ
անտարբեր չեն բռնությունների նկատմամբ՝ երկրագնդի որ անկյունում էլ որ այն երեւան
գա եւ ավելի են հարգում հայ ժողովրդի իրավունքները, քան մեր պետական այրերը։ Եվ վերջապես,
որքան էլ իշխանություններն արհամարհեն ժողովրդին, նա ունի անհրաժեշտ քաղաքական կամք
եւ վճռականություն՝ բիրտ ուժին դիմակայելու եւ հակահարված տալու համար։ Իսկ եթե,
այնուամենայնիվ, վարչակարգը ցուցադրի իր «մկանները», ապա դա կլինի նրա կարապի երգը։
Այսպիսով, նրա համար ստեղծվել է պատային իրավիճակ՝ ո՛չ ռեֆորմ, ո՛չ ռեպրեսիա։ Ի՞նչ
է մնում անել Ռ. Քոչարյանին։ Հեռանալ, այլ ելք նա չունի։ Ներկա ռեժիմը
հանրապետությունը մտցրել է փակուղի՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։ Եվ քանի որ
նա համառորեն շարունակում է կառչած մնալ իշխանության ղեկին, ծագում է նրան հարկադրաբար
փոխելու հրամայականը հեղափոխական ճանապարհով։ Հեղափոխությունների համեմատական
վերլուծությունը ցույց է տալիս, որ ռեժիմները հիմնականում տապալվում են իրենց ներքին
անարդյունավետության եւ միջազգային ոլորտում թուլության հետեւանքով, ինչը միանգամայն
բնորոշ է այսօրվա Հայաստանին։ Հանգամանք, որը Ռ. Քոչարյանը չի ուզում կամ չի կարողանում
հասկանալ։ Մնում է նրան «օգնել» այդ հարցում։ Սա օբյեկտիվ անհրաժեշտություն է։ Սակայն
այդպիսի վճռական քայլի գնալուց առաջ, որն, անկախ արդյունքից, հղի է քաղաքական ցնցումներով,
հարկ է ընտրություն կատարել դրա իրագործման մեթոդների ու ձեւերի միջեւ։ Ընդդիմադիր
կուսակցություններից շատերը հեղափոխության եւ ընդհանրապես իշխանափոխության հարցում
ունեն իրարամերժ, երբեմն հակոտնյա դիրքորոշումներ։ Իսկ հեղափոխության ո՞ր մոդելը
պետք է ընտրի ընդդիմությունը «քիչ արյունով» իշխանությունը վերցնելու, այն պահելու
եւ երկրում համակարգային փոփոխություններ իրագործելու համար։ Այս է խնդիրը։ Նախ,
այն բոլոր ավանդական հեղափոխությունները, որոնք բերում են բռնի, զենքի ուժով իշխանազավթման՝
անընդունելի են մեզ համար, քանզի խորթ են մեր պատմությանը, ավանդույթներին եւ ժողովրդի
բարոյահոգեբանական խառնվածքին։ Բացի այդ, Հայաստանում չկան համապատասխան նախապայմաններ
եւ ժամանակներն են այլ։ Հարկ չկա «հեծանիվ հնարել», երբ այն արդեն «գտել» են հետխորհրդային
երկրների համար, պարզապես, ըստ երկրների առանձնահատկությունների, սցենարներն են տարբեր,
ինչպես, օրինակ՝ Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Ղրղըզստանում։ Չնայած
Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե մեզ մոտ չեն կարող կրկնվել գունավոր
հեղափոխությունները, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության կարծիքով, հենց
այդ մոդելն է, որ գործելու է այստեղ։ Երկբեւեռ աշխարհակարգի փլուզումը, միջազգային
քաղաքական զարգացումները, մեծ տերությունների ուժերի դասավորվածությունն ու փոխհարաբերակցությունը
տարածաշրջանում, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ այս ամենը հաստատում
են գունավոր հեղափոխության հարցում մեր կուսակցության դիրքորոշման ճշմարտացիությունը։
Սակայն ռեժիմի տապալումը մեզ համար ինքնանպատակ ակցիա չէ։ Թե ինչպիսին ենք
մենք տեսնում հետհեղափոխական Հայաստանը՝ սա առանձին թեմա է։ Իսկ եթե երկու խոսքով՝
ապա մենք պայքարում ենք ոչ թե լիդերի, այլ համակարգային խորքային փոփոխությունների
համար, որդեգրելով Արեւմուտքի արժեքները հայկական քաղաքական իրականությունում։ Պատմության
այս ժամանակահատվածում դա են թելադրում երկրի պետական եւ ազգային շահերը։ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ