Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում պետական «բոմժանոց» է բացվելու

Մայիս 12,2005 00:00

Մտավախություն
կա, որ այդտեղ ապրող անօթեւանները դա կընկալեն որպես մշտական կացարան: Օրերս
մեր խորհրդարանն ընդունեց Սոցիալական աջակցության մասին օրենքը: Մասնավորապես, օրենքով
հստակորեն սահմանված է, թե որոնք են կյանքի այն դժվարին պայմանները, որոնց դեպքում
անհրաժեշտ է դիմել սոցիալական աշխատողի կամ ծառայության աջակցությանը: Օրենքի լիարժեք
կատարման մասին վաղ է խոսել, բայց արդեն պատրաստ մի նոր ծրագիր կա: «Նախատեսել ենք
ունենալ մի բազմաբնակարան շենք, որտեղ ժամանակավոր կացարան կտանք անօթեւան մեծերին
եւ փոքրերին: Նրանք կարող են սնվել եւ ապրել այդտեղ երկու ամիս, իսկ մինչ այդ մեր
աշխատակիցները կուսումնասիրեն եւ կճշտեն անօթեւանի ինքնությունն ու հետագա ճակատագրի
հարցը: Նույն շենքում նախատեսում ենք նույնքան ժամանակով պատսպարել բռնության ենթարկված
կանանց: Մեր աշխատանքի բուն էությունն այն է, որ կարողանանք նրանց բացատրել իրենց
իրավունքները, օգնել, որ վերագտնեն իրենց եւ կարողանան կողմնորոշվել հետագա անելիքներում»,-
«Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Մտավախություն չունե՞ք,
որ անտուն մարդը կտեղավորվի եւ այլեւս դուրս չի գա բնակարանից: Մեր այդ հարցին ի
պատասխան՝ վարչության պետը վկայակոչեց արտերկրի նմանօրինակ հաստատությունների փորձը,
որտեղ այդպիսի դեպքեր չեն արձանագրվում: Մեկ այլ՝ Պետական նպաստի մասին օրենքով,
որը նույնպես ընդունվել է օրերս, աղքատության ընտանեկան նպաստից դուրս է եկել «աղքատություն»
բառը: Այսինքն՝ նպաստն այլեւս աղքատների համար չէ՞: Պարզվում է, օրենքով սահմանված
է, որ աջակցության ցանկացած միջոց պետք է կիրառել՝ առանց քաղաքացու արժանապատվությունը
նսեմացնելու: Իսկ «աղքատություն» բառը վիրավորական արտահայտություն է: Բացի այդ,
ըստ վարչության պետի տվյալների, մեր երկրում ծայրահեղ աղքատության տոկոսը նկատելի
նվազել է. 1999-ին արձանագրված 29 տոկոսն այս տարի նվազել է 7,2-ի: Մի տեղեկություն
եւս՝ ընտանեկան նպաստի համակարգում 2006-ից տեղ կգտնեն նաեւ մահվան դեպքում մասնակի
փոխհատուցման (եթե մահացողը կենսաթոշակառու կամ աշխատող չէ), ինչպես նաեւ առաջին
դասարանցիների համար միանվագ օգնության կետերը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել