ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ
ՉՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ
նիստում երեկ սկսվեցին 2004-ի պետբյուջեի մասին օրենքի կատարման հաշվետվության քննարկումները:
Այդ բնորոշումը թեեւ բնավ սազական չէր դրանց՝ բացառությամբ մի դեպքի, չեղան ո՛չ հարցուպատասխաններ,
ո՛չ էլ քննարկմանը բնորոշ այլ տարրեր: Ուղղակի ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահը կամ
այլ պաշտոնատարներ հերթով ներկայացնում էին իրենց եզրակացությունը բյուջեի կատարողականի
վերաբերյալ: Մինչդեռ այս եզրակացությունների ընթացքում հնչում էին նաեւ բավական
հետաքրքրական բացահայտումներ: Ասենք՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի եզրակացությունը,
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, թե բյուջեի կատարումն ուղեկցվել
է վերջին մի քանի տարիներին ձեւավորված խնդիրների դրսեւորմամբ: Մասնավորապես առանձնացրեց
2004-ի պետբյուջեի կատարման առանցքային հենակետը հանդիսացող հարկերը՝ ՀՆԱ ցուցանիշի
գծով շուրջ 0,4%-ի աճի ապահովման փոխարեն, տարեկան արձանագրված ցուցանիշի նախորդ
տարվա նույն մակարդակի պահպանումը: Ըստ նրա, հիշյալ ցուցանիշի ծրագրվածից ցածր մակարդակը
շարունակաբար դրսեւորվել է վերջին 3 տարիների ընթացքում, եւ դա այն դեպքում, երբ
հարկերի հավաքագրման տարեկան ցուցանիշները գերազանցել են ծրագրվածը: Ըստ ԿԲ եզրակացության,
կառավարության ներկայացրած հաշվետվությունում նշված ցուցանիշի նախատեսված մակարդակից
շեղման մեկնաբանությունը այնքան էլ հիմնավոր չէ: Դրամավարկային քաղաքականության կարճաժամկետ
ծրագրավորման գործընթացում լրացուցիչ անորոշություն են առաջացրել 2004-ի պետբյուջեի
կատարման ընթացքում ժամանակավորապես ազատ միջոցների մեծածավալ կուտակումները գանձապետարանի
միասնական հաշվում: Իր ազդեցությունն է թողել նաեւ պետբյուջեի ծախսերի անհամաչափ
դինամիկան: Անհամաչափությունն ավելի վառ դրսեւորվել է դեկտեմբերին, երբ ամսվա վերջին
երկու օրերի ընթացքում կատարված ծախսերը կազմել են ամսվա ցուցանիշի 30%-ը, իսկ դեկտեմբերի
ծախսերը՝ տարեկան ցուցանիշի 13%-ը, ինչը շուրջ 1,5 անգամ ավելի է միջին ամսական ծախսերի
մակարդակից: Ըստ ԿԲ-ի, դա նաեւ խոչընդոտել է տարվա ընթացքում գնաճի կառավարման ավելի
հարթ եւ սահուն սցենարի ապահովմանը: Սեփ. լր.