Երեկվա
հանդիպման ժամանակ առաջարկում էին ՀԺԿ «Կենտրոն» տարածքային կառույցի ներկայացուցիչները
ՀԺԿ ղեկավարի եւ Երեւանի «Կենտրոն» համայնքի ակտիվի հանդիպումը տեղի ունեցավ
Խուլ ու համրերի մշակույթի տանը: Ըստ տարածքային կառույցի քարտուղար Գեղամ Բաղդասարյանի,
հանդիպումից քիչ առաջ Կենտրոն համայնքի ոստիկանություն է հրավիրվել մշակույթի տան
փոխտնօրենը եւ «ահաբեկվել, որպեսզի հանդիպումը չթույլատրի»: Հանդիպումը, սակայն,
կայացավ, Ստեփան Դեմիրճյանը կուսակիցներին խոստացավ ավարտին հասցնել օրինական իշխանության
հաստատման գործընթացը՝ հավելելով, որ «պայքարը շարունակվում է»: «Չմեռնեմ՝ էդ պայքարը
տենամ, նոր մեռնեմ»,- դահլիճից պոռթկաց մի կին: «Ոչ միայն պայքարն ես տեսնելու, այլեւ
պայքարի արդյունքն էլ»,- վրա բերեց ՀԺԿ առաջնորդը: Նա նաեւ ասաց, որ համախմբելու
եւ ամրապնդելու են ոչ միայն ՀԺԿ-ն, նաեւ՝ «Արդարություն» դաշինքը, եւ պատրաստ են
համագործակցել դաշինքից դուրս գտնվող կուսակցությունների հետ: «Ի՞նչ անել»,- իր իսկ
հնչեցրած հարցին Ստ. Դեմիրճյանը պատասխանեց. «Շարունակել պայքարն ավելի կազմակերպված,
հետեւողական եւ սկզբունքային: Համախմբվենք՝ այս ամենի վերջը տանք»: Այն, որ փորձ
է արվել խոչընդոտել նույնիսկ դահլիճային հանդիպումը, ըստ ՀԺԿ առաջնորդի՝ «Վկայում
է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է, վախենում է նույնիսկ դահլիճային հանդիպումներից:
Ակնհայտ է, որ սվիններով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ: Ովքեր խախտել են
օրենքը եւ հանցագործություն են կատարել, պատասխան են տալու ժողովրդի առաջ»: ՀԺԿ-ականները
ծանոթացան նաեւ Սահմանադրության եւ ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ կուսակցության
դիրքորոշմանը՝ Սահմանադրություն խախտող իշխանությունը իրավունք չունի Սահմանադրություն
փոխելու, եւ որ կատարյալ «Ընտրական օրենսգիրքն» էլ փրկություն չէ: ՀԺԿ քարտուղար
Ստեփան Զաքարյանը, ի հեճուկս հեգնողների եւ ի լուր աշխարհի, հիշեցրեց, որ Դեմիրճյանն
իսկապես ազգընտիր է, իսկ՝ «Սահմանադրական ճանապարհը լայն հասկացություն է: Եթե ժողովուրդն
իր ամբողջությամբ ինչ-որ քայլի էլ դիմի՝ սահմանադրական է»: Ստեփան Դեմիրճյանին
հարցեր չեղան, փոխարենը նրան ձոնվեցին ելույթներ: Կուսակցության քաղխորհրդի անդամ
Ռուբեն Կանդայանի պնդմամբ՝ «Էս դաշինքի («Արդարություն».- Ն. Գ.) հիմքն ու սիրտը
եղել ա ու շարունակում ա մնալ ՀԺԿ-ն: ՀԺԿ-ի հեղինակությամբ, ձայներով, լիդերի ավտարիտետով
բոլոր ձայները հավաքվեցին: Եթե դաշինքը չձեւավորվեր, Ստեփան Կարենիչ, կարող ա ՀԺԿ-ն
նույն արդյունքն ունենար: Էս դաշինքի համապատասխան մեր գործընկերները թող երբեւիցե
չմոռանան արմատները: Մեր ուժը միայն միասնության մեջ ա: Եթե չհամախմբվեն՝ նույն պատմությունը
կկրկնվի, ինչ որ եղավ 2003-ին»: Պարոն Կանդայանին անչափ վրդովեցնում է այն, որ դաշինքի
անդամ կուսակցությունների ղեկավարները չեն հայտարարում, որ իրենց լիդերը Ստեփան Կարենիչն
է. «Ոնց որ Կարեն Սերոբիչը բոլորին հավաքեց՝ նույն ձեւի առաքելություն ունի Ստեփան
Կարենիչը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ