Սահմանադրական
փոփոխությունների կոալիցիայի առաջարկած տարբերակը երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Սակայն մերժված նախագծերի հեղինակները՝ ՄԱԿ-ն ու Արշակ Սադոյանն անմիջապես հայտարարեցին,
թե իրենց տարբերակները նորից են դնելու շրջանառության մեջ: Սա այն դեպքերից
էր, երբ չարչրկված արտահայտությունը, թե «կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ
է»՝ հնչում է խիստ ծիծաղելի: Եվ առանձնակի վերլուծական միտք բնավ հարկավոր չէր՝ դեռ
մեկ տարի առաջ կանխատեսելու համար, թե սահմանադրության փոփոխությունների շրջանառության
մեջ դրված երեք տարբերակներից որի՛ օգտին են քվեարկելու ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը: Երեկ
վաղօրոք հայտնի ելքով այդ պիեսի առաջին արարն ավարտվեց, եւ կոալիցիայի տարբերակը
77 «կողմ», 8 «դեմ» ձայներով հիմք ընդունվեց հետագա լրամշակման համար: ՀՀԿ
խմբակցության անունից իր ելույթում Գալուստ Սահակյանը նախապես հայտարարել էր, թե
մյուս նախագծերի քվեարկությանը չեն մասնակցելու՝ հարգելով դրանք: Ընդհանուր առմամբ՝
այդպես էլ եղավ, եւ կոալիցիայի անդամները կա՛մ ձեռնպահ քվեարկեցին, կա՛մ էլ չմասնակցեցին
այլ նախագծերի քվեարկությանը: Սակայն առկա էին նաեւ բացառություններ: Այսպես՝ ՄԱԿ
խմբակցության նախագծին, որին «կողմ» էին միայն 19 հոգի, իսկ 29-ը՝ «ձեռնպահ», չքվեարկեցին
40-ը՝ «կողմ» էր քվեարկել նաեւ ՕԵԿ անդամ Արտակ Առաքելյանը: Նա կողմ էր քվեարկել
նաեւ Արշակ Սադոյանի նախագծին, որին կողմնակից էին նաեւ ՀՀԿ խմբակցության անդամներ
Արմեն Մխիթարյանն ու Գեւորգ Հակոբյանը: Այսպես՝ Սադոյանի նախագիծը ստացավ 13 «կողմ»
ձայն, 1 «դեմ», 35 «ձեռնպահ» եւ 39-ն էլ չքվեարկեցին: Նախագահի ներկայացուցիչ
Արմեն Հարությունյանը եզրափակիչ ելույթում համոզմունք հայտնեց, թե նախագծերի բոլոր
հեղինակներն էլ առաջնորդվել են ազնիվ մղումներով, սակայն կոալիցիայի նախագծում առավել
արդյունավետությամբ են համատեղված եվրոպական արժեքների որդեգրման ու մեր երկրի համար
իրատեսական սկզբունքները: Մի գնահատական, որ հաստատ կզարմացնի ԵԽ Վենետիկի հանձնաժողովի
փորձագետներին, որոնք բավական աննպաստ գնահատական էին տվել կոալիցիայի նախագծին:
Սակայն Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի
նախագահ Տիգրան Թորոսյանն իր եզրափակիչ ելույթում քաղաքական ուժերին կրկին հիշեցրեց,
թե ամենակարեւորը վերջնական նախագծի որակն է լինելու, ուստի առաջարկեց ուշադրությունը
սեւեռել առաջին ընթերցում անցած նախագծի վրա եւ լրամշակել այն: Մերժված նախագծերից
մեկի հեղինակ Արշակ Սադոյանը նախապես համոզմունք հայտնեց, թե փոխզիջման մասին խոսք
լինել չի կարող, քանի որ կոալիցիան մեկընդմիշտ հրաժարվել է իշխանական թեւերի տարանջատման
եւ երկրի կառավարմանը ժողովրդին մասնակից դարձնելու կարեւոր սկզբունքներից: «Այս
իշխանությունները վերարտադրելու են իրենք իրենց, քանի դեռ այս սկզբունքները ամրագրված
չեն Սահմանադրության մեջ»,- ասաց պարոն Սադոյանը: Նա նշեց, թե ընդդիմության իր գործընկերներին
որոշակիորեն հակադրվելով էր մասնակցել սահմանադրական քննարկումներին, մինչդեռ նրանք
հստակ ասում էին՝ «մե՛կ է, իրենք իրենց նկարովի մեծամասնությունն օգտագործելով՝ փորձելու
են Հայաստանի վզին փաթաթել անընդունելի Սահմանադրություն»: Կանխատեսեց, թե 1-ին ընթերցումից
հետո ոչ մի լուրջ փոփոխություն էլ չի արվելու, եւ այս պայմաններում ՀՀ քաղաքացիների
պարտքն է լինելու դեմ քվեարկել կոալիցիայի «բացարձակապես անընդունելի ու սխալ սկզբունքներով
ստեղծված» նախագծին: Արշակ Սադոյանը նաեւ նշեց, թե ՀՀԿ-ն ամբողջությամբ բոյկոտեց
սահմանադրական քննարկումները: Քննարկումների ողջ ընթացքում կիսադատարկ դահլիճը հիշատակեց
նաեւ ՄԱԿ խմբակցության նախագծի համահեղինակ Գրիգոր Ղոնջեյանը՝ նշելով, թե «ճնշող
մեծամասնության անտարբերությունը, քննարկումները շատ կարճ ժամկետում ավարտելու եւ
քվեարկելու արտահայտված, բայց չիրականացված ցանկությունը բերում են մեզ այն եզրահանգման,
որ այս գործընթացը կանխորոշված էր»: Ըստ Գրիգոր Ղոնջեյանի՝ այնուամենայնիվ
«անհայտ մնաց եւ ՄԱԿ խմբակցությանը որեւիցե մեկի կողմից որեւէ փաստարկ այդպես էլ
չբերվեց, թե ո՞ր դրույթն է ՄԱԿ-ի նախագծում, որ համահունչ չէ Սահմանադրության ներկայիս
միջազգային չափանիշներին ու պահանջներին, բավարար չափով չի նպաստում Հայաստանի եվրաինտեգրմանը,
ժողովրդավարության ամրապնդմանը եւ բարեկեցության բարձրացմանը: Այսինքն՝ ո՞ր դրույթներն
են, որ թույլ չեն տալիս հռչակել ՄԱԿ-ի նախագիծը որպես լավագույնը եւ այն ընդունել
որպես հիմք հետագա բարեփոխումների համար: Եվ մյուս կողմից՝ կոալիցիայի նախագծի ո՞ր
դրույթը կամ դրույթների խումբն է, որոնք այդ նախագիծն օժտում են անվիճելի առավելություններով»:
Հեգնալից ենթադրություն հայտնեց, թե գուցե դրանք Վենետիկի հանձնաժողովի նշած բազմաթիվ
թերություններն ու բացթողումնե՞րն են. «Միգուցե այդ անժխտելի առավելությունները պարունակվում
են Սահմանադրության անբաժանելի մասը հանդիսացող եւ այդպես էլ մեզ չներկայացված անցումայի՞ն
դրույթներում»: Գրիգոր Ղոնջեյանը դեռ իր եզրափակիչ ելույթում տեղեկացրեց,
որ իրենց նախագիծը մերժելու դեպքում՝ հաջորդ օրն իսկ այն նորից դնելու են շրջանառության
մեջ: Սակայն նաեւ խոստացավ, որ եթե կոալիցիան իրոք բարեփոխի իր նախագիծը՝ ՄԱԿ-ը շրջանառությունից
կհանի իր տարբերակը. «Ցավոք, համոզմունք չունենք, որ կփոխի, քանի որ դրա համար կար
11 ամիս»: Իսկ Արշակ Սադոյանն արդեն քվեարկությունից հետո մեզ տեղեկացրեց, թե անպայման
ինքն էլ է նորից շրջանառության մեջ դնելու իր տարբերակը: Երկու նախագծերի հեղինակներն
էլ այս քայլը պատճառաբանեցին այն փաստարկով, որ եթե կոալիցիայի նախաձեռնությունը
շարունակի չհամապատասխանել եվրոպական չափանիշներին, եւ ԵԽ փորձագետները հունիսի սկզբին
գան Երեւան՝ հնարավորություն կունենան գնահատել ե՛ւ մեծամասնության հավանությանն
արժանացած, ե՛ւ մերժված նախագծերը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ