Նախապես նշված ամռան փոխարեն՝ այս
ժամկետն են երեկ ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի զեկուցողներ Յերժի Յասկերնիային, Ժորժ
Կոլոմբիեին ու հանձնաժողովի քարտուղար Բոնի Թեոֆիլովային ներկայացրել Հայաստանի բարձրաստիճանները:
Համազեկուցողներին երեկ ընդունեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Յասկերնիայի
խնդրանքով անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին եւ հանրաքվեին՝ Արթուր Բաղդասարյանը
հայտարարեց, թե ԱԺ ընդունած սահմանադրական բարեփոխումների կոալիցիայի նախագծում Վենետիկի
հանձնաժողովի բազմաթիվ առաջարկներ հաշվի են առնված, իսկ 1-ից 2-րդ ընթերցում ժամանակահատվածում
կարվի հնարավորը, որ նախագիծը համապատասխանի ներկայացվող պահանջներին: Հանրաքվեի
ժամկետների առնչությամբ նշվել է, թե նպատակահարմար է աշնան սկիզբը, որ հուլիս-օգոստոսին
հնարավորություններ լինեն հանրաքվեի դրվող նախագծին ծանոթանալու համար: Հիշեցնենք,
սակայն, որ հենց Ժորժ Կոլոմբիեն էր ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում հայտարարել, թե սահմանադրական
հանրաքվեն Հայաստանում տեղի է ունենալու հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: «Այդ
հարցը մենք ինքներս բարձրացրինք այստեղ, որովհետեւ Եվրախորհրդում տպավորություն կար,
թե սահմանադրական հանրաքվեն Հայաստանում պիտի անցկացվի մինչեւ հուլիսի 5-ը»,- այս
կապակցությամբ «Ազատություն» ռ/կ-ին երեկ ասաց մոլորության մեջ գցված պրն Յասկերնիան:
Նա այս խնդրին անդրադարձել է նաեւ ընդդիմադիրների հետ հանդիպման ընթացքում. «Ստեփան
Դեմիրճյանի ու Ալեքսան Կարապետյանի հետ հանդիպումներից իմ տպավորությունն այն էր,
որ եթե սահմանադրական բարեփոխումներում առաջընթաց լինի, ապա դա կդառնա նախապայման
իրենց մասնակցության եւ հանրաքվեի հաջողության համար»: Յասկերնիան խիստ խորհրդանշական
մի սխալ գործեց՝ կոալիցիայի նախագիծն անվանելով այլ կերպ. «Բայց ես չգիտեմ, թե ինչպիսին
կլինի արդյունքը, որովհետեւ նախագահական տարբերակում դեռեւս բավականաչափ արտացոլված
չեն Երեւանի քաղաքապետի ընտրության, Արդարադատության խորհրդի կառուցվածքի եւ այլ
հարցեր»: Մեջբերենք Հայաստանի բարձրաստիճանների հետ համազեկուցողների հանդիպումների
այլ մանրամասներ: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման առաջընթացի շուրջ հարցին ի պատասխան՝
ԱԺ նախագահն ասել է, թե Հայաստանը կառուցողական դիրքորոշում ունի, ընդունում է փոխզիջումների
անհրաժեշտությունը եւ պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները: Այս հարցերը
Յասկերնիան եւ Կոլոմբիեն քննարկել են նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի
հետ երեկվա հանդիպման ընթացքում: Եվ մասնավորապես՝ առաջարկվել է նրան իր տեսակետները
ներկայացնել ԼՂՀ կարգավիճակի, այլընտրանքային զինծառայության եւ բանակի հետագա զարգացման
գործընթացների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է առայսօր իր հնչեցրած տեսակետները:
Նկատենք, որ համազեկուցողների ծրագրում է նաեւ այցելությունը հոգեբուժական հիվանդանոց,
ուր իրականացվում է այլընտրանքային ծառայություն: Նշենք նաեւ, որ ընդդիմադիրների
հետ հանդիպումների ընթացքում էլ Յասկերնիան եւ Կոլոմբիեն փորձել են պարզել, թե արդյոք
կա՞ն հնարավորություններ դադարեցնելու ԱԺ աշխատանքների բոյկոտը: Եվ մասնավորապես
«Արդարության» ներկայացուցիչները հիշեցրել են, թե չեն կատարվել իրենց ու նաեւ Եվրախորհրդի
առաջադրած այն պահանջները, որ պատժվեն ընտրակեղծիքներ ու բռնարարքներ կատարած անձինք:
Եվս մի մեջբերում երեկ «Ազատություն» ռ/կ-ին Յերժի Յասկերնիայի հարցազրույցից:
Թղթակցի հարցին, թե ինչո՞ւ լուծում չի գտնում «Ա1+»-ի խնդիրը, որով իրենք զբաղվում
են արդեն մի քանի տարի՝ համազեկուցողը պատասխանել է. «Մենք նոր փորձ ենք նախաձեռնել
եւ խնդրել, որ համատեղ հանդիպում կազմակերպվի «Ա1+»-ի, «Նոյյան տապանի» եւ ՀՌԱՀ-ի
միջեւ՝ մեր մասնակցությամբ: Անցյալում նման պրակտիկա չի եղել՝ մենք նրանցից յուրաքանչյուրին
հանդիպել ենք առանձին: Այսպիսով, հույս ունենք փոխադարձ փաստարկները լսելով՝ նպաստել
խոսքի ազատության զարգացմանը Հայաստանում»: Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՀ.
Գ Երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ ՀՌԱՀ նախագահի փոխարեն՝ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի հետ հանդիպելու
է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Այդ
մասին մեզ հայտնեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, որը նշեց. «Յասկերնիան բոլորի
ներկայությամբ առաջարկեց, թե համաձա՞յն եք հանդիպել Ամալյանի հետ: Ես սկզբում դա
անիմաստ համարեցի, հետո համաձայնեցի: Սակայն հիմա պարզեցի, որ զրուցելու ենք Ալեքսան
Հարությունյանի հետ, որը բացի ընկերական եւ ազգակցական կապերից՝ որեւէ առնչություն
չունի ՀՌԱՀ-ի հետ: Ուստի եւ մենք որոշեցինք հրաժարվել այդ հանդիպմանը մասնակցելուց:
Նույն տեսակետին է նաեւ «Նոյյան տապանը»: