Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ

Մայիս 11,2005 00:00

«Մարդիկ պետք է ապրեն բարեկեցիկ» Մայիսի 7-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների նախաձեռնող խումբը ծանոթացրեց բնակիչներին թաղապետի թեկնածու Սամվել Հովսեփյանի հետ: Միջոցառումը կազմակերպվել էր թեկնածուին ներկայացնելու նպատակով, նաեւ՝ որ Սամվել Հովսեփյանը առավել հստակ պատկերացում կազմի համայնքի խնդիրների մասին: Նախաձեռնող խմբի անդամ Աղավնի Աղաբեկյանը լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց Սամվել Հովսեփյանի կենսագրության հիմնական էջերը: Նա ծնվել է 1959 թվականին, համեստ աշխատավորի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է, հետո կրթությունը շարունակել Ռոստովի ժողտնտեսության ինստիտուտներից մեկում: Աշխատանքային կենսագրությունն սկսվում է ֆաբրիկայի բանվորից, այնուհետեւ եղել է խանութի վարիչ: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից նա կամավոր անդամագրվել է եւ մեկնել պատերազմ: Եղել է Արծիվ-24 գումարտակի հրամանատարը: Երեք անգամ վիրավորվել է, բուժվել եւ կրկին մեկնել պատերազմ՝ մինչեւ զինադադարը: 1995-2000 թթ. պաշտպանության նախարարության տարբեր զորամասերի հրամանատար է: Այնուհետեւ ղեկավարել եւ այժմ էլ ղեկավարում է Երկրապահ-կամավորների միության տարբեր հանձնաժողովներ, այժմ՝ սոցիալական: Մարտական սխրանքների համար արժանացել է ՀՀ եւ ԼՂՀ բազմաթիվ շքանշանների: Ունի 3 երեխա: Համայնքի բնակիչները ծանոթ էին իրենց համայնքում ծնված-մեծացած Սամվել Հովսեփյանին, եւ ավելի վստահորեն ներկայացրին իրենց հուզող խնդիրները: Դրանք բազմազան են, հիմնականում՝ սոցիալական, թեպետ բնակիչներին մեծապես անհանգստացնում էին նաեւ կրթական, մշակութային եւ աճող սերնդի առողջության պահպանման խնդիրները. Մալաթիա-Սեբաստիայում վատթար վիճակում են շենքերը՝ գազիֆիկացումը դանդաղ է ընթանում, վերելակները չեն աշխատում, բազմացել են առնետները: Ձմռան ընթացքում վատ են մաքրվում համայնքի փողոցները՝ սառցակալած վիճակում դրանք դառնում են անանցանելի: Չափազանց քիչ են կազմակերպվում մշակութային եւ սպորտային միջոցառումներ: Թոշակառու բնակիչները դժգոհ էին իրենց խնդիրների հանդեպ անտարբերությունից: «Ես դեռ խոստում չեմ տալիս, իսկ եթե ընտրվեցի՝ համայնքին կներկայացնեմ իմ ծրագրերը: Իմ կատարած սոցհարցումների արդյունքով, բնակիչներին ամենաշատն անհանգստացնում է իրենց հանդեպ կատարվող անարդարութունները: Ցանկանում եմ նշել, որ մարդիկ պետք է ապրեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում ու բարեկեցիկ, ոչ թե Բանգլադեշում, որի նույնանուն երկրի վիճակին արդեն նմանվում ենք: Սակայն այսօրվանից հայտնում եմ, որ պետք է ընթանան արդար ընտրություններ, ոչ թե կռիվներով, կրակոցներով ու ազդեցություններով»,- Սամվել Հովսեփյանի այս կարճ ելույթն ընդունվեց ներկաների ծափահարությամբ: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել