«Եվրոդեզինտեգրման նախագիծ» Հնարավոր է, որ այսօր ԱԺ կժամանեն «կոճակ սեղմողները» եւ առաջին ընթերցմամբ կանցկացնեն սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը մոտենում է ավարտին՝ պատգամավորների մեծ մասի բացարձակ անտարբերության պայմաններում։ Երեկ ԱԺ «մարտի դաշտում» միայն ՄԱԿ-ն էր, Տիգրան Թորոսյանը, Դաշնակցությունը, իսկ մյուսները, նաեւ՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «ԺՊ»-ն աշխատում էին մի տեսակ «ձեռքի հետ»՝ առանց հատուկ ջերմության: Քննարկմանը մասնակցում էր ընդամենը 17-20 պատգամավոր։ Այս համատեքստում պարզապես բավականին յուրօրինակ հնչեց Հովհաննես Մարգարյանի կոչը. «Կոչ եմ անում ժողովրդին՝ պետական ակտիվություն ցուցաբերել»: Երեկ նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը իր ելույթում մի քանի անգամ շեշտեց, որ այս նախագծերից ոչ մեկը նախագահինը չէ, որ ինքը պարզապես տեսակետ է ներկայացնում քննարկվող փաստաթղթերի մասին: Նախորդ նիստի ժամանակ ՄԱԿ խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը կարծիք էր հայտնել, որ կոալիցիայի նախագիծը «Եվրոդեզինտեգրման նախագիծ է»: Այս գնահատականին անդրադառնալով՝ Արմեն Հարությունյանը նկատեց. «Մենք կողմնակից ենք եվրոինտեգրման, բայց այնպիսի մեխանիզմներով, որոնք կապահովեն նաեւ մեր թե քաղաքական միասնությունը, թե քաղաքական կայունությունը»: Ըստ նախագահի ներկայացուցչի, կոալիցիայի նախագծում լուրջ լրամշակումների կարիք կա՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների մասով, իսկ ՄԱԿ-ի նախագծի դեպքում թեպետ Վենետիկի առաջարկների հետ կապված ավելի քիչ խնդիրներ կան, բայց այդ դեպքում էլ հարկավոր կլինի փոփոխել ամբողջ հայեցակարգը. «Այստեղ լրամշակման լուրջ եզրեր չեմ տեսնում, ամբողջ կոնցեպցիայի փոփոխություն եմ տեսնում»: Եվրոինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը իր խոսքում կարեւորեց դատական համակարգի կատարելագործումն ու անկախացումը, ասվեց, որ դատական համակարգից հիասթափությունը հիասթափություն է երկրից, գուցե նաեւ՝ կյանքից: Պարոն Թորոսյանը շեշտեց՝ կարեւորն այն չէ, թե որ նախագիծը կընդունվի որպես հիմք, քանի որ, ի վերջո, այն ստորագրվելու է բոլորի կողմից: Զգուշացրեց նաեւ, որ առաջիկա ամիսներին սահմանադրական փոփոխությունների հարցը կարող է լուրջ թիրախ դառնալ Հայաստանի համար: Կոալիցիայի նախագիծը երեկ պաշտպանեցին կոալիցիայի անդամները եւ «Ժողպատգամավորը», իսկ ՄԱԿ-ն ու Արշակ Սադոյանը իրենք իրենց նախագծերի պաշտպանն էին: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ իրենք դեմ են ՀՀ-ն սահմանադրական միապետության վերածելու ջանքերին, որ կոալիցիան իր նախագծով փորձում է ժողովրդին հեռացնել իշխանությունից։ Ըստ պրն Արսենյանի, եթե հիմք դառնա կոալիցիայի նախագիծը, եվրոպական կառույցների կողմից Հայաստանի հանդեպ կսկսվի սանկցիաների ռեժիմ: «Մենք թույլ չենք տա, որ ՀՀ նախագահին տրվեն անվերահսկելի լիազորություններ»,- ասաց պարոն Արսենյանը եւ զգուշացրեց, որ եթե կոալիցիան իր նախագիծը անցկացնի, ապա ՄԱԿ-ը կոչով կդիմի ժողովրդին: Դաշնակցությունը հիշեցրեց, որ մեկ անգամ արդեն երկրի գլխավոր օրենք ընդունվել է առանց ընդդիմության մասնակցության, եւ այդ Սահմանադրությունը մինչ այժմ դիտվում է որպես ոչ լեգիտիմ Սահմանադրություն, ասվեց, որ չի կարելի երկրորդ անգամ նման բան թույլ տալ: Սակայն սա հնչեց որպես հռետորական խոսք եւ չնշվեցին այս ուղղությամբ կոնկրետ առաջարկներ: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ դատական իշխանության անկախության, կառավարության ձեւավորման եւ Երեւանի քաղաքապետի հարցերի բաժինները դեռեւս լուրջ լրամշակման կարիք ունեն. «Ես կարծում եմ, այս ճանապարհը փակված չէ: Մեր նախագիծը ունի բարելավման պոտենցիալ եւ հեռանկար»: Անդրադառնալով երկքաղաքացիության խնդրին՝ պատգամավորը նկատեց, որ այսօր նույն խորհրդարանում կան մարդիկ, որոնք ունեն այլ երկրների քաղաքացիություն, քանի որ այլ երկրներում բիզնես ունեն եւ հարկեր են վճարում։ «Մարդիկ բիզնես ունեն արտասահմանում, բայց Հայաստանի քաղաքացի են, ու միայն Հայաստանի քաղաքացի են, գոնե օրենքով, նրանց ուրիշ անձնագրերի մասին մենք չենք խոսում, որը չի նշանակում, որ այդ անձնագրերը չկան»,- առանց որոշակի «հասցեների»՝ ակնարկներ արեց պրն Հովհաննիսյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ