Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

Մայիս 11,2005 00:00

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի Այս իրողությունն է արձանագրում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ խոստանում, թե կլինի «պատասխան խաղ»: Մայիսի 8-ին Ալավերդու քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարտվեց էլցանցի տնօրեն, գործարար, խանութների եւ ավտոկանգառների սեփականատեր Արթուր Նալբանդյանին (վերջինիս անունը, հրապարակումների համաձայն՝ հիշատակված է մի շարք քրեական գործերում): Ուշագրավն այն է, որ վերջինիս աջակցում էր Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Մինչդեռ մարզպետը Հանրապետականի անդամ է եւ կուսակցության համամասնական ցուցակում 56-րդն է: Մեր հարցին, թե ինչպես է գնահատում իրենց թեկնածուի պարտությունը՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մեր թեկնածուն՝ Էդուարդ Շարմազանովը, ընտրության գիշերը, երբ բոլոր ընտրատեղամասերից եկած տեղեկատվության հիման վրա պարզ դարձավ, թե ով է հաղթել՝ հաղթողի շտաբում շնորհավորեց նրան: Եվ բնականաբար, այդ շնորհավորանքով հանվել են նաեւ ընտրությունների վիճարկման առնչությամբ բոլոր հարցերը: Այսինքն, մենք ընդունում ենք ընտրության արդյունքը՝ իր բոլոր թերություններով, ընտրական գործընթացի բոլոր մանր, միջին եւ մեծ տրամաչափի խախտումներով: Ընդունում ենք այնքանով, որքանով Ալավերդու բնակչությունը կատարել է իր ընտրությունը: Եվ մենք չենք կասկածում այդ ընտրությանը»: Այսուհանդերձ՝ պրն Աշոտյանն արտահայտեց որոշ կասկածներ. «Ընտրողների աննախադեպ բարձր ակտիվությունն, անկեղծ ասած, կասկած է հարուցել ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ՝ տեղաբնակների: Երբեւէ քաղաքապետի ընտրությունները չեն անցել 9 հազար ընտրողով: Անգամ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցությունը եղել է 8 հազարից քիչ ավելին: Միգուցե դա վկայում է հասարակության հետաքրքրվածությա՞ն մասին: Ուզում եմ լավ բան տեսնել այդ միտումի մեջ, սակայն նաեւ կասկածելու տեղիք է տալիս: Մեր թեկնածուն մեկ ամսում հավաքեց շուրջ 3 հազար ձայն: Համայնքապետի նախորդ ընտրություններում սա բավարար էր քաղաքապետ ընտրվելու համար: Եվ մենք մեր աշխատանքը գնահատում ենք բավարար: Այն ամենը, ինչ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունը կարող էր անել իր թեկնածուի համար՝ արվել է»: Հենրիկ Քոչինյանի դիրքորոշման առնչությամբ էլ Արմեն Աշոտյանն ասաց. «Ինչ վերաբերում է մարզպետի ակնհայտ մեր դեմ աշխատելուն՝ սա ներկուսակցական խնդիր է: Եվ այն ներկուսակցական քննարկման առարկա կդառնա. գոնե մեր՝ երիտասարդական կազմակերպության կողմից այդ խնդիրն արծարծվելու է»: Առայժմ այսքանով սահմանափակելով ասելիքը՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարն ասաց. «Ընտրապայքարը կարող եմ համեմատել ֆուտբոլային խաղի հետ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընդդեմ ՀՀԿ Լոռու մարզային կառույցի: Խաղն արտագնա էր: Եվ մեր բոլոր ջանքերով հանդերձ՝ արձանագրում ենք մեր պարտությունը: Բայց կարող եմ ասել, որ հաշիվն այնքան էլ խոշոր չէ: Եվ կա նաեւ պատասխան խաղի հնարավորություն, որը կայանալու է, բնականաբար, մեր դաշտում: Ես վստահ եմ, որ կկարողանանք պատասխան խաղի ընթացքում, համապատասխան եզրակացություններ անելու դեպքում, մեր դաշտում հասնել հաղթանակի: Շարունակելով զուգահեռը՝ պիտի ասեմ, որ խախտված էր խաղերի կարեւորագույն պայմանը՝ ազնիվ մրցակցությունը (fair play), պահպանված չէին արդար խաղի կանոնները եւ դատավորի աչքից հեռու՝ կատարվում էին մանր-մունր անարդարություններ ու անբարոյականություններ, որոնք գումարվելով՝ ի վերջո հանգեցրին նման արդյունքի: Սակայն կրկնում եմ՝ կա պատասխան խաղի հնարավորություն»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Լոռու մարզի հանրապետական մարզպետն Ալավերդու քաղաքապետի ընտրություններում գործել է ընդդեմ ՀՀԿ անդամ թեկնածուի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դա նախընտրական ասեկոսեների խնդիր է: Ինքս չեմ մասնակցել քարոզարշավին, եւ խնդիրն այն էր, որ իրենք՝ երիտասարդները կարողանային հաղթահարելի դարձնել: Եվ եթե նայում ենք արդյունքներին՝ 3 հազար ձայնը քիչ չէ»: Սակայն նաեւ նշենք, որ ՀՀԿ խորհրդի այլ անդամներ այլ տեսակետի էին եւ մարզպետին կուսակցական պատասխանատվության ենթարկելու կողմնակից էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել