Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու կանանց պատմություն

Մայիս 11,2005 00:00

Հունիսի 20-ից կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կսկսի իր «Խճճված զուգահեռներ» ֆիլմի նկարահանումները:

Սա հեղինակի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է. «1993-ին նկարահանեցի իմ 10 րոպեանոց կուրսային աշխատանքը՝ «Ես համարձակվում եմ մտաբերել», որից հետո ստիպված էի 11 տարի սպասել պատշաճ ֆինանսական հովանավորության, քանի որ կտրականապես դեմ եմ սուղ միջոցներով ֆիլմ նկարահանելուն»: «Խճճված զուգահեռները» համատեղ արտադրանք է «Հայֆիլմ» կինոստուդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Ֆրանսիայի պրոդյուսերների: Ֆիլմի բյուջեն կազմում է շուրջ 420.000 ԱՄՆ դոլար, կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը, հագուստի ձեւավորումը՝ Մադլեն Խաչատրյանի, օպերատորներն են Վահագն Տեր-Հակոբյանը եւ Ռուբեն Գասպարյանը:

Ըստ Հ. Գալստյանի, այսօր «Հայֆիլմը» ոտքի կկանգնի միայն արտասահմանի հետ համատեղ գործունեության եւ ստուդիան նոր կադրերով համալրելու դեպքում. «Մոտ 15 տարվա նորանկախ պետություն ենք, բայց աշխարհը մեզ գիտի միայն ցեղասպանությամբ եւ արցախյան հիմնահարցով: Մինչդեռ շատ կարեւոր է աշխարհին ներկայանալ հայկական նոր կինոյով, քանի որ մեր հին, դասական կինոն իր գեղարվեստական արժանիքներով միայն մեզ համար է հետաքրքիր, բայց տեխնիկապես խոտան է, այն Եվրոպայում հաստատ որեւէ հետաքրքրություն չի առաջացնի»: Հայկական նոր կինո, Հովհաննեսի համոզմամբ, այսօր իր հետ բերում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը. «Իմ կարծիքով Էդգարը հայկական կինոյի պատմության մեջ առաջին անգամ ուժեղ կնոջ կերպար ստեղծեց իր «Մարիամ» ֆիլմում (հայ հանդիսատեսը ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանը, հուլիսի 12-ին: -Ա. Ք.)»: Հովհաննեսը մեծագույն երջանկություն է համարում կնոջ մասին ֆիլմ նկարելը, կնոջ հետ աշխատելը. «Ինձ ավելի է հուզում փողոցում քայլող կինը՝ իր պայուսակի պարունակությամբ, քան աշխարհաքաղաքական, տարածաշրջանային խնդիրները: Ցավոք, հայկական կինոյում միշտ գերիշխող է եղել սյուժեն, իսկ մարդը, իր ապրումներով, մնացել է հետին պլանում»: «Խճճված զուգահեռներում» ռեժիսորը պատմում է միանգամից երկու կանանց մասին՝ Լաուրայի (Լորանս Ռիթեր, Ֆրանսիա) եւ Հանգայի (Այվա Բլեյ, Լիտվա):

Ի դեպ, Լորանսն արդեն ժամանել է Երեւան եւ նախապատրաստվում է նկարահանումներին: Պարզվում է՝ մինչ Հայաստան գալը նա ինչ-որ կազմակերպության շարքերում Ֆրանսիայում մասնակցել է ցույցերի, նպատակը՝ որ Թուրքիան չմտնի Եվրախորհուրդ:

«Լինելով մասնագիտությամբ լրագրող՝ Լորանսը հիացրեց ինձ իր դերասանական կարողություններով, բայց դա զարմանալի չէ, քանի որ յուրաքանչյուր կին տիրապետում է արագ կերպարանափոխվելու արվեստին»,- կարծում է Հ. Գալստյանը: «Խճճված զուգահեռներ» ֆիլմը երկու կանանց՝ երբեւէ միմյանց չտեսած մոր ու դստեր զուգահեռվող ճակատագրերի մասին է, որոնք վերագտնում են իրենց՝ սիրո շնորհիվ, թեեւ այդ սերը երկու դեպքում էլ մերժված է հասարակության կողմից: Ֆիլմի գործողությունները կատարվում են 1945 թվականին՝ Նորվեգիայում եւ 1988-ին՝ Երեւանում:

ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել