Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ

Մայիս 11,2005 00:00

Հայրենական
մեծ պատերազմի 60-ամյակի առիթով մայիսի 6-ին Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում մեկտեղել էր համայնքի 500 վետերանների՝
մեծարելու, հարգանքի տուրք մատուցելու, հյուրասիրելու: Երկրորդ աշխարհամարտում
հաղթանակածներին թաղապետը դիմավորեց հենց մուտքի մոտ եւ պաշտպանության նախարարության
գլխավոր շտաբի նվագախմբի խրոխտ ու ոգեշունչ երաժշտության ներքո ներս հրավիրեց: Ողջունելով
վետերաններին պանծալի հաղթանակի կապակցությամբ, Լ. Հարությունյանը բոլոր սերունդների
անունից նրանց շնորհակալություն հայտնեց. «Ռազմի հինավուրց պատգամ է. «Կամ վահանով,
կամ վահանի վրա»: Մայր հայրենիքը 1941-ին Ձեզ պատերազմի դաշտ ճամփեց հաղթանակի այս
պատգամով: Այսօր համաշխարհային հրեշի՝ ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի 60-ամյակին,
փառք ու պատվով հիշելով իրենց կյանքը վահանի վրա դրած՝ զոհված հայորդիներին, երախտագիտությամբ
փառք ու պատիվ ենք տալիս Ձեզ՝ վահանով վերադարձած մարտիկներիդ, որ ուրիշ ազգերի հետ
համերաշխված մարտնչելով բազմազգ բանակների շարքերում, բարձր ու վեհ պահեցիք հայ ռազմիկի
հերոսական պատիվը, որով եւ անձնազոհության օրինակ ու հաղթանակի ներշնչանք տվեցիք
Ձեր թոռներին՝ արցախյան պատերազմի հերոսներին: Փառք, երիցս փառք Ձեզ: Մեծագույն պատվի
արժանացած եմ համարում ինձ, որ ղեկավարում եմ Արաբկիր համայնքը, քանզի այստեղ ապրում
եք Դուք: Ձեր սխրանքն անմահ է, Ձեր անունը՝ անմոռաց»: Թաղապետը վստահ էր,
որ Հայրենական պատերազմի ժամանակ հայ մարտիկների մեջ խոսել է նախնիների ոգին. «Ձեր՝
հաղթելու հոգեբանությունը եկել է դեռեւս հայ-ֆիդայական շարժումներից: Մեր ֆիդայիների
ոգին փոխանցվել ու շարունակում է փոխանցվել է սերնդե-սերունդ»: Հայրենական մեծ պատերազմում
ավելի քան 300 հազար հայ մարտիկներ են զոհվել: Մեկ րոպե լռությամբ բոլոր զոհվածների
սուրբ հիշատակը հարգելուց հետո, Լ. Հարությունյանը վետերաններին վստահեցրեց, որ «Ոչ
ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի»: Նրա խոսքերով. «Ռազմի դաշտի խրամատներում մի քանի
տարի անցկացնելը իր հետքն անպայման թողել է ձեզանից յուրաքանչյուրի վրա: Թերեւս այդ
է պատճառը, որ պատերազմածներից ոմանք անժամանակ են հեռացել կյանքից»: Տոնի
առիթով վետերաններին ողջունեցին ՊՆ Սպայի տան «Զորական» եւ «Սարդարապատ» համույթները:
Նրանց ռազմահայրենասիրական կատարումները վետերաններին հուզվելու եւ եւս մեկ անգամ
հաղթանակի բերկրանքը վայելելու առիթ տվեցին: Թաղապետի նախաձեռնությունից ոգեւորված
վետերանները նույնպես երգեցին ու պարեցին: Նրանք գիտեն խաղաղության գինը: Դրամական
պարգեւներ հանձնելն ու տոնը հանդիսավոր պայմաններում նշելը՝ Լ. Հարությունյանի միակ
անակնկալը չէր վետերաններին: Ֆաշիզմին հաղթած հերոսներն այսօր դժվարությամբ են հաղթահարում
կենցաղային խնդիրները: 2005 թվականին համայնքապետը համայնքի բոլոր վետերաններին զիջել
է թաղապետարան մուծվող բոլոր վարձերը: Ավելին, Լ. Հարությունյանը չեղյալ է համարել
նաեւ նախորդ տարիների պարտքերը: Թաղապետը խոստացավ այսուհետեւ էլ հոգատար լինել նրանց
հանդեպ: Արաբկիրի համայնքապետի կազմակերպած միջոցառմանը, Հայրենական մեծ պատերազմի
վետերաններին հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ, շնորհավորելու էին եկել նաեւ քաղաքապետ
Երվանդ Զախարյանը, մեր երկրում գործող դեսպաններ: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել