«Ջահելներին 12 էշելոնով անասունի պես տարան Բեռլին: Ճամբարում երեք օրը մեկ ստանում էինք 200 գրամ հաց:
Իսկ ճաշը տաք ջուր էր»,- իրենց մանկության չորս տարին այսպես են հիշում համակենտրոնացման ճամբարում ապրածները:
Երեկ, երբ զրուցում էի Հայրենական պատերազմի մասնակիցների որդիների հետ, ովքեր այդ տարիներին իրենց մանկությունն անց են կացրել Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում ու մանկատներում, տպավորություն ստացա, որ նրանց բոլորը մոռացել են՝ մասնավորապես կառավարությունը:
«Մայր եւ մանուկ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հաղթանակի 60-ամյակի առիթով այդ մարդկանց համար Վետերանների միությունում կազմակերպել էր միջոցառում: Ծրագրով նախատեսված էր ասմունք, երգ, պար: Նշենք, որ 2004 թվականին կազմակերպությունում հաշվառված է 150 հոգի: Երեկ նրանցից շատ քչերն էին ներկա: «Խուսափում են հիշել այդ օրերը: Ոմանք մահացել են: Մի մասն էլ տնանկ է եւ նրանց գտնելը շատ դժվար է,- ՀԿ- ի նախագահ Ամալյա Ասոյանն այսպես բացատրեց դահլիճի ոչ լեցուն լինելը:- Այս մարդկանց ուզում եմ ամեն տարի ուրախացնել, հյուրասիրել, նվեր տալ, որի համար դռնեդուռ ընկած աջակցություն եմ խնդրում: Նամակ եմ ուղարկել կառավարություն եւ շատ այլ տեղեր, բայց իզուր»:
Տիկին Ասոյանը հուսով էր, որ 60-ամյակի առիթով միգուցե իրենց կօգնեն, չէ որ համակենտրոնացման ճամբարներում եղած մարդիկ կարգավիճակով հավասարեցված են պատերազմի մասնակիցներին: Նա 150 նամակ է ուղարկել գործարարների, կազմակերպությունների: Նրանցից միայն 10-ն են աջակցել: «Քաղաքապետարանից խնդրեցինք 20 հազար դրամ, բայց մերժեցին»,- վրդովված ասաց տիկին Ասոյանը:
Երեկ շատերը խուսափում էին հիշել իրենց անցկացրած օրերը, պատմում ու լաց էին լինում: Սակայն եղավ նաեւ բացառություն: Օրինակ, Անիկ Վարդանյանը, որն ապրում է Արտաշատում մանկությունն անց է կացրել տեղի մանկատանը եւ այդ օրերը մեծ ուրախությամբ է հիշում. «Էն ժամանակ ես ավելի երջանիկ էի, քան այսօր: Հիմա ապրում եմ շատ աղքատ: 2500 դրամի համար հինգ ամիս է լույս չունեմ: Հաղթանակը տոնեցի մթության մեջ»:
Լյուդմիլա Ավագյանը 1941 թվականին եղել է 14 տարեկան: Այդ տարիներին ապրել է Ռոստովում: Հիշում է, որ հորը տարան կռիվ, իսկ մայրը մնաց չորս երեխաների հետ: Նրանցից մեծն ինքն էր, որին բռնի տարել են Բեռլին. «Քցեցին մի մեծ սենյակ: Նեմեցները շրջապատեցին մեզ: Հետո հասկացանք, որ մեզ վաճառում են, իսկ գնորդները հենց այդ նեմեցներն էին: Բոլորիս ընտրում էին տեսքով՝ նայում էին ձեռքերին, բերանին: Աղջիկներին ուղարկում էին ֆերմա կով կթելու: Բախտս բերեց եւ ինձ գործ հասավ գործարանում, կար էի անում»,- արցունքներն աչքերին պատմում է տիկին Լյուդմիլան: Նա պատմում է, որ իրենց շների ուղեկցությամբ էին տանում աշխատանքի, որ չփախչեն: Պատմությունն այստեղ նա ավարտեց. «Միայն լավ մասերն եմ ուզում հիշել, որ եկան զինվորներ, կարմիր դրոշներով ու մեզ ասացին, որ պատերազմն ավարտվել է: Մեզ բոլորիս տվեցին մեկական ձի: Ես երեք ամսում ձիով հասա ավերված Ռոստով, բայց երջանիկ էի ու ազատ, նոր կյանք սկսեցի»: Արդյոք որեւէ մեկին պետությունն աջակցում է, թե ոչ՝ «Առավոտի» հարցին բոլորը զարմանում էին. «Մեզ մոռացել են: Մենք մնացել ենք մեր տխուր պատմությունների հետ»,- պատասխանում էին նրանք:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ