Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ, ԽՈՍՏԱՆՈՒՄ ՈՒ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ

Մայիս 11,2005 00:00

Տասնյոթ երեխա ունեցող Մամիկոն Ղազարյանի եւ Անթառամ Կիրակոսյանի ընտանիքը սոցիալական քարտի պատճառով զրկվել է ընտանեկան նպաստից:

Նման ընտանիքները շատ են: Մեկը հենց Ղազարյանների հետ նույն թաղամասում է բնակվում. Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ա. Բաբաջանյան փողոցի 91 շենքում՝ Կարինյանների ընտանիքում 10 երեխա կա, որից ութը՝ անչափահաս: Սոցքարտի մասին օրենքը սահմանում է ընդամենը երկու դեպք՝ անկողնային եւ հոգեկան հիվանդներին, երբ նրանք սոցքարտ չունենալու պատճառով չեն զրկվում նպաստ-թոշակից:

Ամսական 24000 դրամը հայազգի միակ՝ 17 երեխա ունեցող Ղազարյանների ընտանիքի համար պետության սահմանած միակ օժանդակությունն էր, այն էլ չեն ստանում հունվարից: Սոցքարտ չստանալու պատճառը ընտանիքը հիմնավորում է «Ընդդեմ մարդկանց համարակալման» շարժմանը մասնակցելով: Այսինքն, նրանց որոշումը սկզբունքային է եւ հրաժարվել դրանից մտադիր չեն: 20 հոգանոց ընտանիքում 8 անչափահաս երեխա կա: Երեկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ասաց, որ այս ընտանիքի հետ իրենք առանձին աշխատանք են տանում: Իսկ թե ինչպիսի «առանձին աշխատանք է» դա, Ղազարյանների ընտանիքը տեսել է վերջին տասնամյակում, մենք՝ նույնպես: Հոկտեմբեր ամսից, երբ «Առավոտն» անդրադարձավ այս բազմազավակ ընտանիքի հոգսերին, նրանց օգնելու 1-2 զանգ եղավ խմբագրություն: Դրան հետեւեց բազմաթիվ պաշտոնյաների այցը նրանց բնակարան: Պաշտոնյաները զարմացել են երեխաների ապրելակերպով, խոստացել, որ ամեն ինչ կանեն օգնելու համար, հետո գնացել ու մոռացել՝ խոստումն էլ, ընտանիքին էլ: Գլխավոր խոստումը եղել է հանրապետության վարչապետի կողմից՝ «գտեք ձեզ հարմար երկու հատ երկու սենյականոց բնակարան եւ մենք դրանք կգնենք ձեզ համար»: Իհարկե, փնտրել, գտել ու տեղեկացրել են: Բայց մինչ օրս արձագանք չկա:

Ավելին՝ կառավարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ վարչապետը հատուկ ուշադրության տակ է վերցնելու երեխաների թվով անգերազանցելի այս ընտանիքի հոգսերը, նշանակելու է ամսական որոշակի գումար, օգնելու է սննդով, հագուստով եւ անհրաժեշտ այլ կարիքների դեպքում: Այս խոստումը նույնպես սառեցված է: Ընտանիքի բարեկամներից մեկը՝ Լյովա Մկրտչյանը, Ղազարյանների անունից դիմումներ է ուղղել նախագահին, նախարարներին եւ «մականունավոր» գործարարներին: Խնդրել են ավելի շուտ լուծել բնակարանային խնդիրը: Նախագահականից տրամադրվել է միանվագ օգնություն՝ 50000 դրամ, որից ընտանիքը վիրավորված հրաժարվել է: Կապի եւ տրանսպորտի, ինչպես նաեւ էներգետիկայի նախարարությունները նրանց խնդրանքը՝ ազատել հեռախոսի եւ հոսանքի վարձերից, թողել են անպատասխան: Չեն պատասխանել նաեւ գործարարները: «Ազգային ժողովի նախագահը մարդ ուղարկեց, որը եկավ, տեսավ, խոստացավ՝ ինչպես մնացածը, ու էլի մոռացավ՝ ինչպես մնացածը»,- ասաց Լյովան: Երեխաներից 9-ը չափահաս են, ուզում են ամուսնանալ, բայց ապրելու տեղ չկա, վարձով ապրելու հնարավորություն՝ նույնպես:

«Առավոտը» նրանց մասին պարբերաբար հիշեցրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Աղվան Գրիգորյանին, բայց անընդհատ ստացել պատասխան՝ «տունը ճարել ենք, մնում է վարչապետը փողը տա»: Փորձեցինք պարզաբանում ստանալ կառավարությունից: Պարզվեց, վարչապետը խնդրի կարգավորումը հանձնարարել է ՀՀԿ խորհրդի անդամ, կառավարության վարչություններից մեկի պետ Արամ Կարապետյանին: Մի քանի օր սպասեցինք կառավարության պատասխանին՝ չստացանք: Արդեն հասկանալի է Ղազարյանների ընտանիքի խոր հիասթափությունը նորանկախ Հայաստանի իշխանություններից:

Վերջում հիշեցնենք, որ այս ընտանիքը իր զավակների թվով եզակի երեւույթ է հայ ազգի համար: Եվ նա ընդգրկված է աղքատության ընտանեկան նպաստի համակարգում:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել