ԸՆԴԴԵՄ
ՇԱՆՏԱԺԻ Քաղաքական ուժերի պարբերական հանդիպումների ժամանակ,
որոնց ընթացքում կուսակցությունները (հիմնականում՝ ընդդիմադիր) փորձում են մշակել
քաղաքականություն՝ հանցավոր տարրերի ներթափանցման դեմ, քննարկվում է մի փաստաթուղթ,
որի աշխատանքային անունն է՝ «Հայաստանի բարոյական եւ քաղաքական առողջացումը՝ ռազմավարական
խնդիր»: Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Քաղաքացիների սպասվող զանգվածային
ելույթների վտանգը չեզոքացնելու համար հրապարակ է նետված «հասարակական միասնության»
պահպանման անհրաժեշտության կարգախոսը, որն իբրեւ պետք է ազգային կարեւորության այնպիսի
խնդիրների լուծման համար, ինչպիսիք են Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Արցախի
խնդիրը եւ այլն։ Անօրեն կուտակած հարստությունն իշխանության լծակների հետ պահպանելու
նպատակով ազգային սրբությունների շահարկումն իշխող հանցախավի առավել ցինիկ դրսեւորումներից
է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ բոլոր ժողովուրդների ամենամեծ հարստությունը՝ մարդկանց
պատիվն ու արժանապատվությունն ամեն վայրկյան ոտնահարող անձինք նույն այդ մարդկանց
անունից զբաղվեն համազգային կարեւորություն ունեցող հարցերի լուծմամբ։ Առավել եւս,
որ նրանք արդեն ցույց են տվել, որ այդ խնդիրները նրանց համար սոսկ իրենց իշխանությունը
պահպանելու «մանրադրամ» են։ Զգալով դժգոհության ալիքի բարձրացման վտանգը՝
կառավարող վերնախավը պատրաստում է երկրում ազատ ընտրությունները խոչընդոտելու հերթական
տարբերակները: Հանցախավը պատրաստվում է իր իշխանության վերարտադրմանը հասարակությանը
մոլորեցնելու եւ ժողովրդավարության դրոշի ներքո հասարակական-քաղաքական ուժերի միավորումը
խափանելու ճանապարհով»: Նախագիծը, որը տրվել է քննարկման՝ բոլոր քաղաքական
ուժերին, ամբողջությամբ հրապարակվելու է «Առավոտի» շաբաթ օրվա համարում:
Սեփ. լր.