Լրահոս
Օրվա լրահոսը

Բուշի «օրհնած ոտը»

Մայիս 11,2005 00:00

Բուշի
«օրհնած ոտը» ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի այցը Վրաստանում հավանաբար
դեռ երկար կհիշեն՝ այն գնահատելով իբրեւ պատմական, առանցքային, շրջադարձային կամ
նման մի բան: Դատելով այցի արտաքին փայլից եւ համաժողովրդական ցնծության աննախադեպ
թափից՝ չի բացառվում, որ Բուշ կրտսերի այցը ԱՄՆ նահանգներից մեկի անունը կրող (Ջորջիա)
այդ երկիր, հենց այդպիսին էլ կա՝ պատմական: Չի բացառվում նաեւ, որ ԱՄՆ նախագահի Վրաստան
կատարած այս եզակի այցով հարավկովկասյան տարածաշրջանն իսկապես թեւակոխում է պատմական
մի նոր շրջափուլ, որի ընթացքից, ուզեն թե չուզեն, անմասն չեն մնալու նաեւ տարածաշրջանի
մյուս երկրներն ու այդ թվում՝ Հայաստանը: Այդուհանդերձ, արձանագրենք մի ուշագրավ
պահ: Եթե համավրացական այս ոգեւորությանն ի տես, այսօր համարձակորեն կարող ենք արձանագրել,
որ վրացիներն ամերիկամետ են, ապա նույնքան համարձակությամբ կարող ենք փաստել, որ
հայերն այլեւս ռուսամետ չեն: Պարզ համեմատություն. Պուտինի հայաստանյան այցերը վաղուց
արդեն ոչ մեկին (չհաշված ՀՀ պետարարողակարգի ծառայությանն ու Քոչարյանի նեղ շրջապատին)
բացարձակապես չեն հետաքրքրում: Ասենք՝ հարկ է խոստովանել, որ, ըստ ամենայնի, մենք
եւս Պուտինին առանձնապես չենք հետաքրքրում, եւ դա նորմալ է: Պատմությունը մեզ բազում
դառնաղի դասեր է տվել առ այն, որ Էյֆորիայով, «օրհնած ոտքերով» եւ այդ կարգի փուչ
արժեքներով լուրջ պետություն չես կառուցի: Իսկ այժմ դառնանք Բուշի այցին եւ առանձնացնենք
դրա, ըստ մեզ, առավել կարեւոր դրվագները: «Հայտարարում եմ, որ ոչ մի այլ դեպք
չի եղել, երբ այս քանակի (մոտ՝ 150 000) մարդիկ հավաքվեին: Սա մատնանշում է, թե ինչ
մեծ նշանակություն է տրվում Ձեր այցին Վրաստան»,- դիմելով ԱՄՆ նախագահին, ասել է
Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին համատեղ ասուլիսի ժամանակ: «Վարդերի հեղափոխությունից
հետո ոչ մի երկիր այդքան մոտ կանգնած չի եղել Վրաստանին, ինչպես ԱՄՆ-ը: Խոսքը վերաբերում
է ինչպես ժողովրդավարության զարգացման գործում, այնպես էլ անվտանգության հարցերում
ցուցաբերած օգնությանը»,- միտքը զարգացրել է Վրաստանի նախագահը: Հաճոյախոսությունների
պակաս չի եղել նաեւ մյուս կողմից: «Վրաստանը խաղաղ ժողովրդավարության զարգացման օրինակ
է, եւ այստեղի իրադարձությունները, մասնավորապես՝ վարդերի հեղափոխությունը կօգնեն
Կենտրոնական Արեւելքի երկրների փոխակերպմանը, որպեսզի այդ տարածաշրջանը եւս լինի
խաղաղ ու կայուն»,- իր հերթին ընդգծել է Ջորջ Բուշը: Ու թերեւս՝ ամենակարեւորը. Բուշը
տառացիորեն հայտարարել է, որ «ԱՄՆ-ը անհամբեր սպասում է, թե երբ կիրականանա ՆԱՏՕ-ին
անդամակցելու Վրաստանի ցանկությունը»՝ այս համատեքստում չմոռանալով ընդգծել Վրաստանի
տարածքային ամբողջականության պահպանման եւ ռուսական զորքերի դուրսբերման կարեւորությունը:
Հարց է ծագում. իսկ ի՞նչ կարող էին անել հայերն այս պարագայում՝ ռեգիոնալ բալանսը
քիչ թե շատ պահպանելու համար: Թերեւս միայն մի բան: Ասում են, թե Բուշը շատ է գովել
վրացական խինկալին: Պետք էր նրան ուղղակի ասել. «ա դոլմա՞, սնաչալա պադումայ, պատոմ
գավարի»: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել