Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ: ԵՐԿՈՒՍՏԵՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 11,2005 00:00

«Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, սակայն, շեշտում է, թե սեփական
ուժերով են Հայաստանում հաստատելու ժողովրդավարություն: – ԱՄՆ նախագահ Ջորջ
Բուշը երեկ Վրաստանում հայտարարեց, թե այդ երկիրը «խաղաղ ժողովրդավարության զարգացման
օրինակ է, եւ Վրաստանի իրադարձությունները, մասնավորապես «վարդերի հեղափոխությունը»,
կօգնեն Կենտրոնական Արեւելքի երկրների փոխակերպմանը»: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ այս
հայտարարությունն ազդեցություն կունենա Հայաստանի եւ ընդհանրապես՝ տարածաշրջանային
զարգացումների վրա: – Ես միանշանակ համոզված եմ, որ կունենա ազդեցություն,
եւ շատ կարեւոր է այս տեսակետը: Սակայն հայ ժողովրդին, առանց Բուշի ասելու էլ, պարզ
էր, որ ժողովրդավարությունը չունի այլընտրանք: Վերջին մի քանի տարիների փորձությունը՝
Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներքո, դա ապացուցեց ժողովրդին: Բուշի հայտարարությունն
առավել լուրջ նշանակություն ունի Ռոբերտ Քոչարյանի համար, քանի որ ԱՄՆ նախագահն արձանագրեց,
թե մեր տարածաշրջանի մյուս ժողովուրդներն էլ միանշանակ պիտի հաղթեն եւ ինքը համոզված
է դրանում: Իսկ դա ասում է աշխարհի ամենահզոր տերության ղեկավարը, որն իր խոսքը կտուրը
գցող մարդկանցից չէ՝ ապացույցն Իրաքն է, Վրաստանը, Ուկրաինան, Ղրղըզստանը: Բուշը
նաեւ շեշտեց, որ ժողովուրդներն իրենք պիտի հասնեն իրենց ժողովրդավարությանը: Եվ ես
կողմնակիցը չեմ այն մոտեցման, թե ԱՄՆ-ն պետք է գա եւ այստեղ հաստատի ժողովրդավարություն:
Ընդհակառա՛կը՝ կարծում եմ, որ մեր ժողովուրդն ունակ է սեփական երկրում հաստատելու
ժողովրդավարություն: Իսկ ԱՄՆ-ն օգնել է այն ժողովուրդներին, ովքեր փորձել են հաստատել
ժողովրդավարություն: Թող այլ՝ արաբական երկրներ օգնեին, եւ կմեջբերեին իրենց նախագահների
ասածները: – ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան
մասնաճյուղը «Հանրապետության» ակտիվիստների ուսուցումից հետո սկսեց մասնակցել կուսակցական
համագումարների եւ ասուլիսների: Սա ինչի՞ նախանշանն է՝ ամերիկյան կառույցնե՞րն են
կատարել իրենց ընտրությունը, թե՞ ընդդիմությունն է վերջնականապես որոշել իր կողմնորոշումը:
– Կարծում եմ, որ սա երկուստեք հետաքրքրության խնդիր է: Ժողովուրդն իր դիրքորոշումը
ցույց է տվել եւ իր՝ փողոց դուրս գալով ապացուցել, թե ժողովրդավարության կողմնակից
է: Ուստի ժողովրդավարության գաղափարի վրա հիմնված միջազգային բոլոր կազմակերպությունները,
այդ թվում՝ նաեւ NDI-ը, իրենց պարտքն են համարել օգնել մեր ժողովրդին ժողովրդավարության
հասնելու ճանապարհին: Մենք NDI-ի հետ ունենք հրաշալի հարաբերություններ եւ
արդեն 1 տարի է, ինչ աշխատում ենք: «Հանրապետության» 15 անդամներ անցել են NDI-ի
դասընթացները: Ներկա փուլում NDI-ի այլ դասընթաց են անցնում. ծրագիրն անվանվում է
«Դռնեդուռ»՝ սա դեպի ժողովուրդ քարոզչության մեթոդ է: – Պատահակա՞ն է արդյոք,
որ հենց այս փուլում Արտաշես Գեղամյանն ակնարկեց, թե «Արդարությունն» ու «Ազգային
միաբանությունը» շուտով հրավիրելու են համատեղ հանրահավաք: Ամերիկյան աջակցությունը
եւ ընդդիմության ակտիվացումն ուղղակի զուգադիպո՞ւմ են, թե՞… – Ես ասել եմ
եւ կրկնում եմ՝ այս անգամվա հանրահավաքը լինելու է մեկ անգամ, եւ այն ավարտվելու
պահից արդեն պարզ է լինելու դրա ավարտը: Այդ հանրահավաքին ժողովուրդը մասնակցելու
է վստահությամբ: Եվ համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարելու է, թե ինքն
ուժ չի կիրառելու ժողովրդի նկատմամբ: Բայց հանրահավաքի օրվա եւ ժամի մասին
ոչինչ ասել չեմ կարող: Սակայն պիտի պնդեմ, որ միանշանակ փոխվել է հանրահավաքներ անելու
բովանդակությունը՝ այն լինելու է հանուն ժողովրդավարության եւ ոչ թե հանուն որեւէ
մեկի իշխանության կամ իշխանափոխության: – Մի հարց էլ ընդդիմություն-իշխանություններ
հարաբերությունների մասին: Մեր ընդդիմությունն առաջին անգամ ներքաղաքական բովանդակությամբ
համատեղ հայտարարությամբ հանդես եկավ իշխանությանը մաս կազմող կուսակցությունների
հետ: Եվ որ առավել զարմանալին է՝ Ռոբերտ Քոչարյանի դժգոհության դրսեւորումներից հետո
էլ իշխանական կոալիցիան չհրաժարվեց իր ստորագրությունից: Ձեր գնահատմամբ՝ սա զուտ
նախընտրակա՞ն տրամաբանություն է, թե՞ բացատրությունն այլ է: – Սա երկրում
տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետեւանք է: Իշխանական թեւի կուսակցությունների
համար արդեն պարզ է դարձել, որ Քոչարյանը հավերժ չէ, եւ յուրաքանչյուրն ուզում է
գտնել իր տեղն ապագա Հայաստանում: Իսկ այն գտնելու համար Քոչարյանը միայն խանգարող
հանգամանք է: Ո՛ր թեկնածուի կողքին կանգնի նա՝ այդ թեկնածուն պարտվելու է: Սա միանշանակ
հասկանալի է՝ ե՛ւ դաշնակցականների, ե՛ւ հանրապետականների համար: Ուստի նրանք փորձում
են արդեն տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից, հանդես գալ ինքնուրույն, ինչը մենք ողջունում
ենք: Եվ կողջունենք, եթե այդ կուսակցությունները նախագահական ընտրություններում հանդես
գան սեփական թեկնածուներով: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել