Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի

Մայիս 11,2005 00:00

Այս
իրողությունն է արձանագրում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ խոստանում,
թե կլինի «պատասխան խաղ»: Մայիսի 8-ին Ալավերդու քաղաքապետի ընտրություններում
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարտվեց էլցանցի
տնօրեն, գործարար, խանութների եւ ավտոկանգառների սեփականատեր Արթուր Նալբանդյանին
(վերջինիս անունը, հրապարակումների համաձայն՝ հիշատակված է մի շարք քրեական գործերում):
Ուշագրավն այն է, որ վերջինիս աջակցում էր Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Մինչդեռ
մարզպետը Հանրապետականի անդամ է եւ կուսակցության համամասնական ցուցակում 56-րդն
է: Մեր հարցին, թե ինչպես է գնահատում իրենց թեկնածուի պարտությունը՝ ՀՀԿ
երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը պատասխանեց.
«Մեր թեկնածուն՝ Էդուարդ Շարմազանովը, ընտրության գիշերը, երբ բոլոր ընտրատեղամասերից
եկած տեղեկատվության հիման վրա պարզ դարձավ, թե ով է հաղթել՝ հաղթողի շտաբում շնորհավորեց
նրան: Եվ բնականաբար, այդ շնորհավորանքով հանվել են նաեւ ընտրությունների վիճարկման
առնչությամբ բոլոր հարցերը: Այսինքն, մենք ընդունում ենք ընտրության արդյունքը՝ իր
բոլոր թերություններով, ընտրական գործընթացի բոլոր մանր, միջին եւ մեծ տրամաչափի
խախտումներով: Ընդունում ենք այնքանով, որքանով Ալավերդու բնակչությունը կատարել
է իր ընտրությունը: Եվ մենք չենք կասկածում այդ ընտրությանը»: Այսուհանդերձ՝
պրն Աշոտյանն արտահայտեց որոշ կասկածներ. «Ընտրողների աննախադեպ բարձր ակտիվությունն,
անկեղծ ասած, կասկած է հարուցել ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ՝ տեղաբնակների: Երբեւէ
քաղաքապետի ընտրությունները չեն անցել 9 հազար ընտրողով: Անգամ խորհրդարանական եւ
նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցությունը եղել է 8 հազարից քիչ ավելին:
Միգուցե դա վկայում է հասարակության հետաքրքրվածությա՞ն մասին: Ուզում եմ լավ բան
տեսնել այդ միտումի մեջ, սակայն նաեւ կասկածելու տեղիք է տալիս: Մեր թեկնածուն մեկ
ամսում հավաքեց շուրջ 3 հազար ձայն: Համայնքապետի նախորդ ընտրություններում սա բավարար
էր քաղաքապետ ընտրվելու համար: Եվ մենք մեր աշխատանքը գնահատում ենք բավարար: Այն
ամենը, ինչ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունը կարող էր անել իր թեկնածուի համար՝
արվել է»: Հենրիկ Քոչինյանի դիրքորոշման առնչությամբ էլ Արմեն Աշոտյանն ասաց.
«Ինչ վերաբերում է մարզպետի ակնհայտ մեր դեմ աշխատելուն՝ սա ներկուսակցական խնդիր
է: Եվ այն ներկուսակցական քննարկման առարկա կդառնա. գոնե մեր՝ երիտասարդական կազմակերպության
կողմից այդ խնդիրն արծարծվելու է»: Առայժմ այսքանով սահմանափակելով ասելիքը՝
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարն ասաց. «Ընտրապայքարը կարող եմ համեմատել
ֆուտբոլային խաղի հետ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընդդեմ ՀՀԿ Լոռու մարզային
կառույցի: Խաղն արտագնա էր: Եվ մեր բոլոր ջանքերով հանդերձ՝ արձանագրում ենք մեր
պարտությունը: Բայց կարող եմ ասել, որ հաշիվն այնքան էլ խոշոր չէ: Եվ կա նաեւ պատասխան
խաղի հնարավորություն, որը կայանալու է, բնականաբար, մեր դաշտում: Ես վստահ եմ, որ
կկարողանանք պատասխան խաղի ընթացքում, համապատասխան եզրակացություններ անելու դեպքում,
մեր դաշտում հասնել հաղթանակի: Շարունակելով զուգահեռը՝ պիտի ասեմ, որ խախտված էր
խաղերի կարեւորագույն պայմանը՝ ազնիվ մրցակցությունը (fair play), պահպանված չէին
արդար խաղի կանոնները եւ դատավորի աչքից հեռու՝ կատարվում էին մանր-մունր անարդարություններ
ու անբարոյականություններ, որոնք գումարվելով՝ ի վերջո հանգեցրին նման արդյունքի:
Սակայն կրկնում եմ՝ կա պատասխան խաղի հնարավորություն»: Ա.
ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում
այն փաստը, որ Լոռու մարզի հանրապետական մարզպետն Ալավերդու քաղաքապետի ընտրություններում
գործել է ընդդեմ ՀՀԿ անդամ թեկնածուի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
պատասխանեց. «Կարծում եմ՝ դա նախընտրական ասեկոսեների խնդիր է: Ինքս չեմ մասնակցել
քարոզարշավին, եւ խնդիրն այն էր, որ իրենք՝ երիտասարդները կարողանային հաղթահարելի
դարձնել: Եվ եթե նայում ենք արդյունքներին՝ 3 հազար ձայնը քիչ չէ»: Սակայն նաեւ նշենք,
որ ՀՀԿ խորհրդի այլ անդամներ այլ տեսակետի էին եւ մարզպետին կուսակցական պատասխանատվության
ենթարկելու կողմնակից էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել