Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչվորների

Մայիս 07,2005 00:00

Քոչվորների կայսրապաշտությունը Ժամանակակից Թուրքիայի աշխարհաքաղաքականությունը Տափաստանային քոչվորները՝ հին թյուրքերը, ինչպես հայտնի է, վառ արտահայտված մայրցամաքային եւ ցամաքային ծագում ունեն: Նրանք ձեւավորվեցին Եվրասիայի տարածքներում եւ այնտեղ էլ յուրացրին էքսպանսիայի, կամքի եւ իշխանության էներգիան: Ինչպես մյուս եվրասիական քոչվորները՝ սկյութները, մոնղոլները, հոները, ավարացիները եւ այլք, թյուրքերն էլ իրենց մշակույթի մեջ կրում էին քոչվոր կայսրության սկզբունքը, որն իր վերահսկողության ներքո էր պահում ե՛ւ անապատային արոտավայրերը, ե՛ւ այն շրջանները, որտեղ բնակվում էին նստակյաց, ավելի խաղաղ ժողովուրդները: Քոչվոր կայսրությունները ամբողջ եվրասիական պատմության համար մշտապես միավորող տարր են հանդիսացել: Աշխարհաքաղաքականության հիմնադիր Հելֆորդ Մակինդերի խոսքերով, այդ կայսրությունները «ցամաքի ավազակներին» խթանող ակներեւ գործոններ էին: Հենց այդ ինտեգրող կայսրական իմպուլսը, որ գալիս է ցամաքի խորքերից, որ առավելապես հեռու էին ափամերձ շրջաններից կամ սահմանակցում էին սառը, ոչ նավարկելի օվկիանոսային տարածքներին, աշխարհաքաղաքականության մեջ կոչվում է եվրասիականություն: Այդ իմաստով ժամանակակից Թուրքիայի եւ նույնիսկ Օսմանյան կայսրության նախապատմությունը արմատներով սերում է զուտ եվրասիականության միջավայր: Խոր արխայիկ եվրասիական սկզբնաղբյուրը հարկավոր է համարել թուրքական գեոպոլիտիկայի պոտենցիալ մակարդը: Հաջորդ աստիճանը հենց օսմանյան աշխարհաքաղաքականությունն է: Այստեղ զգալիորեն փոխվում է թուրքական սկզբնական իմպուլսը. առաջ են գալիս իսլամական գործոնը եւ թուրքերի գրաված տարածքների էթնիկապես ու մշակութորեն բարդ կառուցվածքը: Այստեղ մենք ունենք իսլամի Միջերկրածովյան ու Մերձավոր Արեւելքի բարդագույն բազմադարյա համակարգերի միաձուլում: Արաբական նվաճումները, որոնք սկիզբ դրեցին իսլամական օյկումենի, իրենց սկզբնաղբյուրում անշուշտ մայրցամաքային են: Իսկ հենց ինքը՝ Միջերկրածովյան տարածաշրջանը հանդիսանում էր աշխարհաքաղաքական տենդենցների հակադրությունների կծիկ, որտեղ ցամաքային սկզբունքը միշտ պայքարի մեջ էր ծովայինի հետ: Ընդ որում, ցամաքային Հռոմի եւ ծովային Կարթագենի միջեւ բացահայտ հակադրությունից բացի, այդ նույն սկզբունքները ավելի քողարկված եւ նրբորեն մշտապես առկա էին այդ տարածաշրջանի յուրաքանչյուր առանձին վերցրած քաղաքակրթության մեջ՝ Եգիպտոսում, Սիրիայում, Մեսոպոտամիում, Հունաստանում, Անտիոքում, Պարսկաստանում, եւ այլուր: Օսմանյան կայսրությունը հավաքեց այդ ողջ բարդ աշխարհաքաղաքական կոնգլոմերատը՝ խստաշունչ քոչվորների եվրասիական վերահսկողության տակ: Հենց նրանք իրենց կայսրաշինական էներգետիկայի եւ պարզունակ, բայց դաժան ռազմական էթիկայի շնորհիվ կարողացան այդ տարաբնույթ զանգվածին ձուլել մի ամբողջական աշխարհաքաղաքական համակարգի մեջ: Իրենց վերահսկողությունը հաստատելով Մագրիբից մինչեւ Բալկաններ եւ Կովկաս ձգվող հսկայական տարածության վրա, թյուրքերն հետզհետե յուրացնում էին աշխարհաքաղաքական զարգացումները, որ հատուկ էին հպատակված քաղաքակրթություններին: ՇարունակելիԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել