Իսկ ինչո՞ւ է դեսպանատան տարածքն այդքան մեծ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, հավանաբար, հոգնել է այդ հարցից Երեւանի Ամերիկյան պողոտա 1 հասցեում երեկ բացվեց Հայաստանում ամերիկյան դեսպանատան նորակառույց շենքը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախարարների եւ այլ պաշտոնատարների մասնակցությամբ: Նախքան տանտերերն ու հյուրերը կժամանեին, փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին պատասխանեց լրագրողների հարցերին, որից հետեւեց հատուկ լրագրողական «մինի էքսկուրսիայի» նոր շենքում: Նորակառույց դեսպանատունը կազմված է հինգ շենքերից: Այն զբաղեցնում է Երեւանյան լճին հարող 90 հազար քմ տարածքը: Հիմնական շենքը զբաղեցնում է 14 հազար քմ: Մեր «գիդը» պարզաբանեց, որ սխալ են տարածված տեղեկություններն այն մասին, թե Հայաստանում ամերիկյան դեսպանատան այս շենքը աշխարհում ամենամեծն է: Շենքն իր չափերով մեծ է, սակայն ամերիկյան դեսպանատներից խոշորագույնը չէ: Փոխարենը հողատարածքն իր չափերով ամենամեծերի շարքում է: Դեսպանատան կառուցման սկզբից եւեթ խոսվում էր այն մասին, որ մաքուր էկոլոգիական միջավայրին սովոր ամերիկացիները տեղափոխվելուց առաջ պետք է հիմնովին մաքրեն լճի հատակի տիղմը: «Լճի համար մենք լավ հարեւաններ կլինենք, այն չենք աղտոտի: Չնայած լիճը մեր սեփականությունը չի, այնուամենայնիվ մենք կաջակցենք իրականացնել վերեւից լիճ հոսող ջրի մաքրման աշխատանքներին»,- խոստացավ Է. Գոդֆրին: Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց խոսքում հիշեցնում էին, որ շենքի կառուցման շնորհիվ Հայաստանի տնտեսությունը 18 միլիոն դոլարով հարստացել է եւ որ շենքը դեսպանատան սեփականությունն է: ԱՄՆ սեփականություն է նաեւ Բաղրամյան պողոտայում նախկին «կոմսոմոլի շենքը», որը ամերիկացիները վաճառելու են: Շենքի ծավալների մեծացման հետ մեկտեղ շատացել են նաեւ դեսպանատան մատուցած ծառայությունները: Օրինակ, ամեն օր ժամը 13-17-ը յուրաքանչյուր քաղաքացի անվճար կարող է օգտվել դեսպանատան գրադարանից: Վերջապես «մարդու տեղ են դրել» ԱՄՆ մեկնել ցանկացողներին՝ վիզա ստացողները պատերի տակ շարվելու փոխարեն (ինչպես դա Բաղրամյան պողոտայում էր) կնստեն սպասասրահում: Դեսպանատան այգին կզարդարեն ոչ թե հայկական, այլ Իտալիայից բերված ծառերը: Ջոն Էվանսը, հավանաբար հոգնած հաճախ կրկնվող հարցից, թե ինչու է դեսպանատունն այդքան մեծ, իր ելույթում ասաց, որ դա իրենց աշխատակիցների անվտանգությունը ապահովելու, ավելի շատ մեքենաներ կայանելու եւ այլ հարմարավետությունների համար է: Անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղյան հարցին: Այս հարցը մշտապես հնչում է բոլոր դեսպանների բոլոր ասուլիսներին եւ պատասխանն էլ լրագրողների համար գրեթե նույն բովանդակությունն ունի՝ «արդարացի լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ն պատրաստ է օգնել եւ Երեւանին, եւ Բաքվին»: «Հայկական ծագումով միլիոնավոր ամերիկացիներ հարստացնում են Ամերիկան եւ մեծ դեր խաղում Միացյալ Նահանգների մշակույթի եւ այլ ոլորտներում»,- ասաց Էվանսը: Նաեւ ավելացրեց. «15 տարում Հայաստանը այնպիսի առաջընթաց է ունեցել, որ այսօր բավարարում է նախագահ Բուշի նորարարական հատուկ աջակցության՝ Հազարամյակի մարտահրավերների ծրագրի պահանջներին: Բոլոր հիմքերը կան կարծելու, որ հետագայում եւս կբավարարի այս ծրագրերին»: Ուշագրավ էր, որ նորակառույց դեսպանատունն օրհնելու եկած հայ հոգեւորականը իր ողջույնի խոսքն ասաց անգլերեն, հետո աղոթք արեց հայերեն: Հ. ԵՐԱՆՈՍՅԱՆ