Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԲՈՍԱՅԳԻ՞,

Մայիս 07,2005 00:00

ԶԲՈՍԱՅԳԻ՞, ԹԵ՞ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ Խոսքը Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ենթակայության տակ գտնվող «Հաղթանակ» զբոսայգու մասին է «Հաղթանակ» զբոսայգին մայրաքաղաքի, թերեւս, ամենամեծ, մարդաշատ ու հաճելի հանգստավայրերից է: Հանգստից բացի, մարդիկ այստեղ են գալիս իրենց խոնարհումը բերելու 2-րդ աշխարհամարտում եւ Արցախյան գոյապայքարում զոհված ու անհայտ կորած հազարավոր հայորդիների հիշատակի առջեւ՝ այցելելով «Մայր Հայաստան» հուշարձանի պատվանդանում տեղավորված զինվորական թանգարան: Իմ եւ ընտանիքիս անդամների այստեղ այցելելու օրը շաբաթ երեկո էր: Մեքենան հին օրերի սովորությամբ կանգնեցրի Ուլնեցու փողոցում ու ոտքով իջանք դեպի հուշարձան: Մինչեւ այստեղ հասնելը՝ տասնյակ մակնիշի ու տեսակի մեքենաներ՝ սպառնալով հետիոտներիս անվտանգությանը, սլացան ուղիղ հուշարձանին հարող տարածք: Շատերն էլ տեղավորվել էին հենց «Անհայտ զինվորի» հուշարձանի դեմ-դիմաց: Մի այնպիսի ժխոր, աղմուկ-աղաղակ էր շրջապատում, այսպես կոչված՝ երաժշտություն, որի համեմատ ԱԼՄ-ի երգիչները դասականներ կհամարվեին: Շուրջբոլորը՝ դատարկ պլաստիկե շշեր, պաղպաղակի թղթեր, կերակրի մնացորդներ: Մեքենաների այդ բազմությունը տեսնելով, ավագ որդիս վրդովվեց. «Հայրիկ, ինչպես միշտ, բոլորին կարելի է, իսկ մեզ ո՞չ: Մեքենան բերեիր այստեղ, համ ապահով կլիներ, համ էլ չէինք հոգնի, անձրեւի դեպքում էլ չէինք թրջվի»: Անսալով տղայիս հորդորներին, մեքենաս բերեցի «կայանատեղ»: Կնոջս հետ հիշեցինք, որ ժամանակին այստեղ նույնիսկ երկրի առաջին դեմքերի մեքենաների մուտքն էր արգելված: Հանկարծ արգելակների ուժեղ ճռռոց ու երեխայի լեղապատառ ճիչ լսեցինք: Մինչ փոքրիկի ծնողները օգնության կհասնեին, ես վազելով մոտեցա, վերցրի երեխային, իսկ «վարորդուհու» կողքին նստած հաստավիզ երիտասարդը դժկամությամբ արտաբերեց. «Էրեխեքին անտեր-անտիրական են թողնում՝ չեք թողում խեղճ աղջկան ավտո քշել սովորի»: Ասացի՝ երիտասարդ, սա զբոսայգի է եւ ոչ թե ավտոպոլիգոն, դրա համար ուրիշ տեղեր կան: «Լսիր, շառդ քաշի գնա, թե չէ վատ կըլնի»,- եզրափակեց զրոների առատությամբ աչքի ընկնող «Մերսեդեսի» ջահել տերն ու քշեցին-գնացին: Ավելորդ է ասել, որ հանգստի տրամադրություններս հիմնովին փչացավ ու բռնեցինք տունդարձի ճամփան: Երբ նստեցինք մեքենա, հապշտապ մոտեցավ միջին տարիքի մի մարդ՝ կրծքին ինքնությունը հաստատող «բաջ»-ով ու պահանջեց կայանման վճարը: Ի՞նչ վճար, այգին կայանատեղի՞ է դարձել հարցիս պատասխանեց, թե «Փողս տուր, գնա ում ուզում ես բողոքիր» ու վերցրեց 200 դրամանոցը: Հիմա ես բողոքս ուղղում եմ Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի ենթակայությանն է զինվորական թանգարանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանին, «Հաղթանակ» զբոսայգու տնօրինությանը. պարոնա՛յք, ո՞վ է ձեզ թույլ տվել պղծելու մեր հայրերի ու պապերի հիշատակը՝ Անհայտ զինվորի հուշարձանը, մեծն Ռաֆայել Իսրայելյանի հոյակերտ «մոնումենտը» դարձնելով փող աշխատելու միջոց, ո՞վ է թույլ տվել խանգարելու մեկ-երկու ժամով հանգստի եկած մարդկանց անդորրը: Պիտի մնա՞, վերջապես, որեւէ սրբություն, թե՞ ամենազոր «կանաչը» կուրացրել է բոլորիդ, դարձրել դրամի գերի: ՌՈՒԲԵՆ ԶԱՔԱՐՅԱՆՆորքի I զանգվածի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել