Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգալից

Մայիս 07,2005 00:00

Հարգալից եղեք մեր զինանշանի հանդեպ Եվ այն մի՛ օգտագործեք իբրեւ «լոգո» Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում լրագրողներին եւ այցելուներին են բաժանում մի գրքույկ՝ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան» վերնագրով, որտեղ տեղեկություններ են պաշտպանի ու նրա լիազորությունների մասին, բացատրված է, թե ո՛վ, ե՛րբ ու ինչպե՛ս կարող է դիմել պաշտպանին, ինչպես է քննարկվում բողոքը եւ այլն: Վերջին էջում մանրամասն գրված է, թե այդ տասը էջանոց գրքույկն ում աջակցությամբ է տպագրվել. «Գրքույկը հրատարակվել է «Հայաստանում մարդու իրավունքների խթանման եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման ծրագրի» աջակցությամբ»: Այնուհետեւ ասվում է, որ վերոհիշյալ երկարաշունչ անվանմամբ ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Վերջում էլ նշվում է, թե ֆինանսական աջակցություն է ցույց տալիս Նիդեռլանդների զարգացման ծրագրերի հարցերով նախարարը: Իհարկե, ընդունված պրակտիկա է, երբ նշվում է այս կամ այն ձեռնարկի՝ միջոցառման, ծրագրի կամ հրատարակության հովանավորի անունը: Բոլոր միջազգային կազմակերպություններն անպայման նշում են իրենց անունները՝ աջակցություն ցուցաբերելու փաստն ապացուցելու կամ գուցե իրենց ֆինանսական հովանավորներին հաշվետու լինելու համար: Այստեղ արտառոցն այլ բան է: Այս գրքույկի մանրամասն ու շատ «ինֆորմատիվ» տեքստից բացի, տեղադրված են Նիդեռլանդների պետական զինանշանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդանիշը եւ վերջում՝ նաեւ Հայաստանի պետական զինանշանը: Այն, որ միջազգային կազմակերպությունը տպում է իր, այսպես կոչված, «լոգոն»՝ հասկանալի է, բայց ի՞նչ կապ ունեն պետական զինանշանները: Հարց է, արդյոք Նիդեռլանդների զարգացման ծրագրի հարցերով նախարարի պահա՞նջն է անպայման իր երկրի պետական զինանշանը տպել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող մի փոքրիկ գրքույկում: Համոզված չենք: Սակայն դա իրենց խնդիրն է. բայց արդյոք կարելի՞ է ամեն առիթով օգտագործել ՀՀ պետական զինանշանը: Գուցե ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը ՀՀ պետական զինանշանը դիտարկել է որպես Ազգային ժողովի «լոգո՞» եւ տեղադրել իր լոգոյի կողքին: Հանրապետության պետական զինանշանը միշտ փակցվում է պետական կառույցների ճակատին, օգտագործվում միմիայն պետական հաստատությունների կողմից: Ուստի՝ պետք է ավելի հարգալից լինել մեր պետական խորհրդանիշների՝ զինանշանի եւ դրոշի հանդեպ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել