Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ

Մայիս 07,2005 00:00

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ Զորահանդես Ստեփանակերտում Աստծո նախախնամությամբ, թե մարդկանց կամոք, չգիտեմ, բայց երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը համընկավ մեր ազգային հաղթանակի՝ Շուշիի ազատագրման օրվա հետ: Ու թերեւս հայտնի չէ, կնշվեր այսքան շուքով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակը, եթե չլիներ մեր համեստ տարելիցը՝ Շուշիի ազատագրման երրորդ գարունը: Եթե չլիներ մեր բանակի հաղթական երթի սկիզբը, մեր ազգային հպարտության սկիզբը՝ 1992-ի մայիսի 9-ը: Երեք տարի անց, 1995-ի մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր մայրաքաղաքով, շրջկենտրոններով ու գյուղերով, իր վիշտ ու արհավիրք ապրած, բայց ամուր, անպարտ ու համառ ժողովրդով տոնում է մեր բոլորի հպարտության տոնը՝ Շուշիի ազատագրման տարելիցը: Կենտրոնական տրիբունա են բարձրանում ԼՂՀ ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը, անվտանգության խորհրդի անդամները, Հայաստանի պետնախարար Վազգեն Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը: Զորահանդեսի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Սեյրան Օհանյանը զեկուցում է պաշտպանության նախարար, զորահանդեսն ընդունող գեներալ-մայոր Սամվել Բաբայանին. «Պարոն գեներալ, ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ի նշանավորումն Մեծ հայրենականում տարած հաղթանակի 50-ամյակի եւ Շուշիի ազատագրման 3-րդ տարելիցի, շարված են»: Հնչում է զինվորական քայլերգը եւ ԼՂՀ պաշտպանության նախարարը մեքենայով անցնում է հրապարակով, ողջունում զինվորներին եւ շնորհավորում նրանց՝ նշանակալից երկու տարեդարձերի կապակցությամբ: Մինչ գեներալ-մայոր Սամվել Բաբայանը անցնում է շարքերով, եւ զինվորական ողջույնը երկինք է բարձրանում, խնդրում եմ իրենց տպավորությունները կիսել Հայաստանից ժամանած հյուրերին. Արա Սահակյան, ՀՀ ԳԽ առաջին փոխնախագահ.- Հրաշալի տոն է: Ճիշտ է, որ Ղարաբաղում մայիսի 9-ի տոնը հատուկ է նշվում, որովհետեւ բազմիցս ասվել է, որ երկրորդ աշխարհամարտում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր նշանակալի ներդրումն էր ունեցել՝ մեծագույն զոհողությունների գնով: Սովետական Միության հերոսների եւ «Մարտական փառք» շքանշանի ասպետների շարքում Լեռնային Ղարաբաղի զավակները փառավոր տեղ ունեն: Այս տոնը համընկնում է Շուշիի ազատագրման երրորդ տարելիցի հետ եւ այս առումով Ղարաբաղի ժողովրդի համար կրկնակի տոն է, որովհետեւ 1992-ի մայիսը ԼՂՀ մայրաքաղաքի, Ղարաբաղի կենտրոնական շրջանի ազատագրման սկիզբը դրեց, որը ավարտվեց Հայաստանի Հանրապետության հետ նրա փաստական միացմամբ, Լաչինի միջանցքի ազատագրումով: Եթե Սովետական Միության ժողովրդի պատմության մեջ նշվում է մայիսի 9-ը, ապա Լեռնային Ղարաբաղում այն նոր բովանդակություն է ստանում: Մայիսի 9-ը Ղարաբաղի հաղթանակի տոնն է, շնորհավորում եմ բոլորին: Երջանկություն եւ հաջողություն եմ մաղթում: Շահեն Կարամանուկյան, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար.- Ցնցված եմ այս ամենով, սքանչելի տոն է, հրաշալի կազմակերպված զորահանդես: Փառք ու պատիվ Ղարաբաղի բանակին, նրա հրամանատարներին եւ զինվորներին: Սմբատ Այվազյան, ՀՀ ԳԽ պատգամավոր.- Ցնցված եմ տեսնելով, որ ԼՂՀ բանակը կայացել է: Ղարաբաղի բանակն այսօր, առանց կասկածի, կարելի է համեմատել լավագույն ժամանակների սովետական բանակի հետ: Վստահ եմ, Ղարաբաղի պաշտպանությունը ամուր ձեռքերում է եւ այս զորահանդեսը դրա փայլուն ապացույցն է: Նազիկ Ամիրյան, ԼՂՀ բանակի մայոր.- Շնորհավորում եմ բոլոր զինվորներին, հրամանատարներին այս օրվա առթիվ: Վերջին տարիների ընթացքում սա եզակի տոն է: 1992-ի մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրումը սկիզբն էր մեր հետագա բոլոր հաղթանակների: Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյան.- Կրկնակի, եզակի տոն է մեզ համար: Շուշիի հաղթանակով մենք երկրորդ եղեռնից խուսափեցինք: Հազար անգամ փառք Աստծուն, որ մեր ժողովրդին այսպիսի հաղթանակների է արժանացրել: Վազգեն Սարգսյան, ՀՀ պետնախարար.- Դառնության եւ ուրախության բազմաթիվ օրեր եմ հիշում՝ մեկը մյուսին հաջորդող: Պատերազմն այդպիսի բան է: Բայց կարեւորը վերջնական արդյունքն է: Զորահանդեսը շատ գեղեցիկ էր: Ղարաբաղցիները ինչպես որ կռվում էին, այդպես էլ տոնեցին իրենց հաղթանակը: Վերջնական արդյունքը այն կլինի, որ թշնամին ստորագրի իր կապիտուլյացիան եւ դրանով խաղաղություն հաստատվի: Զորահանդեսները, շքերթները շատ կարեւոր եմ համարում, շատ ճիշտ՝ զինվորների, ազգի, բանակի ոգին բարձրացնելու համար: Բայց որպեսզի շքերթներին հատկացված ժամանակները հետո դառնությամբ չհիշենք, պիտի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ ուժեղացնենք բանակի մարտական պատրաստվածությունը: Կրկնում եմ՝ վերջնական հաղթանակին հասնելու համար դեռեւս քայլեր կան, որոնք պետք է ազգովին անենք: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ«Հայք», 11 մայիսի 1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել