Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԿՐԿԻՆ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Մայիս 07,2005 00:00

ՍԴ-Ն ԿՐԿԻՆ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Երեկ Սահմանադրական դատարանը որոշեց բավարարել Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ ՀՀ նախագահը դիմել էր ՍԴ՝ առաջարկելով քննել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի որոշ դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Դրանց հիման վրա օմբուդսմենը իրավունք ուներ դատարաններից տեղեկություններ պահանջելու եւ առաջարկություններ ներկայացնելու։ ՀՀ նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պնդում էր, որ օմբուդսմենին տրված այդ իրավասությունները հակասում են Սահմանադրությամբ ամրագրված՝ դատարանների անկախության եւ դատարան դիմողների իրավահավասարության սկզբունքներին։ Ըստ Դ. Հարությունյանի, «Ցանկացած պետական մարմին, այսօրվա դրությամբ, կարող է ազդել դատարանի վրա, իսկ օմբուդսմենը պետական մարմին է, հետեւաբար՝ նրա առաջարկները կարող են դիտվել որպես ճնշում»։ Պատասխանող կողմի՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հակափաստարկն այն էր, որ օրենքը ընդունվել է կառավարության հեղինակած օրինագծի հիման վրա, եւ ԱԺ-ում կայացած քննարկումների ընթացքում էլ կառավարությունը առարկություններ չի ունեցել։ Հրավիրյալի կարգավիճակով ՍԴ-ում գտնվող օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ մեր դատական համակարգը կախված է գործադիրից եւ իր առաջարկություններով ինքն օգնում է դատարաններին՝ ձերբազատվել այդ կախվածությունից. «Դատավորների ամեն քայլափոխի վրա արդարադատության նախարարն ու երկրի նախագահը ունեն որոշիչ դերակատարություն»։ Ավելին՝ տիկին Ալավերդյանը նիստի ընդմիջմանը լրագրողներին ասաց, որ ինքը շնորհակալություններ է ստանում դատավորներից. «Բայց քանի որ այն շնորհակալագրերը, որ ստացել ենք, վկայում են այն մասին, որ իրենք համաձայն չեն այն պետական պաշտոնյայի հետ, որ այսօր ելույթ ունեցավ (խոսքը Դավիթ Հարությունյանի մասին է.- Մ. Բ.), դրանք թաքուն պետք է մնան»: Այնուհանդերձ, տիկին Ալավերդյանը հայտարարեց, որ ինքը «ոչ մի խնդիր չի տեսնում», եթե ՍԴ-ի վճռով օրենքի վիճարկելի դրույթները հանվեն. «Ես ունեմ այլ մեթոդներ իմ գործունեությունը շարունակելու եւ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»։ Եվ թեեւ ինքը ՍԴ-ի նմանատիպ վճիռը կհամարի իր նկատմամբ «ճնշման փորձ», այնուամենայնիվ, վստահ է, որ Ռ. Քոչարյանը չի զանգել եւ հրահանգել Գ. Հարությունյանին, թե ինչ վճիռ կայացնի ՍԴ-ն։ Իսկ ՍԴ-ն, բնականաբար, որոշեց, որ նախագահը ճիշտ է եւ օրենքում նշված դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությանը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել