Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 07,2005 00:00

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍՏՈՒԳԵԼ «27»-ի ոճրագործությանը Ռուսաստանի «ԳՌՈՒ»-ի մասնակցության մասին այդ կարծիքի են ընդդիմադիրները, չբացառելով, սակայն, որ դա ադրբեջանական սադրանք է: Ս/թ ապրիլի 30-ի համարում «Ազգ» օրաթերթը վկայակոչելով «Իրական Ադրբեջան» էլեկտրոնային թերթին՝ գրել էր, թե Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստարան գտած ՌԴ անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն հայտարարել է, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ի Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր ռուսական ռազմական հետախուզությունը՝ ԳՌՈւ-ն: «Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999 թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսք էր գնում Ստամբուլի ԵԱՀԿ գագաթաժողովում նախագահներ Հ. Ալիեւի եւ Ռ. Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր Ռուսաստանի վերահսկողությունից դուրս, ինչը եւ դրդեց ռուսական հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում»,- «Ազգ» օրաթերթի փոխանցմամբ՝ ասել էր Լիտվինենկոն: Հարկ է, թերեւս, հիշեցնել, որ առաջինը, ով ակնարկեց ՀՀ ԱԺ-ում իրականացված ոճիրի մեջ երրորդ երկրի հետքի գոյությունը՝ նույնն ինքը ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինն էր, որը զոհերի հոգեհանգստին մասնակցելու համար Երեւան այցելելով հայտարարեց, թե «27»-ի զոհ դարձան Ռուսաստանի բարեկամները եւ այդ ակտն ուղղված էր Ռուսաստանի դեմ: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե բացի «Հանրապետություն» կուսակցության հաղորդագրությունից (որը հրապարակվել է մեր թերթում), այդ կուսակցությունը ու նրա նախագահ, «27»-ի զոհ դարձած նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանը արդյոք փորձե՞լ են դիմել ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն՝ այս սենսացիոն հայտարարության առնչությամբ պարզաբանելու խնդրելու համար: Կուսակցության քաղխորհրդի անդամ եւ մամլո քարտուղար Սուրեն Սուրենյանցը ի պատասխան ասաց, թե իրենք դեսպանատանն այդ հարցով չեն դիմել եւ հավելեց. «Դիմելու անհրաժեշտություն էլ չունենք: Իսկ ինչ վերաբերում է «27»-ի համատեքստում այլ երկրի մասնակցության վարկածին, ապա՝ մենք որեւէ վարկած չենք բացառում»: Հիշեցնենք, որ մասնավորապես ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն առայժմ որեւէ կերպ չի արձագանքել այդ հրապարակմանը: Ս. Սուրենյանցի կարծիքով, դա դեսպանատան խնդիրն է: Ինչ վերաբերում է ոճրագործության զոհ դարձած ՀՀ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի հիմնադրած եւ գլխավորած ՀԺԿ-ի դիրքորոշմանն այս առնչությամբ, ապա՝ կուսակցության մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց, թե հրապարակումը եղել է այն ժամանակ երբ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն արդեն Հայաստանում չէր, ուստի՝ կուսակցությունը որեւէ կերպ առայժմ չի արձագանքել դրան: Ռ. Խաչատրյանը միաժամանակ չբացառեց, որ պարոն Դեմիրճյանի վերադառնալուց հետո հնարավոր է, որ կուսակցությունն, այնուամենայնիվ, փորձի պարզաբանումներ ստանալ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից: ՀԺԿ մամլո խոսնակը նաեւ հավելեց, թե ՌԴ քաղաքացու «հայտարարությունը լուրջ է եւ, բնականաբար, անուշադրության մատնել չի կարելի: Պարզաբանումներ այդ առնչությամբ պետք է տրվեն, թեեւ նկատի ունենալով այն, որ տեղեկատվության աղբյուրն ադրբեջանական է, չի բացառվում, որ դա կարող է սադրանք լինել»: Մեզ հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր, «27»-ի քրգործով տուժող Վիկտոր Դալլաքյանն էլ կրկնեց իր այն համոզմունքը, թե՝ «27»-ը քաղաքական, կազմակերպված ահաբեկչություն էր, որն ուներ ինչպես «ներսի», այնպես էլ՝ «դրսի» կազմակերպիչներ: «Հրապարակված այդ տեղեկությունը կարելի է գնահատել որպես նոր երեւան եկած հանգամանք, եւ դատախազությունը պարտավոր է դրա հետ կապված քայլեր իրականացնել»,- ասաց պատգամավորը՝ ենթադրելով, որ եւ բարոյական, եւ քաղաքական տեսանկյունից ճիշտ կլիներ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը որեւէ կերպ արձագանքած լիներ այդ տեղեկատվությանը, առավել եւս, որ «մենք համարվում ենք ՌԴ ռազմավարական դաշնակիցը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել