ԴՈԼԱՐԻ ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ Խորհրդարանական ուժերը ենթադրություններ են անում, թե որն է դոլարի փոխարժեքի նման կտրուկ վայրիվերումների պատճառը: Սակայն առավել հաճախ հնչում էր «սպեկուլյատիվ գործընթացներ» արտահայտությունը: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ ճեպազրույցում այս առնչությամբ ներկայացրեց որոշ թվեր. «10 ամսվա ընթացքում դրամի փոխարժեքը 565-ից նվազել էր 430-ի: Այսինքն՝ մարդիկ օրական ստանում էին մոտավորապես 900 հազար դոլարի ստվերային եկամուտ: Եթե բազմապատկենք 30 օրով եւ 10 ամսով՝ կստանանք մոտ 270 մլն դոլար: Այսինքն՝ այդքան գումար գողացել են ժողովրդից: Իսկ այժմ կատարվում է հակառակ «կոմբինացիան»՝ արդեն ձեռք բերված դոլարները վերածվելու են դրամի: Այսինքն՝ դոլարի ցանկացա՛ծ տատանման պարագայում շահում է գործող խունտան»: Իսկ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանն անկեղծորեն խոստովանեց, թե չի հասկանում՝ ինչ է կատարվում. «Քիչ է հասկանում նաեւ ժողովուրդը եւ կասկածում է: Ես էլ ինչ-որ չափի կասկածներ ունեմ»: Սակայն երբ նրան խնդրեցինք մանրամասնել, թե ի՞նչ բնույթի են իր կասկածները՝ արդյոք դոլարի նման տատանումները սպեկուլյատիվ ինչ-ինչ գործընթացների հետեւանք են, պրն Սահակյանը ձեռնպահ մնաց իր ենթադրությունները բացահայտելուց: Ավելի ստույգ՝ այսպես պատասխանեց. «Երբ թվերը նայում եմ՝ համոզվում եմ, որ ոչինչ էլ չկա: Բայց քանի որ կապված է բոլորի գրպանների հետ՝ ուզում եմ նաեւ կասկածել»: Իշխող կոալիցիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը պակաս տարակուսած չէր. «Բավականին բարդ հարց է: Եվ իմ անձնական տեսակետն է, որ այսուհանդերձ, շուկայում ընթանում են սպեկուլյատիվ գործընթացներ»: Սակայն նաեւ մեջբերեց տնտեսագետների մի խմբի կարծիքը, թե այս գործընթացը բնականոն է ու «միջազգային գործընթացների անդրադարձ», եւ նրանց հակադարձողների տեսակետը, թե «կարելի է ավելի կառավարելի դարձնել եւ այնպես անել, որ բնակչության սոցիալական լայն շերտերը չվնասվեն այս գործընթացից»: Լեւոն Մկրտչյանի համար միանշանակ է, թե «այս կտրուկ տատանումները մեծացնում են հասարակության մեջ անվստահությունն ընդհանրապես տնտեսական իրավիճակի նկատմամբ եւ առաջացնում անկայունության զգացում, որը բացասաբար է անդրադառնում ե՛ւ մարդկանց ընտանեկան բյուջեների, ե՛ւ պետության մեջ հասարակական որոշակի խավերի ու շերտերի վստահ զգալու գործընթացի վրա: Եվ սա անմիջապես պետք է մտահոգի կառավարությանն ու Կենտրոնական բանկին»: Հարցին ի պատասխան, թե արդյոք ԿԲ-ն վերահսկո՞ւմ է իրավիճակը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. «Իրենց պնդումներով՝ տիրապետում են իրավիճակին, եւ գործընթացները գտնվում են այն մակարդակի վրա, որ վտանգ չեն ներկայացնում տնտեսական, ֆինանսական առումով: Բանկային համակարգը թերեւս նույնպես կայուն վիճակում է: Բայց կրկնում եմ՝ հաշվի չենք առնում, որ հասարակության մեջ այս ամենն առաջացնում են անվստահության շատ վտանգավոր տրամադրություններ, որոնք կարող են աստիճանաբար «ձնագնդի» էֆեկտով աճել, եւ դա արդեն չի նպաստի կայունության քաղաքականությանը»: «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց. «Իսկապես, պետք է պարզվի՝ դրամի եւ դոլարի փոխարժեքի այս կտրուկ տատանումներն ինչով են պայմանավորված: Սա լուրջ ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա: Պիտի հասկանանք ու պարզենք՝ սա սպեկուլյացիաների՞ արդյունք է, ինչ-որ խմբեր այստեղ շահե՞ր ունեն, թե՞ օբյեկտիվ գործընթաց է»: Նա կարեւորեց, որ այս հարցերի շուրջ քննարկումներ լինեն Ազգային ժողովում՝ ԿԲ ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը որոշակիացրեց, թե ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է կազմակերպի լսումներ. «Քանի որ մեզ համար նույնպես տարօրինակ են նմանատիպ անկումները եւ բարձրացումները»: Այս մասին երեկ հայտնեց նաեւ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը, որ խորհրդակցել է խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ եւ որոշել են, թե պիտի պահանջեն լսումներ կազմակերպել, որտեղ փորձեն հասկանալ՝ Կենտրոնական բանկը եւ երկրի ֆինանսական քաղաքականությունն իրականացնող այլ կառույցներն ի՞նչ խնդիրներ ունեն. «Եվ ընդհանրապես՝ պետությունը խնդիր ունի՞, թե՞ ոչ: Թե՞ այս ամենը պիտի թողնեն ինքնահոսի եւ մի զգալի հատված դառնա, ինչպես երեւում է՝ որոշ մարդկանց ֆինանսական խաղերին ու ճամարտակություններին գերի»: Մինչ լսումները այդ մարդկանց անունները տալ նա հրաժարվեց՝ դարձյալ շեշտելով, թե «երեւի որոշ մարդիկ ջուրը պղտորելով ձուկ են որսում»: Թերեւս լռության պատճառը նաեւ այն էր, որ խորհրդարանում իր գործընկերներն են այն ներկրողները, որոնք հրապարակավ են խոստովանել, թե դոլարի այս տատանումներից ստացել են գերշահույթներ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ