Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Բաղրամյանի լուսանկարը

Մայիս 07,2005 00:00

Այգեպան Մարգարը անկողին ընկավ… Աշխարհի ծայր Վլադիվոստոկից թռավ, հասավ գնդապետ Հովհաննես որդին… Տեղ հասած խորհրդավոր երկտող-հեռագիրը ոտքի էր հանել զինվորական մարդուն եւ, դեռեւս աղվամազիկներով՝ պատանյակ երկվորյակ տղաներին… Անաստասյա ծանրաքաշ զոքանչը վախեցրել էր սիրեցյալ փեսային. պետք է շտապել, ով գիտե, գուցե ամեն ինչ այնտեղ վերջացել է, որ այս տեսակ հեռագիր են ուղարկել. «Մարգար հայրիկը ծանր վիրահատություն տարավ, ինքնաթիռ նստե՛ք, հասեք…»: Էլ ուրիշ ի՞նչ կերպ են գրում արդեն մահացածի մասին… Տեսնելով հորը անկողնում՝ գլուխը հսկա բարձերի վրա, գնդապետ Հովհաննեսը նախ շփոթվեց, զգուշորեն աջ ու ձախ տնտղեց հավաքվածներին, ապա՝ ուրախական քրքիջ արձակելով սենյակով մեկ՝ հասավ, կրծքին առավ ծերացած մորը.

– Մեզ հո՞ վախեցրիք, ա՜յ Անուշ մերիկ…

Ազգանուշ մայրիկը խեթ-խեթ հայացք ձգեց Մարգարի կողմը, հասավ, թոռներից լիքը ու տաք նոր կարոտներ առավ, բարեհոգի դարձավ որդուն.

– Քո հերը էս մեր հալիվորների հիվանդն է, էս ծուռ-անհավատ հալիվորների՜… Ջղայինացնում են թե չէ, էսպես գալիս խռով-խռով երեխու պես պառկում է ու «հիվանդանում»:

Մարգարի գլխավերեւում սպասող հարեւան երեք-չորս ծերունիները իրար անցան, ձեռքերով հասկացրին Ազգանուշին, որ հարկավոր չէ «սեւ ամպերը» իրարով տալ, Մարգարը հազիվ խաղաղվել է…

– Ճիշտ չեմ ասո՞ւմ,- դարձավ Ազգանուշ մայրիկը հալիվորներին,- ի՞նչ եք խեղճ Մարգարի դեմ կռիվ տալի, որ ասում է մարդը, հավատացեք: Հենց ինքը՝ զորավարն է նրան էդ ազգանունը տվել՝ Բաղրամյան, 18 թվին, Սարդարապատի մեջ, հետն էլ ասել, դե, որ որբ տղա ես, Մարգար, մի մատ երեխա, չգիտես, չես հիշում ազգանունդ, ուրեմն՝ սրանից հետո իմ փոքր ախպերը կլինես եւ իմ ազգանունը կդնես վրադ՝ Բաղրամյան…

«Մարգարի նման այգի՝ մեկ էլ հենց ինքը՝ Մարգարն ունի»,- ասում են գյուղում: Դրախտի մեջ թերություն կգտնվի, սակայն Մարգարի ճոխ ու կանաչահոտ պարտեզում՝ չես գտնի… Բայց մի օր Մարգարը գտավ, որ հարկավոր է մի քանի նոր տնկիներ շարել հեռու պատերի տակ: Հենց այդ օրն էլ, հարեւան Միսակ-հալիվորը կվկայի, որ Մարգարը «քամու տակ» ընկավ, հիվանդացավ, պառկեց եւ Ազգանուշ կնոջը պատվիրեց՝ հեռագրել գնդապետ Հովհաննես որդուն…

– Գիտես, ինչո՞ւ էս տեսակ հարայ-հրոց գցեցի,- արդարացավ Մարգարը եւ պատմեց Հովհաննես որդուն,- լսեցի՝ զորավարը Երեւան է իջել, գալու է Սարդարապատ… Քեզ՝ գնդապետական էդ շորերիդ մեջ՝ պիտի տանեմ զորավար Բաղրամյանի մոտ, ասեմ՝ էս էլ իմ Հովհաննես Մարգարի Բաղրամյան-որդին է, մեծ Զորավար… Հո՞ էս մեր գյուղի չտես հալիվորները էդտեղ կլինեն, իրենց քոռ ու ցամաք աչքերով կտեսնեն, թե մեծ Զորավարը ո՜նց է ինձ ճանաչում ու պատիվ տալիս, իր թեւի մոտ մեզ՝ երկուսիս կանգնեցնում՝ լուսանկարվելու համար…

Զորավարը, իսկապես, Սարդարապատ այցելեց… Այդ առավոտ Մարգարը հագավ զինվորի իր հին շորերը, որ խնամքով դեռ պահպանում էր պահարանում, գոտին պնդացրեց մեջքին, գլխին առավ անսովոր, հին կեպին, հերոսաձայն հասավ բակերից դուրս քաշեց ծանոթ, հին հալիվորներին… Ասեղ գցելու տեղ չկա Սարդարապատի հրապարակում… Զորավարը երեւաց, միանգամից լցվեց շրջապատը… Նայեց ամեն կողմ, հին-հին օրերից ծանոթներ գտավ, ճանաչեց Մարգարին… Այսօր Մարգարի շեն տան ընդարձակ պատին՝ ընդարձակ գորգի վրա՝ նայում է բրոնզագույն շրջանակով մի թանկ լուսանկար. Մարշալ Հովհաննես Բաղրամյանի կողքին՝ այգեպան մեր Մարգարն է՝ որդու՝ գնդապետ Հովհաննեսի հետ՝ ձիգ կանգնած ու լուսավորված…

Գյուղի հալիվորները վերջնականապես սսկվեցին, խոնարհ եղան…

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել